ՍԱՊԾ-ն թույլտվություն է տվել սիգը որպես սկումբրիա արտահանելու համար

ՍԱՊԾ-ն թույլտվություն է տվել սիգը որպես սկումբրիա արտահանելու համար

Օրերս ԱԱԾ-ն հայտնեց սիգի ահռելի ծավալի ապօրինի պահեստավորման և արտահանման փորձի մասին: Ծառայությունը հայտնեց, որ մաքսանենգները փորձել են սիգը սկումբրիայի անվան տակ արտահանել Հայաստանից, սակայն Բագրատաշենում ու Զվարթնոցում նրանց կանգնեցրել են և 4,2 տոննա սիգի արտահանումը կանխել են: Սիգի ահռելի խմբաքանակներ՝ 12.200 կգ և 46.689 կգ, պահեստավորել են պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսություններում, ապա իրացրել են: Տնտեսություններից մեկը Նոր Արտամետ համայնքում է: Հինգ անձանցից, որոնք մասնակցել են «Սիգ» օպերացիային, երեքին մեղադրանք է առաջադրված: Խուզարկությունների արդյունքում սառնարաններում հայտնաբերվել է 127.171 կիլոգրամ սառեցված սիգ: 

Դեպքը արտառոց է, սակայն ԱԱԾ-ն հաղորդագրությունը առնվազն մեկ, կարևոր հարց է առաջացնում: Ցանկացած  սննդամթերքի, այդ թվում՝ պահածոյացված ձկան, արտահանումը հնարավոր է բացառապես սննդամթերքի անվտանգության նկատմամբ վերահսկող մարմնի կողմից տրված փաստաթղթի հիման վրա, որը մարմինը տալիս է արտահանումից առաջ: Առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի մաքսային ձևակերպումն ու արտահանումը անհնար են: 

 Ի՞նչպես է ստացվել, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը սկումբրիայի պահածոյի անվան տակ թույլատրել է սիգի արտահանում, եթե արտահանման կամ էլ արտադրության վերահսկողն է: Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է մամուլից: 

- Որքան գիտեմ, ոչ թե արտահանել են, այլ գտել են ինչ որ պահեստում: 

- Ոչ, փորձել են արտահանել սկումբիայի անվան տակ: ՍԱՊԾ-ի թույլտվությունը չպե՞տք է լինի: 

- Միանշանակ, պետք է լինի: Բայց արտահանման դեպքի մասին տեղյակ չեմ:

- Չե՞ք ուզում ուսումնասիրել-պարզել, թե ինչպես է տրվել այդ թույլտվությունը: 

- Մեզ ոչ մեկը այդ հարցով չի դիմել: Եթե իրավապահները դիմեն, կփորձենք ուսումնասիրել: 
Իրավապահներին, փաստորեն, չի հետաքրքրել, թե ով է սկումբրիայի անվան տակ սիգ հանելու թույլտվություն տվել: Մեղադրանք է առաջադրված միայն պահեստավորումն ու արտահանումը կազմակերպողներին: 
Մեզ հասած տեղեկություններով, Քննչական կոմիտեում այս պահին նաև մեկ՝ ներմուծումների մասով գործ է քննվում, որը վերաբերում է ՍԱՊԾ աշխատողների գործողություններին: ՍԱՊԾ աշխատակիցները տնտեսավարողների բեռների ռիսկերի միավորները կամայական կերպով, շրջանցելով օրենքը, մեխանիկորեն բարձրացրել են: Բեռներից մեկը, որը, իբր՝ բարձր ռիսկային բեռ է, անօրինական հիմքերով ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: ՔԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը: Նման գործ, իրոք, քննվում է: Ի՞նչի մասին է խոսքը: 

Այս հարցով ևս դիմեցինք ՍԱՊԾ պետին: Ըստ նրա, գործը հարուցվել է իր նախկին աշխատակցի՝ մեթոդոլոգիայի բաժնի նախկին պետ, ներկայում «Բեկում» ՀԿ նախագահ Արմեն Վարդանյանի բողոքի հիման վրա: «Մենք նրան նոր հաստիք առաջարկեցինք,  նա չհամաձայնվեց, հիմա իրավական վիճարկումներ է անում: Թողնենք քննչական կոմիտեին, իր գործն անի: Անօրինական ոչինչ չի արվել: Վարդանյան Արմենն է դիմել, որ դա անօրինական է, ես չեմ գտնում, որ անօրինական է ու ներկայացրել եմ քննչական կոմիտեին մեր դիրքորոշումը», - ասաց Գեորգի Ավետիսյանը: