Մղձավանջային օրերի միտքը, պատիվն ու խիղճը…
Խորհրդային ժամանակներում Կոմկուսն այսպիսի կարգախոս էր տարփողում. «Կոմկուսը մեր դարաշրջանի միտքն է, պատիվն ու խիղճը»: Մի կողմ թողնելով «խորհրդային» եւ «կոմունիստական» հասկացությունները՝ փորձենք հասկանալ, ըմբռնել, խորամուխ լինել, թե ինչ ասել է՝ այս մղձավանջային օրերին լինել միտքը, պատիվն ու խիղճը: Սա՝ որպես նախաբան, մնացյալը՝ հենց հիմա, այստեղ:
Արցախյան աղետի այս ծանր օրերին Երեւանը դարձել է պառակտիչ գործողությունների թատերաբեմ՝ ռուսամետները (արեւմտատյացները)՝ ընդդեմ արեւմտամետների (ռուսատյացների): Սակայն հակամարտող կողմերի միջեւ ակնհայտ է մի ընդհանրություն, որը երկու կողմերն էլ, չգիտես ինչու, չնկատելու են տալիս: Այն է, որ արցախյան ողբերգության մեղավորներին (դրդիչներին) որոնում են իրենց հայելային պատկերի՝ հակառակ թեւի եւ օտար երկրների գործակալների շարքերում, իսկ փրկիչներին փնտրում են իրենցից դուրս՝ բարեգութ օտար պետությունների, միջազգային կառույցների շարքերում: Փաստ է, որ այդ բարեգթությունը բարեգործությունից վեր դեռ չի հայտնվել: Պառակտման մյուս տեսակն ավելի խորքային է․ ջրի երես են ելել ղարաբաղցի-հայաստանցի՝ 25 տարի սողացող հակասությունները:
Ինչ խոսք, Հայաստանի եւ Արցախի նույն ժողովրդի երկու թեւերն էլ ընդունում են, որ կոպիտ սխալներ շատ են եղել, մանկամիտ էյֆորիա ենք ապրել, բայց… եղել են, չէ՞, այդ երեւույթները կանխող պետական կառույցներ, պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ ու չեն արել: Ո՞ւր են…
Աներկբա է, որ ժողովրդին (կամ նրա տարածքային թեւերին) ուղղված ցանկացած մեղադրանք անհեթեթություն է: Ժողովուրդը չի կարող սխալական լինել, առավել եւս, երբ այդ՝ մեղադրանք հնչեցնողները ներկայանում են որպես այդ նույն ժողովրդի միտքը, պատիվն ու խիղճը կրող անհատը կամ ուժը:
Ժողովուրդն իր անմիջականությամբ կարող է վստահել կամ չվստահել պետական գործչի, քաղաքագետի, մտավորականի խոսքին ու շեղվել (կամ չշեղվել) իրականությունից: Իսկ ովքե՞ր են շեղում ու մոլորության մեջ գցում ժողովրդին՝ լավագույնս պարզաբանել է Վանո Սիրադեղյանը. «Երբ իրենց խելոք կարծող հիմարների թիվը շատանում է, ժողովրդի մի ստվար զանգված իսկական խելոքներին է հիմարի տեղ դնում: Եվ այսպես գալիս է հիմարների դարաշրջանը, որի ավարտն անհնար է առանց ողբերգության»: Այդ ողբերգությունն ազգի պառակտումն է եղբայրասպան քաղաքացիական պատերազմի սպառնալիքով: Գիտենք, չէ՞, որ այս կարգի «ելքի» հովանավորներ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս՝ ինչքա՜ն ուզեք:
Հիշենք ոչ վաղ անցյալի՝ 1998-ի Հայաստանում իշխանազավթման ծանոթ իրադարձությունները, երբ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը զգաց, որ որոշ «հայրենասեր» կամ «ազգային» համարվող ուժեր՝ ազգի հոգսերով «տառապող» քաղաքական գործիչներով հանդերձ, հրապարակ նետեցին հազարումի սին մեղադրանքներ, անհեթեթ բանսարկություններ, դավադրապաշտպան տեսություններ, տարակուսելի մտքեր: Երկրում ներքին անկայունություն էր հասունանում՝ բախումների, քաղաքացիական պատերազմի հեռանկարով: Հարկավոր էր երկիրը փրկել աղետից, ժողովրդին՝ արյունահեղությունից: ՀՀ առաջին նախագահն իր հրաժարականի քաղաքական հաշվարկն ամփոփեց պարզ մտքով. «քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով»: Եվ ինչ, անմիջական հարեւան երկրներում վայելեցին քաղաքացիական պատերազմի համը: Իսկ ՀՀ առաջին նախագահն իր իսկ քաղաքական հրաժարական զորությամբ փրկեց Հայաստանն արհավիրքից: Սա անհերքելի, արդեն պատմական փաստ է: Մեր ժողովրդին պատուհասած արցախյան խնդրի ձախողման պայմաններում Հայաստանի միակ պետական գործչի զուսպ խոսքը շատ ավելի կարեւոր է, քան եթերն ու համացանցը ողողելը «կոչերի» տարափով:
ՀԳ․ «Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»:
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Կարծիքներ