Եվրոպական հանձնաժողովը դադարել է աշխատել հայերի հետ

Եվրոպական հանձնաժողովը դադարել է աշխատել հայերի հետ

Ուշադիր հետեւելով Եվրոպայի միության հաստատություններից մեկի՝ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրություններին, նկատել ենք, որ երկու տարուց ավելի է, ինչ այս կազմակերպությունը Հայաստանի ՀԿ-ների համար այլեւս մարդու իրավունքների գծով դրամաշնորհների մրցույթներ չի հայտարարում եւ գրանտներ չի տրամադրում հայկական կազմակերպություններին։ Տարեկան Եվրոպայի միությունը միլիարդների հասնող նվիրատվություններ է բաժանում աշխարհի տարբեր պետություններում, որոնց բաշխումն իրականացնում է ԵՄ բարձրագույն գործադիր մարմինը։ 
ՀԿ-ները, որոնք նախորդ տարիներին ակտիվորեն աշխատել են Եվրահանձնաժողովի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների զարգացմանը միտված ծրագրերի շրջանակում, նոր հայտարարությունների են սպասում, որոնք չկան ու չկան։

Վերջինը եղել է մոտ երեք տարի առաջ։ ԵՄ ֆեյսբուքյան էջին այս կազմակերպության վերջին գրառումը եղել է 2015 թվականի ապրիլի 28-ին։ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ հավելյալ 295 միլիոն եվրո է ներդնում «Հարեւանության ներդրումային գործիքի» միջոցով։ 2012-2015 թվականներին էլ «Հավասար իրավունքներ եւ հնարավորություններ» նախագծի շրջանակներում Եվրահանձնաժողովը 525 հազար եվրոյի գրանտներ է բաժանել կանանց դերը ժողովրդավարության մեջ բարձրացնող ՀԿ-ներին։ 

Այս տեւական դադարը հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչները հակված են բացատրել Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարների հափշտակություններով, որոնց շուրջ 2016 թվականին քրեական գործ հարուցվեց։ Այդ ժամանակ կալանավորվեցին եւ դատապարտվեցին ԵՄ գրասենյակի աշխատակիցներ ու ՀԿ-ների ղեկավարներ։ Քրեական սկանդալից հետո պատվիրակության գրասենյակն ամբողջությամբ փոխեց կազմը, ազատվեց տեղացիներից։ Այժմ գրասենյակի աշխատակիցները արտասահմանցիներ են, բացառությամբ մամուլի պատասխանատուի։ Բայց հայաստանյան ՀԿ-ների հետ համագործակցությունը Եվրահանձնաժողովը պասիվացրել էր մինչեւ քրեական գործի հարուցումը։ Այդ դեպքում՝ պատճառը ոչ թե վստահության կորուստն է, այլ, գուցե, քաղաքակա՞ն։ 

«Ո՞րն է Հայաստանի ՀԿ-ների հետ մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը դադարեցնելու պատճառը։ Հնարավո՞ր է, որ դա կապված է հայտնի քրեական գործի հետ»,- գրավոր հարցեր էինք ուղղել ԵՄ հանձնակատար Պյոտր Սվիտալսկուն։ Նրա գրասենյակից պատասխանել էին, որ 15 օրում կբավարարեն մեր հետաքրքրությունը, սակայն այդպես էլ պատասխան չստացանք։ Առհասարակ, այս գրասենյակի հետ կարճ շփումից տպավորություն ստացանք, որ այն անգործության է մատնված։ Աշխատակիցներն իրենց սենյակներում չեն, ներքին հեռախոսահամարներին չեն պատասխանում, եւ բոլոր զանգերին պատասխանում է նույն կանացի ձայնը։ 

Սյուզան