Ամոթ է` նման մարդը չի կարող Երևանի պես քաղաք ղեկավարել

Ամոթ է` նման մարդը չի կարող Երևանի պես քաղաք ղեկավարել

Երեւանի 2800-ամյակի առթիվ բացվեց մի գեղեցիկ այգի, բացումը կատարեց մեր ժպտերես, երջանիկ քաղաքապետը՝ բարերարների հետ միասին։ Նա այնպիսի հպարտությամբ ու ցնծությամբ կտրեց ժապավենը, որ կարծես ինքն էր դրա հեղինակը։ Ցավով պետք է նշեմ, որ նա մինչեւ հիմա բացարձակ ոչինչ չի արել, եւ հույս էլ չունենք, որ կհաջողվի նրան մեր քաղաքի բազում հոգսերը կրճատել եւ մի շոշափելի բան անել։ Ամեն տարի քաղաքը հեղեղված էր բազմերանգ ծաղիկներով, աչք շոյող գազոններ, ծառուղիներ, մինչեւ ուշ աշուն բուրում էր մեր քաղաքը։ Նորանշանակ քաղաքապետը (Նիկոլի ընտրությամբ) գտավ, որ ծաղիկ տնկելու հարցում մեզանում նախկինում կոռուպցիա է եղել, եւ որոշեց, որ կոռուպցիոն ծաղիկները մեզ պետք չեն, քաղաքի կախված զամբյուղներն անգամ մնացին որպես դատարկ ճոճվող երկար շրջանակներ։

Օրինակները բազմաթիվ են, թեկուզ քաղաքապետարանի տարածքը՝ անխնամ, անմշակ, անշուք վիճակում։ Երբեմն-երբեմն պայքարում են խոտի հետ աճած դեղին խատուտիկների դեմ։ Պայքար է գնում նաեւ «Սանիթեքի» դեմ՝ միլիոնների հասնող տուգանքներ, այլ պատժամիջոցներ են կիրառում։ Ոչ մի «Սանիթեք» չի կարող կատարյալ մաքրություն ստեղծել նման բազմաթիվ թերություններով քաղաքում՝ դրան գումարած մեկ միլիոնին մոտ փնթի ու անփույթ քաղաքացիների պարագայում։ Լավ, «Սանիթեքը» լավ չի աշխատում, բա քաղաքապետարա՞նն ինչ է անում մեր քաղաքի բարեկարգ տեսքի համար։

Պարոն քաղաքապետ, Նիկոլն ասում էր, որ Դուք եվրոպաներում ապրած, տներ եւ այլ ունեցվածք ունեցող եք, այն էլ՝ Չեխիայի նման հրաշալի երկրում։ Դուք փողոց դուրս եկեք, քայլեք, նայեք, թե Ձեր շրջապատում ինչ է կատարվում։ Երեւանի շենքերի պատերը, սյուները, ծառերը, շքամուտքերի դռները, գետնանցումները՝ ամենը հեղեղված է հայտարարություններով՝ բանկերի վարկերի, ուղեւորությունների, տների առքուվաճառքի մասին։ Կեղտոտ թղթեր, լուսանկարներ, հայտարարությունների տակ նշված հեռախոսահամարներ․ մի՞թե հնարավոր չէ, որ միլիոններ ստացող, անգործունյա, անպատասխանատու Ձեր աշխատակիցները զբաղվեն դրանով, քաղաքը մաքրեն այդ աղբից։

Եթե չանեն, տուգանեք, ինչպես «Սանիթեքին» արեցիք։ Նախկին քաղաքապետերը շենքերը լվանում էին, ներկում։ Լվանում էին նաեւ արձանները, մտածում էին քաղաքի տեսքի ու գեղեցկության մասին։ Ուրախ-ուրախ այդ ժապավենը կտրում էիք, բա մի հատ էլ կողքի այգին մտնեիք․ արդեն քանի տարի է՝ շենք ու շինություններ են կառուցում կտրվող ծառերի, կանաչի հաշվին։ Ամբողջ այգին աղբի մեջ կորած է, չես հասկանում՝ այգում ինչո՞ւ պետք է 2-3 հարկանի շինություններ կառուցվեն, նախկին թվարկությունից մնացած կարուսելների կմախքներ լինեն։ Վարդանյանները համեստ ու աշխատասեր մարդիկ են․ նրանք շատ բան են արել այս երկրի համար եւ դեռ անելու են, բա Դուք ի՞նչ եք արել կամ ի՞նչ կարող եք անել, բացի ձեր աշխատավարձերը բարձրացնելուց, եւ դեռ հայտարարում եք, որ 500 հազար դրամ ստացող աշխատակիցը չի կարողանում իր երեխայի համար կոշիկ առնել, ուշքն ու միտքն աղքատ ընտանիքն է, դրա համար էլ չի կարողանում կենտրոնանալ, լավ աշխատել։ 

Ամոթ է՝ այդ դատողությամբ մարդը չի կարող Երեւանի նման քաղաք ղեկավարել։ Բա ո՞ւր մնացին ձեր հեղափոխությունը, ձեր նվիրվածությունը, չէ՞ որ դուք եկաք փոխարինելու նախկին կոռուպցիային, հղփացած իշխանավորներին։ Շատ վատ վիճակում է քաղաքի այսօրվա տեսքը։ Եվրոպայից ժամանածի աչքով նայեք մեր մայրաքաղաքին։ Կարգի բերեք քաղաքը, օրակարգ, ժամանակացույց ունեցեք եւ Ձեր հազարավոր աշխատակիցներին կարողացեք աշխատեցնել։ Եթե ոչ՝ ո՞ւմ է պետք այդ քաղաքապետարանը, բացի ահռելի գումարների մսխումից։

Օլյա ԳՐԻԳՈՐՅԱՆ