ՔՊ-ից լինի, որ «ЧП» չլինի

Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է, ավելի ճիշտ մի տեսակ զգացողություն ունեմ, որ Փաշինյանն ուզում է արդարադատության նախարարությունը փակել: Հա, ի՞նչ, գյուղնախարարությունը չփակե՞ց, դրանից հետո որևէ անասունի որևէ բան պատահե՞ց: Հրեն, առաջվա պես հանդում արածում են: Եվ կամ՝ Հայաստանում լոլիկ ու ծիրան չե՞ն աճում` գյուղնախարարությունը փակելուց հետո: Մե խառնվել ենք իրար, մե արդարադատության նախարարի թեկնածու ենք ման գալիս… Գոնե գիտե՞նք, թե որն է արդարադատության նախարարի գործը:
Եթե ինձ առաջարկեին ընտրություն կատարել գյուղնախարարի և արդարադատության նախարարի պաշտոնների միջև, ես, առանց մեկ վայրկյան մտածելու, կընտրեի գյուղնախարարի պաշտոնը: Հլա հարցրեք՝ ինչո՞ւ… Չէ, դուք մի հարցրեք` ինչու, ես հիմա կբացատրեմ: Գյուղնախարարի պաշտոնը լավ պաշտոն է, անշառ պաշտոն է, գյուղնախարարն արդարադատության նախարարին հավասար աշխատավարձ է ստանում, բայց խիղճն ավելի հանգիստ է, որովհետև գյուղնախարարի գործը հողի հետ է, ծառ ու ծաղկի հետ է, անասունի հետ է… Մարդու հետ չէ: Փաշինյանն էլ կհաստատի ասածս: Կարծում եք պատահակա՞ն է, որ նա, երբ գոմեր է այցելում կամ ելակի ու մոշի պլանտացիաներ, միշտ բարձր տրամադրություն է ունենում: Էն ե՞րբ էր, որ Տաշիրում խելացի գոմ էր այցելել: Հատուկ հագուկապը ասեմ, պոզավոր հորթերին առանձին պահելու իրողությունից հրճվելը… Ո՞ր մեկն ասեմ: Ի դեպ՝ իմացել եմ, որ գյուղնախարարությունը փակելուց հետո գյուղնախարարի պարտականությունների մեծ մասը ստանձնել է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ մի քանի անկարևոր ոլորտներ թողնելով ՏԿԶ և արդյունաբերության նախարարություններին: Չէ, ես իսկապես լավ գյուղնախարար կլինեի:
Բա չէ՝ արդարադատության նախարար… Դուք «կլյուչնիկ» ասեք՝ քրեակատարողական հիմնարկների «նայող», զագսի կառավարիչ, ՍՊ ընկերություններ գրանցող, ԴԱՀԿ, պրոբացիա, ԲԴԽ-ի և դատավորների վերակացու, մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատու: Զահլա կա՞: Որ կողմը նայում ես՝ գործդ մարդու հետ է, իսկ մարդիկ, ինչպես գիտեք, շատ տարբեր են՝ հանցագործներ, կրկնահանցագործներ, ջեբկիրներ, «քցողներ», հավատացյալներ, հերետիկոսներ, ՔՊ-ականներ, ոչ ՔՊ-ականներ և այլն, և այլն: Դե եկ ու Նիկոլի կառավարության մեջ արդարադատության նախարար աշխատիր: Իմիջիայլոց, Գրիգոր Մինասյանն ահագին էլ ձգեց: Ես այդ հույսն էլ չունեի: Նիկոլն ախր այնքան էր մտած այդ նախարարության գործերի մեջ, որ նախարարին գրեթե անելու բան չէր էլ մնացել: Թերևս միայն զագսի գործերն էր կառավարում: Բավական էր որևէ ՔՊ-շնիկի բիզնես չգրանցեր ու… Խնդրեմ՝ էլ ՔՊ-շնիկների ստորագրահավաք, էլ հրաժարականի պահանջ, էլ բան…Չէ որ չէ, արդարադատության նախարարը պետք է մեզնից լինի: Արա, դուք իսկի մի կատու չեք ունեցել, ինչպե՞ս կարող եք մարդու հետ աշխատել: Ո՞ւմ ես ասում. ոչ ամոթ ունեն ոչ աբուռ: Մինչդեռ արդարադատության նախարարը պետք է կիրթ մարդ լինի, մարդուց հասկացող լինի, արդարության մասին գոնե տարրական պատկերացումներ ունենա: Թե որ պիտի նստեք արդարադատության նախարարի աթոռին ու ՔՊ-շնիկություն անեք, էլ ո՞ւմ է պետք այդ աթոռը: Նիկոլից լավ ՔՊ-շնի՞կ: Ուստի առաջարկում եմ արդարադատության նախարարությունը լուծարել, իսկ նախարարի պարտականությունները դնել Նիկոլի կամ նրա աշխատակազմի երևելիներից մեկի վրա: Եվ՝ վերջ: Գլխից էլ կպրծնենք, գլխացավից էլ:
Անձամբ ես չեմ լսել, բայց պատմում են, որ Փաշինյանը ՔՊ-ի հավաքներից մեկում տրտնջացել է, թե Գրիգոր Մինասյանի գլխավորած արդարադատության նախարարությունը իշխանափոխությունից հետո կարող է պարան դառնալ ՔՊ-ի վզին: Գրիգոր Մինասյանի համար ի՞նչ տարբերություն, թե ով կլինի հաջորդ վարչապետը, այնպես չէ՞: Մինչդեռ Գրիգոր Մինասյանն ահագին բան գիտի ՔՊ-ի ու ՔՊ-շնիկների մասին: Հավաքի մասնակիցներն իսկույն զոռ են տվել իրենց երևակայությանն ու Գրիգոր Մինասյանին պատկերացրել բանտախցի բանալիները մատի վրա պտտեցնելիս: Բա ի՞նչ անեն… Մինչև ՔՊ-ն որոշեր ինչ անել, Փաշինյանն արդեն որոշել էր ու իր որոշման մասին հավաքից առաջ հայտնել Արփի Դավոյանին՝ դուք անվստահություն հայտնեք, մնացածը ես գիտեմ: Այդպես էլ արեցին: Իսկ թե ինչու Նիկոլն իր իրավասություններով ուղղակի չազատեց արդարադատության նախարարին, դա էլ արդեն այլ խոսակցության նյութ է: Գուցե որոշեց քրեակատարողական հիմնարկների բանալիներն իր մո՞տ պահել: Ի՞նչ իմանաս, թե վաղն ինչ կարող է լինել: Ասում են՝ մին հեծվորն է թամբի վրա, մին էլ՝ թամբը հեծվորի: Շառից, փորձանքից հեռու, պետք լինի՝ նախարարությունն էլ կփակի հարմար նախարարացու չունենալու պատճառաբանությամբ: Կարելի է նաև արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել դատախազի, ոստիկանապետի և անգամ ԱԱԾ պետի վրա, մինչև տեսնեն՝ մնում են, գնում են…
Կարծիքներ