Միայն խոշոր կազմակերպությունները կարող են գնումների մասնակցել

Միայն խոշոր կազմակերպությունները կարող են գնումների մասնակցել

2019 թ. հոկտեմբերին կառավարությունը փոփոխեց գնումների պայմանները, կայացրեց որոշում, որով 10 մլն դրամից ավելի գնումների մրցույթում հաղթող կազմակերպությունը պետք է ներկայացնի 110 տոկոսի չափով բանկային երաշխիք: Որոշումն օրերս փոխվել է, սակայն, ինչպես հին, այնպես էլ նոր տարբերակը՝ թեթեւակի վերանայված չափանիշներով, չի գոհացնում տնտեսվարողներին, քանի որ նպաստավոր պայմաններ է ստեղծում բացառապես խոշոր բիզնեսի համար, մենաշնորհային իրավիճակ ստեղծելով դաշտում: 

Ըստ գործադիրի որոշման, բանկը երաշխիք է տալիս վարկի տեսքով՝ իր տոկոսներով, եւ եթե մասնակիցը չի վճարում դրանք, հայտնվում է «սեւ ցուցակում»: Տնտեսվարողը, որպես երաշխիք, կարող է նաեւ նշված գնի արժեքի գույք գրավադրել կամ, ասենք, նույն չափով գումար սառեցնել, ու եթե նա որոշել է մասնակցել մեկ այլ մրցույթի, կրկին նոր գույք պետք է գրավադրի: Նորամուծության հեղինակն իմքայլական Արտակ Մանուկյանի ղեկավարած կենտրոնն էր, որպես նպատակ՝ հայտարարվում էր որակյալ ծառայությունների մատուցումը: Իրականում կատարվեց այն, որ միայն հարուստ, գույք ու կապիտալ ունեցող ընկերությունները կամ անձինք են կարողանում գնումներ իրականացնել, իսկ միջին բիզնեսը դուրս է շպրտվում գործընթացից: 
Բազմաթիվ տնտեսվարողներ, տնտեսական վերլուծաբաններ դեմ արտահայտվեցին նորամուծությանը, նշելով, որ այս փոփոխությունը խոչընդոտելու է ազատ մրցակցությանը, մենաշնորհներ է ձեւավորելու: 

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն էլ, վերլուծելով կառավարության փոփոխությունները, քննադատել էր դրանք, նշելով, որ մրցույթին մասնակցելու համար տնտեսվարողը կա՛մ պետք է ունենա գնման արժեքից ավելի ազատ միջոցներ եւ հնարավորություն՝ դրանք առնվազն մեկ տարի պահել սառեցված վիճակում, կա՛մ ծավալել այնպիսի տնտեսական գործունեություն, որը թույլ կտա ե՛ւ ստանալ վարկ, ե՛ւ վճարել տոկոսներ, աշխատավարձ ու հարկեր, ե՛ւ կատարել անհրաժեշտ այլ ծախսեր: «Սա անընդունելի է հատկապես ծառայությունների մատուցման դեպքում, երբ տնտեսվարողի մատուցած ծառայության որակի գնահատումը կատարվում է ամենօրյա ռեժիմով, եւ ցանկացած շեղման դեպքում կարելի է կասեցնել պայմանագրի գործունեությունը ցանկացած պահի, պետության համար առանց որեւէ ռիսկերի»։
Միջին կարողության ընկերությունները չեն կարողանում մասնակցել գնումներին: Դրանցից մեկը պահնորդական «Տրանս սֆեր» ընկերությունն էր: Տնօրեն Հովհաննես Պետրոսյանը, դեռ օրենքի քննարկման փուլում, կառավարության նախագծերի հարթակում մեծ վերլուծություն էր ներկայացրել, այն ամփոփելով. «Բանկային երաշխիքները, ինչպես նաեւ բանկերին վճարվող՝ տվյալ երաշխիքների ստացման համար, տոկոսադրույքները խաթարում են տնտեսվարող սուբյեկտների միջեւ հավասար մրցակցային պայմանները, հօգուտ բանկերի հավելյալ ծախսեր եւ բանկերի կողմից բանկային երաշխիքների կամայական մոտեցում, կախվածություն բանկերից, որը բիզնեսի համար անթույլատրելի պայմաններ են»: 

Նոր կարգը լուրջ ճգնաժամ էր ստեղծել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների համար: Առանց այս կազմակերպությունների դադարում է ամբողջական ոլորտների գործունեությունը: Օրինակ, անհնար է ճանապարհաշինությունը: 
Այս կազմակերպությունների առաջ պահանջ է դրվել՝ որպես բանկային երաշխիք՝ ներկայացնել շինարարության արժեքի մինչեւ 30 տոկոսը, որը բավականին բարձր է, եւ հանրապետությունում տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ կապված խնդիր առաջացավ: Մարդիկ նման երաշխիք ներկայացնելու հնարավորություն  չունեին եւ հրաժարվում էին մասնակցել գնումներին: Արդյունքում մրցույթները հայտարարվում էին, իսկ մասնակիցներ չէին լինում: 
Մայիսին կառավարությունը կրկին փոփոխեց գնումների կարգը: Փուլային գնումների դեպքում սահմանեց, որ գումարի սառեցումն էլ պետք է «փուլային» լինի, այսինքն՝ ամեն տարվա համար կազմակերպությունն այնքան պետք է սառեցնի, որքան աշխատանքներ նախատեսված են տվյալ ժամանակահատվածում:

Սա որոշակի առումով թեթեւացրեց երաշխիքի պահանջի կատարումը: Այլ կարծիք էլ կա, որ փոփոխություններով փորձել են ավելի վերահսկելի դարձնել գնումների գործընթացը, իսկ դրդապատճառը, մեր տեղեկություններով, քաղաքապետարանի գնման գործընթացներին մասնակցող «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի եւ «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների հայտնաբերումն էր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի կողմից, որը մայիսին սկանդալային հայտարարություն էր արել դրանց շուրջ: Քաղաքապետարանը լուծեց այս կազմակերպությունների հետ պայմանագրերը, ֆիննախը նրանց ներառեց «սեւ ցուցակում», քրեական գործ հարուցվեց, գործադիրն էլ վերջապես հասկացավ, որ իր ընդունած կարգը մարդկանց դրդում է խարդախության ու կեղծիքների, եւ որոշեց որոշ վերանայումներ անել: