Ի՞նչ որոշում է կայացրել այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի գործով

Ի՞նչ որոշում է կայացրել այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի գործով

Տեղեկացրել ենք, որ այսօր Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ հերթական շինծու դատական նիստը:
Հիշեցնենք, Վարդանյանի գործն առանձին է քննվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից և ուղեկցվում է կոպիտ խախտումներով:
Նախկին պետնախարարը 2023 թ. սեպտեմբերից գտնվում է ապօրինի կալանքի տակ, մինչև այդ Ադրբեջանի ուժայինները նրան առևանգել էին. այս ընթացքում նրան առաջադրվել են մտացածին և ծանր մեղադրանքներ:
Այս փուլում սկսվել է Վարդանյանի մեղադրական եզրակացության ընթերցումը: Նրա պաշտպան Ավրահամ Բերմանը, անդրադառնալով Վարդանյանի կողմից ներկայացված միջնորդությունները չբավարարելուն, հայտարարել է, որ դատավորների կոլեգիան շահագրգռված է քրեական հետապնդմամբ և բողոք է հայտնել դատարանի կազմին։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, մեկնաբանելով միջնորդությունը, նշել է, որ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսդրությունը սահմանում է դատավորի ինքնաբացարկի կոնկրետ դեպքեր, և այդ ինքնաբացարկը պետք է հիմնավորված լինի։
Նրա պնմդմաբ, բացարկ կարող է ներկայացվել, եթե կան կոնկրետ և հավաստի ապացույցներ, որոնք հաստատում են դատավորի շահագրգռվածությունը քրեական հետապնդման նկատմամբ։ 

Ինչպես և ենթադրվում էր, դատախազը նշել է, որ դատաքննության այս փուլում պաշտպանական կողմը քրեական հետապնդման նկատմամբ դատական ​​կոլեգիայի շահագրգռվածության որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել, ուստի բողոքը պետք է թողնել առանց քննարկման։

Վարդանյանի պաշտպանը դիմել է դատարան՝ նրա հետ մեկ անգամ եւս կոնֆիդենցիալ հանդիպման պայմաններ ստեղծելու խնդրանքով։ Դատավորը պայմաններ է ստեղծել գաղտնի հանդիպման համար:Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է փետրվարի 13-ին։