«Վախճանվել» է Ռեգինա Պռազյանը

«Վախճանվել» է Ռեգինա Պռազյանը

Իշխանական ֆեյքերի բանակի զորահրամանատար «Ռեգինա Պռազյանը» ֆեյսբուքից անհետացել է: Այս կեղծ էջը ժամանակ առ ժամանակ գրառումներ էր կատարում ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին, նրանց կյանքից ինչ-որ դրվագներ էր նկարագարում և այլն։ Կարճ ասած՝ «Գագիկ Սողոմոնյանի» իշխանական տարբերակն էր։ Այս ֆեյքի հետ էր ասոցացվում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, սակայն նրանք ամեն կերպ հերքում էին իրենց առնչությունը կեղծ էջի հետ։

Իշխանության ներկայացուցիչները հաճախ իրենց մասին գրված տեղեկությունները մասնավոր զրույցներում հերքելու նպատակով հղում էին կատարում այս կեղծ էջին, կարծես թե դրա գրածը վերին ատյանի ճշմարտություն և ավետարան էր իշխանավորների համար։ Իշխանական լրատվամիջոցներն էլ սիրով տարածում էին այս ֆեյքի գրառումները՝ հաստատելով կասկածները, որ դրա հետեւում իշխանությունն է կանգնած։

«Ռեգինա Պռազյան» ֆեյքի անհետացման 2 հնարավոր պատճառ կարող է լինել․ կա՛մ իշխանականները վախեցել են, որ հայտնի անեկդոտի սցենարով ֆեյքերի որսի ընթացքում հետքի վրա կարող են դուրս գալ եւ պարզել, թե ով է դրա հետեւում կանգնած, և ոչնչացրել են էջը։ Կա՛մ էլ էջը փակվել է ֆեյսբուքյան օգտատերերի բազմաթիվ «ռիփորթների» (բողոք) արդյունքում։

Հիշեցնենք, որ հակաիշխանական «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գրառումների վերաբերյալ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել և 4 անձի մեղադրանք առաջադրել։ Բայց նրա էջը ռիփորթներով փակել չի հաջողվում, ավելին՝ նա տեղափոխվել է Տելեգրամ եւ իր համար ալիք բացել՝ մի քանի օրում մոտ 5 հազար հետեւորդ ապահովելով։