Էդուարդ Հովհաննիսյանը դեռ սատանա բռնելո՞վ է զբաղված (որոշման լուսանկար)

Էդուարդ Հովհաննիսյանը դեռ սատանա բռնելո՞վ է զբաղված (որոշման լուսանկար)

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում «Իշխանությունը որոշել է քանդել խաչերն ու խաչքարերը» վերտառությամբ լուրը, ինչպես եւ սպասվում էր, մեծ աղմուկ բարձրացրեց։ Գրել էինք՝ «Իշխանությունը հերթական անբարոյական որոշումն է կայացրել՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները»։ Եւ օրեր առաջ համայնքապետարաններն այդպիսի գրություն են ստացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից։ Ուղիղ մեջբերել էինք նաեւ նախարարի գրության տեքստից․ «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»։ Հավելել էինք, որ այս որոշումը ծանր են տարել ՏԻՄ իշխանությունները, նրանց կարծիքով՝ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը կայացվել է հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայության, ճանապարհների ապաշրջափակման պարտավորության համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր յոլդաշներին խոստացել է, որ երբ ազատորեն գան-գնան Հայաստան, ճանապարհներին իրենց անցանկալի հայկական քրիստոնեական խորհրդանիշների չեն հանդիպի։

Չգիտես ինչու, որոշ ՔՊ-ականներ որոշել են «հերքել» անհերքելին եւ այլ լրատվամիջոցներին փոխանցել են, թե նման որոշում չկա, մասնավորապես, Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովաննիսյանն է ասել․ «Մինչեւ այս պահը տեղադրված խաչքարերը հեռացնելու որոշում, նման քննարկում չի եղել, խոսվել է այսուհետ դրանք տեղադրելու ընթացակարգի մասին»։

Կարելի է հասկանալ, թե ինչու է ՔՊ-ական մարզպետը փորձել հերքել անհերքելին, ասենք՝ չի ասել, որ իր ղեկավարած մարզպետարանին նման գրություն չեն ուղարկել, այլ կատեգորիկ նշել է «խաչքարերը հեռացնելու որոշում չի եղել», քանի որ որեւէ բանական ուղեղում չի տեղավորվում նման որոշման անհրաժեշտությունը։ Որպեսզի չինովնիկները նեղություն չքաշեն ստելու, ձեզ ենք ներկայացնում ՏԿԱ նախարար Գնել Սանոսյանի՝ մարզպետարաններից մեկին ուղարկված գրության պատճեն։ Ի դեպ, նախարարությունից չեն հիմնավորել որոշման նպատակահարմարությունը։