ՀԱԿ-ի վերադարձը դարձել է անհրաժեշտություն

ՀԱԿ-ի վերադարձը դարձել է անհրաժեշտություն

Թավշյա հեղափոխության հաղթանակն ու Սերժ Սարգսյանի իշխանության տապալումը ընդամենը մեկ ամսվա պայքարի արդյունք չէր։ Միամտություն կլինի կարծել, թե հեղափոխությունը կյանքի է կոչվել ընդամենը մի քանի օրվա քայլարշավի, փողոց փակելու և հարակից այլ գործողությունների հետևանքով։ 

2018 թ․ ապրիլմայիսյան գործընթացը մեծ պայքարի եզրափակիչ գործողությունն էր կամ էլ երկարատև ընթացքի վերջին արարը։ Բնական է, որ հեղափոխականներից շատերը չեն համաձայնվի այս ձևակերպման հետ։ Դե հաղթանակը չափազանց թանկ արժեք է և ամենևին էլ հեշտ չի կիսել այն ուրիշների հետ, հատկապես, որ հեղափոխության մասնակիցներից շատերն իրենք իրենցից հեղափոխական ֆետիշներ են կերտել։ 

Մարդկային հոգեբանական բարդույթները դնենք մի կողմ ու անցնենք բուն թեմայի քննարկմանը՝ արձանագրելով հետևյալ ճշմարտությունը․ հեղափոխությունն ուղիղ հետևանքն ու շարունակությունն էր տասնամյա համառ ու անզիջում պայքարի։ Եթե չլիներ այդ պայքարը, ապա չէր լինի նաև հաղթանակած հեղափոխական շարժումը։ 

Հենց այս ճշմարտությունն ենք մենք ուրացել և ուրացել ենք ամենայն ցինիզմով ու թեթևությամբ, կարծես թե վերջին տասը տարիներին Հայաստանում ոչինչ չի եղել։ Դե սա էլ բնական օրինաչափություն է․ պարտությունը միշտ անտեր է, իսկ հաղթանակը՝ հազար տերեր ունի։ Հեղափոխականներից շատերը նորից չեն համաձայնի նաև այս պնդման հետ՝ Թավշյա հեղափոխությունը դիտարկելով որպես բացառիկ համամարդկային դրսևորում, իսկ մյուս պայքարները կեղծ ու սխալ՝ ի սկզբանե դատապարտված անխուսափելի պարտության։ 

Եվ քչերը կհասկանան, որ պայքարները տասը տարի շարունակ պարտվել են, որ եզրափակիչ պայքարը հաղթի, շատերը գիտակցաբար ինքնաոչնչացվել են և իրենց ոչնչացումով ցնցել ու կործանել ռեժիմի հերթական սյունը։ 

Եվ այս շարադրանքի տրամաբանությունից ելնելով պետք է ուղիղ ու կտրուկ մի հարցադրում դնենք․ ո՞ւր է Հայ ազգային կոնգրեսը։ Ինչո՞ւ է անշարժ, ինչո՞ւ տեր չի կանգնում իր պայքարի արդյունքներին։ Չէ՞ որ հաղթանակը նաև նրա տասնամյա անզիջում պայքարի հետևանքն է։ Մի՞թե սեփական պարտությունների գնով բացված տարածությունում Կոնգրեսը տեղ չունի։ Մի՞թե Սերժ Սարգսյանի հետ գործարքի չգնալու գինը անխուսափելի մարգինալացումն է, իսկ սկզբունքայնության պատասխանը՝ օտարումը։ 

Կոնգրեսը Հայաստանի նորագույն պատմության ամենազորեղ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է եղել, որին հաջողվել է առնվազն երկու անգամ լրջագույն մարտահրավեր նետել Սարգսյանի իշխանությանն ու կասկածի տակ դնել դրա շարունակականությունը։ Բայց տևական ժամանակ բարիկադների առաջնագծում գտնվող քաղաքական ուժն ի վերջո սպառվեց՝ չկարողանալով դիմակայել իր առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին։ Սպառվեց և ամփոփվեց անշարժության ու հանգստության ինչ-որ տիրույթում։ Սերժ Սարգսյանն հետևողական քաղաքականության արդյունքում ամեն ինչ արեց, որ ՀԱԿ-ը վերջնականապես կազմաքանդվի և դուրս մղվի ներքաղաքական իրականությունից։ 

Այս իմաստով կարելի է պնդել, որ երրորդ նախագահը հեռացվեց հաղթանակած կարգավիճակով։ Նա ժառանգություն թողեց ամայացած ու ամուլ մի քաղաքական համակարգ, որի ունայնության հետևանքները վայելում ենք մինչ օրս։ Ստացվեց այնպես, որ ռեժիմի դեմ պայքարողները մարգինալացան, իսկ այդ նույն ռեժիմի հաճախորդները մղվեցին առաջնային պլան՝ յուրացնելով հեղափոխության մեծ տորթի կտորները։ 

ՀԱԿ-ը պետք է վերադառնա և տեր կանգնի իր առաքելությանը, իր ինքնաոչնչացման գնով ստեղծված իրականությունը չի կարող խորթ լինել այդ քաղաքական ուժին։ Չէ՞ որ արդի իրականության գաղափարական սյուները տեղադրվել են նաև Կոնգրեսի ջանքերով ու մասնակցությամբ։ 

Հաղթանակից զատ հեղափոխությունը նաև պարտություն էր։ Այն հաղթանակ էր Սերժ Սարգսյանի նկատմամբ, բայց անխուսափելի պարտությունը՝ քաղաքական մտքի։ Այո՛ հեղափոխությունը երկդիմի է, նրա բնույթը դուալիստական է, քանի որ Սարգսյանի հետ միասին պարտվեց  նաև միտքը։ Եվ ասվածից պետք չի ենթարդել, թե մտքի կրողը Սարգսյանի ռեժիմն էր, երիցս ո՛չ։ Պարզապես պոպուլիզմի և դեմագոգիայի վրա խարսխված իշխանությունը կազմաքանդվեց միևնույն զենքերով՝ հեղափոխական պոպուլիզմի և դեմագոգիայի ներգործությամբ։ 

Բայց հանրույթները բարդ համակարգեր են, դրանք չեն կարող երկար ժամանակ գոյատևել ունայնության վրա։ Մարդիկ քաղաքական մտքի և փիլիսոփայական կոնցեպտների պետք ունեն։ Եվ այդ բնական անհրաժեշտության առաջնային հասցեատերերից մեկը Կոնգրեսն է։ 

Այլ խնդիր է, թե արդյոք քաղաքական ուժն այդ կկարողանա՞ ռեֆորմների ենթարկվել, նորանալ ու այլանալ՝ հարմարվելով արդի իրավիճակին։ Այստեղ է թաքնված հարցի ամբողջ բարդությունը։ Կոնգրեսը պետք է հանրությանը ներկայանա նոր մոտեցումներով ու դիմագծերով, նոր փիլիսոփայությամբ ու քաղաքական կոնցեպտներով։ Բայց ամեն նորի հիմքում պետք է լինի այն պայքարի հարուստ ավանդույթը, որի կրողն ու մարմնավորողն է այդ ուժը։ 

Վերջին տասը տարիներին ՀԱԿ-ը ապացուցել է, որ կարող է դժվարին իրավիճակներում կանգնել պետության կողքին։ Ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ քաղաքական ուժը հաստատուն մնաց իր դիրքերում։ Կարելի է պնդել, որ ներկայումս նույնպես հանրությունն ու պետությունը ունեն ՀԱԿ-ի ակտիվության անհրաժեշտությունը։ 

Վերջաբանի փոխարեն միայն ուզում եմ ավելացնեմ, որ հոդվածն այս չի գրվել Կոնգրեսի նկատմամբ առանձնակի սիրով ու համակրանքով պայմանավորված, վստահաբար՝ ո՛չ։ Պարզապես պետությունը ընդդիմադիր հենարանի, իսկ հանրությունն էլ քաղաքական մտքի անհրաժեշտություն ունեն։ Հակառակ պարագայում ամեն ինչ ավելի տխուր է լինելու, քան մենք պատկերացնում ենք։  Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը անգերազանցելի արդյունքներ է արձանագրել՝ իր ճնշող ազդեցությամբ թաղելով քաղաքական միտքը։ Դժվար թե այդ ռեկորդը երբևէ ինչ-որ մեկը գերազանցի, իսկ հաղթել կարող է միայն քաղաքական ու պետական մտածողությունը։