Խոսելով միջազգային լոգիստիկայի մասին տարածաշրջանային գործընթացների ներքո պետք է ընդգծել, որ բավական ակտիվանում է «Հարավ֊Հյուսիս» գլոբալ նախագիծը։
Նախ անհրաժեշտ է նշել, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծը «եվրասիական» նախագիծ է և բնականաբար բավական ագրեսիվ է ընկալվում ներկայիս հայաստանյան իշխանության արևմտյան կուրատորների կողմից: Ճիշտ է, թավշյա իշխանությունների մոտ ամեն ինչ իբր սուվերենության շրջանակներում է և իբր «Հյուսիս-Հարավը» փաշինյանական իշխանությունների «խաղաղության խաչմերուկ» հայեցակարգում առաջնային նախագիծ է։
Սակայն միայն մեկ նրբերանգ. նախագիծը Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի և Մեծ Արևելքի երկրների կողմից դիտարկվում է որպես բացառապես սուվերեն լոգիստիկ նախագիծ, որը, ըստ սահմանման, պետք է առավելագույնս դուրս լինի արևմտյան վեկտորի ազդեցության գոտուց:
Իհարկե, տվյալ լոգիստիկ նախագիծն անցնում է «թյուրքական գոտիով», սակայն նախագծի հիմնական շահառուների մտահղացմամբ այն պետք է հնարավորինս դիվերսիֆիկացված լինի, այսինքն՝ ճանապարհները մեկ ուղղությամբ (օրինակ՝ Հարավային Կովկասով) պետք է լինեն միմյանց կրկնօրինակող։
Այսինքն, եթե Իրանով ճանապարհ է գնում դեպի Ադրբեջան և բարձրանում դեպի Ռուսաստան, ապա պետք է լինի այլընտրանքային ճյուղ` Հայաստանի միջով, որը դեռևս թղթի վրա գտնվում է Արևմտյան (թյուրքական) վեկտորի վերահսկողության գոտուց դուրս։
Եվ ահա, հայկական իշխանության արևմտյան կուրատորները «Հյուսիս - Հարավ» միջանցքի հայկական հատվածի վերաբերյալ ունեն իրենց տեսլականը, այն է՝ հայկական հատվածի անուղղակի վերահսկողությունը։
Անշուշտ, միջանցքի հայկական հատվածի՝ «Արևմուտքի» վերահսկողության տակ հայտնվելու ռիսկերը չեն կարող չանհանգստացնել ռուսներին և իրանցիներին, ինչը խոսում է այն մասին, որ Եվրասիական վեկտորի հետ կապված լարվածության ևս մեկ կետը սարերի հետևում չէ՝ հաշվի առնելով հայկական իշխանության կուլիսային խաղերը եվրոամերիկացիների հետ։
Ի դեպ, այս լուրի համատեքստում չեմ կարող չհիշատակել Թուրքիայի սենսացիոն հայտարարությունը BRICS կազմակերպությանը միանալու ցանկության մասին, ինչն էլ ավելի է ընդգծում «Հյուսիս-Հարավ» նախագծի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային մասշտաբի այլընտրանքային լոգիստիկ հանգույցի։
Ցավոք, թավշյա իշխանությունների թուրքամետ քաղաքականության պատճառով Հայաստանը տվյալ մեգանախագծերում դիտարկում են որպես տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման համար «անհասկանալի և անհուսալի» տարր։
Արման Աբովյան