Ինչո՞ւ վատամարդ դառնան Ադրբեջանին
Վերջին ամիսներին ամենօրյա ռեժիմով ԶԼՄ-ները ներկայացնում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացքը, որոնց մեջ կարմիր թելով անցնում է երկու իրողություն. Հայաստանն ու հայ ժողովուրդը հանգիստ քնած են, կարծես անհանգստանալու ոչինչ չունեն, իսկ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք է գնում, սպառազինվում, պատրաստվում է պատերազմի՝ միաժամանակ ամեն ինչ անելով, որ Հայաստանը զենք չգնի, բանակը չվերականգնի:
Հայաստանը ողջ օրը խոսում է խաղաղությունից, ՀՀ իշխանությունն իր ողջ ժամանակը տրամադրում է «խաղաղության պայմանագրի» մշակմանը, ստորագրմանը, դրա տարբերակների մասին խոսելուն, իսկ Ադրբեջանը, բացի մեծ քանակությամբ զենք գնելուց, բոլոր խոշոր տերությունների հետ լուրջ բանակցություններ է վարում, նրանց բացատրում, որ Հայաստանն է ագրեսիայի աղբյուրը, որ Հայաստան պետություն, որպես այդպիսին, չի էլ եղել, դա «Արեւմտյան Ադրբեջանն» է, հայցեր է ներկայացնում Հայաստանի դեմ, կեղծ տեղեկատվություն տարածում Հայաստանի մասին, մեծ գումարներ է ծախսում իր քարոզչական թեզերն աշխարհով մեկ տարածելու վրա: Իսկ Հայաստանը, որն ահռելի եւ հզոր սփյուռք ունի եւ ավելի մեծ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններ, Զարեհ Սինանյանի ձեռքով պառակտեց սփյուռքը, օտարեց հայրենիքից, սփյուռքի երկրներում հասարակությանը բաժանեց նիկոլականների եւ հականիկոլականների ու կորցրեց աշխարհում քարոզչություն իրականացնելու բոլոր լծակները:
Միակողմանի տեղեկատվություն ստացող երկրների մի մասում հավատում են ադրբեջանական քարոզչությանը եւ անգամ կրկնում ադրբեջանական կեղծ ու անհեթեթ թեզերը, երբեմն էլ օգտագործում «Արեւմտյան Ադրբեջան» արտահայտությունը, քանի որ հայերը դա չեն հերքում, չեն դատապարտում, դրանց չեն հակադրվում:
Եվ ցանկացած կեղծիք, շատ կրկնվելու դեպքում, սկսում է ճշմարտանման հնչել: Պարզ է, որ քիչ թե շատ տեղեկացված մարդիկ հրաշալի հասկանում են, որ հայերը հինգ եւ ավելի հազար տարվա պատմություն ունեն, այս տարածաշրջանում տեղաբնիկ են, ոչ թե իրենց հարեւանների նման քոչվոր խաշնարածներ: Որ դրա մասին վկայող հազարավոր պատմական փաստեր, իրեղեն, մշակութային ապացույցներ կան, իսկ Ադրբեջանն ընդամենը հազիվ մեկ դարի պատմություն ունեցող արհեստածին երկիր է: Բայց այսօր աշխարհն ամեն երկրի ու ժողովրդի մասին դատում է ոչ թե նրա պատմական անցյալով, այլ՝ ներկա հզորությամբ: Եթե հայերն այնքան վախկոտ են, որ իրենց հողն առանց կռվի հանձնում են եւ հանձնող իշխանություններին նորից ընտրում, ինչո՞ւ պետք է աշխարհը հարգի նման ժողովրդին եւ պաշտպանի նրա ճշմարտացի լինելը, եթե այդ ժողովուրդն ինքն է հնազանդորեն ենթարկվում Ադրբեջանին: Ինչո՞ւ վատամարդ լինեն եւ հակադրվեն Ադրբեջանին, երբ այն տարածաշրջանում դառնում է առաջատար եւ իր կամքն է թելադրում հարեւաններին: Այլ խոսքով` եթե հայ ժողովուրդն ինքն է ուրանում իր հայրենիքը՝ Հայաստան պետությունը, ապա իրենք ինչո՞ւ պետք է այդ պետության շահերը պաշտպանեն:
Եթե փորձենք կարճ ձեւակերպել, ապա՝ հայ ժողովուրդը հակառակ է գնում հայ ազգին, դավաճանում է իր ազգին եւ ինքն իր ձեռքով ոչնչացնում է իր պետությունը: Եթե հայերը թանկ չեն գնահատում, չեն պայքարում իրենց հրաշք՝ հինգհազարամյա պատմություն ունեցող հայրենիքի համար, ինչո՞ւ պետք է ամերիկացիները, անգլիացիներն ու գերմանացիները պայքարեն նրանց փոխարեն։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Կարծիքներ