1920 թ․դեկտեմբերի 2՝ Հայաստանի խորհրդայնացման օր

1920 թ․դեկտեմբերի 2՝ Հայաստանի խորհրդայնացման օր

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Բոլշևիկյան Ռուսաստանի և Հայաստանի Առաջին Հանրապետության միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանը հայտարարվեց անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։ Նույն օրը Վլադիմիր Լենինը ողջույնի հեռագիր է հղում Հայաստանի Ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առթիվ։

Ինչպես գիտենք պատմությունից՝  սրա համար ստեղծվել էին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ նախապայմաններ։ 1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացել էր։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացել էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիճակը, բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացավ  հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշներ։

Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։ Նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության րաժարականը։

Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակ զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր:

Նշենք, որ ՌԴ պաշտոնյաները, հատկապես Վլադիմիր Պուտինը սիրում են Հայաստան այցելել դեկտեմբերի 2-ին։