Չի կարելի ասել

Չի կարելի ասել

Չի կարելի ասել, որ գիտականորեն դեռեւս վիճելի է՝ Ուրարտուն հայկակա՞ն պետություն էր: Որ Գրիգոր Լուսավորիչը հայ չէր, պարթեւ էր, Հայոց Խոսրով թագավորին սպանած Անակի որդին: Որ քրիստոնեությունը մեր երկրում ոչ թե ընդունվել, այլ պարտադրվել է հրով-սրով: Որ Լուսավորչի հրամանի տակ դրված թագավորական զորքերն ահավոր ավերածություններ են գործել, բազմաթիվ նախարարական տներ իսպառ բնաջնջվել են, նրանց կալվածքներին տիրացել է Լուսավորիչը, մի մասն էլ նվիրել Մամիկոնյաններին, որ դարձյալ հայ չէին, ճենացի էին՝ Չինաստանից Պարսկաստան փախած ապստամբներ, որոնց պարսից թագավորն արտաքսեց, եւ նրանք եկան, հաստատվեցին Հայաստանում:

Չի կարելի ասել, որ Ներսես Մեծ կոչվող կաթողիկոսն Արշակ Բ թագավորի երդվյալ հակառակորդն ու նրա դեմ նախարարական ապստամբությունների կազմակերպիչն ու ոգեշնչողն է եւ վերջապես հասավ նրան, որ թագավորական ընտանիքը կործանվի, ինչից հետո էլ եղավ Հայաաստանի առաջին բաժանումը: Չի կարելի ասել, որ Ավարայրն ավելի շատ քաղաքացիական պատերազմ էր, քան՝ հակապարսկական ապստամբություն: Չի կարելի կասկածել, թե ինչու՞ միայն հայերս ստացանք հավատքից հրժարվելու պահանջ: Եթե Պարսկաստանը քրիստոնեության թշնամին էր, ապա իր ներսում ինչու՞ չէր հալածում քրիստոնեական փոքրամասնություններին, ինչու՞ հավատափոխության պահանջ չներկայացվեց նաեւ վրացիներին եւ աղվաններին:

Չի կարելի, որովհետեւ Վարդանանք սրբադասված են, Վասակյանք՝ անիծված: Չի կարելի անհարմար հարցեր տալ: Դա ոտնձգություն է ազգային արժեքների դեմ: Չի կարելի նույնիսկ երկյուղած հարցնել՝ որո՞նք են այդ ազգային արժեքները: Ազգային արժե՞ք է, որ նորահարսը պետք է լվա կեսրայրի ոտքերը: Սա՞ ՝ ավանդական հայ ընտանիքը: 19-րդ դարի հայ գրականության, հրապարակախոսության գլխավոր խնդիրներից մեկը կանանց էմանսիպացիայի հարցերն արծարծելն էր: Ստացվում է, որ Գրիգոր Արծրունին, Րաֆֆին, Շիրվանզադեն, մյուսները սորոսական են: Հարկավոր է նրանց գրքերը վառել, որպեսզի սերունդները չկարդան, չապականվեն: Պետք է ամուր դնել  Մուրացանի պատգամը՝ զորավոր ազգի եւ բարոյական ընտանիքի մասին: Եւ  չի՜ կարելի հանրակրթական դպրոցի աշակերտին ասել, որ Մուրացանն, ախր, հոգեկան հիվանդ էր, կնոջ դավաճանության հողի վրա կորցրել էր հավասարակշռությունը:

Եւ Հայոց պատմության ամենապետական թագավորներից մեկին՝ Աշոտ Երկաթին, ներկայացրել է որպես անբարոյական-խեղկատակ: Կեղծել պատմական իրողությունը՝ ստեղծելով Ռուզանի կերպարը: Չի՜ կարելի ձեռք տալ ազգային սրբապատկերներին, որոնցից մեկը հայրասպան է, մյուսը՝ կրոնախեւ ապստամբ: Չի՜ կարելի: Արգելված է ասել, որ 19-րդ դարի հայդուկային շարժումը ծրագրված էր Ռուսաստանի Գլխավոր շտաբի հետախուզության վարչությունում: Որ Արեւմտյան Հայաստան մտնող ռուսահայ երիտասարդներին գյուղերում ծեծի էին ենթարկում, որ իրենց հանգիստ թողնեն: Որ մի ամբողջ ժողովուրդ դեմ էր հայդուկային կռիվներին, բայց նրան պարտադրում էին լինել հեղափոխական: Չի՜ կարելի: Իսկ Պոլսո նորընտիր պատրիարքին ինչքան ուզում ես՝ հայհոյիր: Ինչպես որ նախորդին էին հայհոյում: Ինչպես որ ժամանակին Աշըգյան պատրիարքի քունքին էին «րեւոլվեր» դեմ տալիս եւ ծաղրուծանակի ենթարկում, թե ինչ է՝ Գում-Գափուի ցույցին դեմ էր: Չի՜ կարելի ասել, որ 21-րդ դարում Նժդեհի ուսմունքն անախրոնիզմ է: Ով նժդեհական չէ՝ Սորոսի վաստակ: Ազգի եւ պետության թշնամի: Չի՜ կարելի այսպես ապրել: Այսպես երկիր չեն դառնում: Մնում են համայնք, որը հաճույքով չարախնդում է, որ Ռուսաստանի նախագահը, տեսնու՞մ եք, Հայաստանի վարչապետին ամանորյա շնորհավորանք չի հղել, իսկ երկրորդ  նախագահին հղել է: Պուտինը նաեւ Ալիեւին է շնորհավորել ծննդյան օրվա եւ Ամանորի առթիվ: Պուտինը նաեւ Ալիեւին է ընկեր ասում: Բայց չի՜ կարելի ասել՝ այդ շրջապատում Հայաստանի երկրորդ նախագահն իրեն լա՞վ է զգում…