Ո՞վ է ինքնախաբեությամբ զբաղվում 

Ո՞վ է ինքնախաբեությամբ զբաղվում 

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ստեփանակերտ եւ հանդիպումը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ լրջորեն անհանգստացրել է հակառակորդ կողմին, որի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես է եկել խիստ նյարդային հայտարարությամբ եւ «ինքնախաբեություն» անվանել Արցախը կարգավորման բանակցությունների լիիրավ մասնակից դարձնելու՝ հայկական կողմերի նպատակադրվածությունը: Ադրբեջանական ԱԳՆ-ի ցնցակաթվածն ակներեւ է այն ձեւակերպման մեջ, որ կարգավորման բանակցությունների կողմեր 1992թ. «հանդիսանում են զավթիչ Հայաստանը եւ օկուպացիայի զոհ Ադրբեջանը»: 

Հեղինակն, անկասկած, տառապում է ամնեզիայով, որովհետեւ 1992թ. մարտին ԵԱՀԽ նախարարների խորհրդի լրացուցիչ նիստում ճանաչվել է Արցախի ընտրված իշխանությունների լեգիտիմությունը, իսկ օկուպացիայի մասին խոսք չէր կարող լինել, որովհետեւ այդ պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղն ինքն էր ենթարկված ադրբեջանական ագրեսիայի:

Հենց այդ՝ խնդիրն ռազմական ճանապարհով լուծելու ռասիստական նպատակադրվածությունն է խոչըդոտել հարցի խաղաղ կարգավորմանը եւ դարձել երկու տարի անց ձեւավորված եւ եռակողմ՝ Ադրբեջան- ԼՂՀ-Հայաստան, համաձայնագրով հաստատված ստատուս-քվոյի հիմնական պատճառը: Իր հրապարակային հայտարարություններում մշտապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին հղում անող Ադրբեջանը միտումնավոր անտեսում է, որ այդ փաստաթղթերով Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնությունը ճանաչվում է հակամարտության կողմ, որին ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի առաջարկություններ է ներկայացնում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին երկու բանաձեւերը հորդորում են Հայաստանի կառավարությանը՝ խորհրդատվություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հետ՝ կարգավորման առաջարկությունները քննարկելու նպատակով: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ստեփանակերտ եւ հանդիպումը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, այսպիսով, լիովին համապատասխանում են կարգավորման միջնորդական փիլիսոփայությանը: Այլ բան, որ Ադրբեջանը, չունենալով խնդրի խաղաղ կարգավորման նպատակադրվածություն, իրականում ինքնախաբեությամբ է զբաղվում՝ ներքին լսարանին անընդմեջ ներշնչելով ,,միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության վերականգնման,, գաղափարը եւ նենգափոխելով կարգավորման փիլիսոփայությունը:

Այս դեպքում ստատուս-քվոյի եւ անվտանգության ազգային գործիքակազմի պահպանումն ու կատարելագործումը պարզապես այլընտրանք չունեն: Ավելին, վաղուց ժամանակն է, որպեսզի տարածաշրջանում հայկական զինուժի ներկայությունը միջազգայնորեն օրինականացվի որպես խաղաղապահ առաքելություն՝ ի հակակշիռ Լեռնային Ղարաբաղի հայությանը ֆիզիկական բնաջնջման եւ հայրենզրկման ենթարկելու ալիեւյան խունտայի կանխածրագրումների: