Դու հեռանալու ես՝ ՀԱՊԿ-ի հետ լինես թե չլինես

Դու հեռանալու ես՝ ՀԱՊԿ-ի հետ լինես թե չլինես

Մի պարզ ճշմարտություն կա։ Երկրի ղեկավարը պորտալարով կապված է իր ժողովրդի հետ։ Եթե այդ կապը չկա, Աստված էլ իջնի, նա հեռանալու է։ Ոչ մի արտաքին ուժ նրան երկար պահել չի կարող։ 

Վերջին անգամ հիշու՞մ եք՝ երբ է Նիկոլ Փաշինյանը բաց երեսով, առանց թիկնապահների, ուժայինների, դիպուկահարների մտել ժողովրդի մեջ։ Հաստատ չեք հիշում։ Խոսքս փոքրիկ գյուղերում ժողովրդական թատրոն խաղալու արարողությանը չի վերաբերվում։ 
Ցավով եմ ասում, բայց ինչ հիշում եմ նրան՝ ժողովրդին տրորելու, կանանց քաշքշելու, թաքնվելու, հետևի մուտքերից ծլկելու դրվագներն եմ մտաբերում։ Պատերազմի խայտառակ պարտությունից հետո նա լրիվ անցավ ընդհատակ։ Ուժայինների, թիկնապահների ինչ որ խումբ նրան տանում ու  բերում են։ Սա ուղղակի «տրաուր է»։ Հայաստանը հո կառավարության գրասենյա՞կը չի, որ մի խումբ հավաքվեն ու «թըմփ- թըմփ» հարցեր քննարկեն։ Հո ասելով չի՞, թե ժողովուրդն ինձ մանդատ է տվել։ Թե մանդատ է տվել՝ քայլիստներիդ հետ ժողովրդի մեջ  դուրս արի։ Ինչու՞ ես նրանց տալիս «ժողովրդի բերան»։  Տարբեր խմբեր կազմելով ու խմբերի հետ հանդիպելո՞վ չի։ Մի ողջ ժողովուրդ է քեզ նայում։ Ու գիտե՞ք ինչքան մանրազնին։ Ու գիտե՞ք ինչքա՜ն բան գիտեն, ինչքա՜ն բան է կուտակվել։ 

Դու կտրվել ես ժողովրդից, Նիկոլ Փաշինյան։ Քո շուրջ պտտվող ֆիգուրները միայն մի գործողություն են կարողանում կատարել՝ պտտվել քո շուրջ։ Բայց էլեկտրական մեխանիկական մարտկոցներն էլ տևողություն ունեն։ Շուտով նրանք դադարելու են պտտվել ու անշարժ կանգնելու են։ 
Հայ ժողովրդի ամենացավոտ վայրերը ցեղասպանության հուշահամալիրն ու Եռաբլուրն են։ Դու այդտեղ էլ չես կարող  գնալ։ Առավոտ շուտ քարերից պոկել ես տալիս սգացող մայրերին , որ կարողանաս մուտք գործել։ Գոնե ինքդ քեզ մտածու՞մ ես, որ մայրերը քեզ ու՞մ տեղն են դնում, որ թույլ չեն տալիս մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ 

Ինչքա՜ն սարսափելի է գիտակցել, որ քեզ պահում են՝ քո երկրին նոր ցավ պատճառելու համար։ Դա նույնն է, երբ մարդու ձեռքին դանակ են դնում ու ասում՝ հարվածիր մորդ, նա դեռ կենդանի է։ Լավ չես սպանել նրան։ 

Դու հեռանալու ես՝ ոչ միայն մեր, այլ բոլոր կողմերի համար ատելի դարձած։ Հեռանալու ես՝ ՀԱՊԿ- ի  հետ լինես թե չլինես։ Որովհետև բոլոր կողմերի համար էլ դժվար է պատկերացնել, թե դու ի՞նչ նյութից ես կազմված։