«Հրապարակ». Արցախի համար ես ի՞նչ ասեմ, ծիծաղս լաց եմ դարձրել, սգավորված մարդ եմ

«Հրապարակ». Արցախի համար ես ի՞նչ ասեմ, ծիծաղս լաց եմ դարձրել, սգավորված մարդ եմ

«Արցախի համար ես ի՞նչ ասեմ, ծիծաղս լաց եմ դարձրել, սգավորված մարդ եմ։ Իմ համար հարազատ հայրենիք է, իմ երիտասարդության տարիները ես նվիրել եմ Արցախին։ Հիմա որ ժողովուրդն էս վիճակում ա, ես ի՞նչ վիճակում պիտի լինեմ»։ Արցախում ստեղծված իրավիճակի մասին երեկ այսպես արտահայտվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանը, ով ժամանակին կռվել է Արցախի համար։ Հարցրինք՝ ինչպե՞ս է պատկերացնում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, եւ եթե ճիշտ է, որ բանակցել են Արցախի ու Ադրբեջանի իշխանությունները, ու պետք է մոտ օրերս բացվի Լաչինի միջանցքը, ի՞նչ է կարծում, ինչի՞ դիմաց, ի՞նչ գնով պետք է բացվի այդ ճանապարհը։ Հնարավո՞ր է՝ ինչ-որ զիջումների գնով, օրինակ՝ ադրբեջանական անցակետ տեղադրվի, կամ Արցախից զորքն ու ծանր տեխնիկան ամբողջությամբ հանվեն։ Սա կարո՞ղ է լուծում համարվել։

«Ես ի՞նչ ասեմ, դիվանագետները կասեն, քաղաքական գործիչները կասեն։ Համենայնդեպս, եթե գան էդ տարբերակին, ուրեմն դրանով արդեն տալիս են հարցին լուծում»,- ասաց նա։

- Այսինքն՝ Արցախը թողնում են Ադրբեջանի կազմո՞ւմ։

- Ես չեմ կարա ասեմ տենց բաներ։ Ես զինվոր եմ, էսօր ինձ ասեն՝ արի զենք վերցրու, գնա կյանքդ զոհաբերի Արցախի համար, կգնամ։ Բայց ասող չկա։

- Իսկ Դուք ի՞նչ եք հասկանում այս ամենից, Հայաստանի կամ Արցախի իշխանություններն ի՞նչ են ուզում, ի վերջո, նրանց ցանկությունն է՝ Արցախից ազատվեն ու այդքանով համարեն հարցը փակվա՞ծ, թե՞ ուզում են Արցախը պահել հայկական։

- Ես չեմ կարող պատասխանել։ Ինչ-որ հայտարարություններ են անում, ես ի՞նչ հիմնվեմ էդ հայտարարությունների վրա․ էսօր մի բան ա ասվում, երկրորդ օրն ուրիշ բան ա արվում։

- Իսկ Ռուբեն Վարդանյանի հետ հույսեր կապո՞ւմ եք, կկարողանա՞ Արցախի համար որեւէ բան անել։

- Կերեւա ամեն ինչ էլ․․․ Գնացել ա այդ մարդը կոչով, օր ու գիշեր քունը կտրել ա, ինչ-որ մի բանի ուզում ա հասնի, մարդիկ կան, որ ասում են՝ չէ, խի՞ պիտի ինքն էնտեղ լիներ, ինքը գիտե՞ք ով ա․․․

- Իսկ Արայիկ Հարությունյա՞նը։

- Ես Արայիկ Հարությունյանի անունը չեմ էլ ուզում լսեմ, նման մարդու ես չեմ էլ ուզում լսացած լինեմ։ Բայց արի՝ էսօր դրանց շատ չանդրադառնանք։ Ես մենակ ցավում եմ էսօր Արցախի համար։ Դա իմ համար երկրորդ հայրենիք ա, ես կյանք եմ դրել, ես ախպերներ եմ կորցրել Արցախի համար։ Իմ համար սրբություն ա Արցախը։ Մարդիկ մոռացել են դա, բայց Աստծու պատիժը կստանան իրենք, եթե մոռացան Արցախը։