... Որպես ուղիղ ճանապարհ

... Որպես ուղիղ ճանապարհ

Մեր վարչապետը հազար թերություն էլ ունենա, փոխարենը մի առավելություն ունի, որ հազար ու ավելի թերություն է ծածկում․ նա գիտելիքի գերի է։ Չնայած ինքը վստահ է, որ գերի լինելուց բացի՝ նաև շտեմարան է, բայց ես չփարատված կասկածներ ունեմ այդ առթիվ։ Ուրեմն՝ մեր «գերին», ինչ բնագավառի մասին էլ խոսվի, ինչ ոլորտի մասին էլ խոսք բացվի, միշտ և հետևողականորեն առաջին տեղում դնում է գիտելիքը։ 

Պետք է խոստովանել,  սակայն, որ գիտելիքահեն  այս դիրքորոշման մեջ ոչ մի նոր բան չկա․ դեռ Ուլյանով-Լենինն է ասել՝ սովորել, սովորել, սովորել, իսկ ի՞նչն են սովորում, յուրացնում, իհարկե՛  գիտելիքը։ Հետևաբար գիտելիքի կարևորությունն անդադար շեշտող մեր վարչապետը  այնքան էլ օրիգինալ չէ։ Ափսոս։
Բայց նա գիտելիքի «թեմայով» միանգամից անկրկնելի է դառնում, երբ հանդիպում է գյուղատնտեսության ոլորտի մարդկանց, ես կասեի՝ ներկայացուցիչների  հետ։ 

Ահավասիկ, երկու օր առաջ Ն․ Փաշինյանը Արարատի մարզի գյուղերից մեկում գյուղի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «արձանագրել» է, որ առանց գիտելիքի․․․ գյուղատնտեսություն չկա։ Գյուղացիների տրտունջին («ջեբներումս փող չկա») ի պատասխան (և ի սփոփանք դատարկ «ջեբերի»)՝ վարչապետը դարձյալ-նորից-վերստին կարևորել է․․․ գիտելիքը։ 

(Փակագծերում նկատեմ, որ, իմ պատկերացմամբ, օրինակ, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ խոսող հայ գյուղացին հազիվ թե «գրպանի» փոխարեն ասեր «ջեբ»․ գյուղացին՝ գյուղացի, բայց նա այնքան գիտելիք ու քթի ծակ կունենար, որ մեծավորի հետ խոսելիս իր պատկառանքն արտահայտելու մի եղանակ էլ համարեր մաքուր հայերենը)։

Բան չունեմ ասելու, նույնիսկ համաձայն եմ «իմ» վարչապետի հետ․ իհարկե գիտելիքն անհրաժեշտ բան է, կարևոր «գործիք» (ինչպես սիրում են ասել նորօրյա մեր հույժ գրագետները՝ նախարարք, երեսփոխանք և այլք), բայց, եղբայր, մի քիչ տարօրինակ չէ՞ Ֆրենսիս Բեկոն  («Գիտելիքը ուժ է, ուժը՝ գիտելիք», ասել է անգլիացի այս մտածողը) խաղալ մարդկանց մոտ, որոնց համար գիտելիքը, կտրելով դարավոր ճանապարհ, թրծվելով հողի, տեղանքի, եղանակի ու էլի հազար բաների «լեզուն» հասկանալ-իմանալու հազարամյա փորձառությամբ, մարդկանց կենսափիլիսոփայության մի մասնիկն է դարձել այնքան բնականորեն և այնպես հիմնովին, որ կարիք չկա «մի հատ» էլ առանձին գիտելիքի մասին խոսել։ Հայ գյուղացու դարավոր իմաստնությունն ու ներըմռնողականությունը հենց գիտելիքի հազարամյա «մշակման» արդյունք են, ուրեմն էլ ինչո՞ւ խելք սովորեցնել մարդկանց, որոնք դրա կարիքը չունեն։

Բայց վարչապետի այցը հայոց շեներ սրանով չի ավարտվում։ Նրան ուղեկցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հետևաբար անհնար էր, որ մի օրիգինալ բան գոնե սա ասած չլիներ։ Եվ՝ ասել է։ Ասել է՝ գյուղատնտեսությունը պիտի աշխատի․․․ «թղթով»։ Դե իհարկե․ որտեղ գիտելիք, այնտեղ թուղթ։
Եվ ուրեմն՝ գիտելիքն ու թուղթը․․․ «որպես ուղիղ ճանապարհ»։

Հ․Գ․։ Ի դեպ, Ֆ․ Բեկոնի գրչին է պատկանում «Գիտությունների արժանապատվության և բազմապատկման մասին» աշխատությունը․ վերն ասվածի համատեքստում ինձ շատ հետաքրքրիր թվաց «արժանապատվություն» բառը։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ