Մի գրավաճառի օրագրից

Մի գրավաճառի օրագրից

Իրերի բերումով (բայց ոչ դժբախտ) շուրջ մեկ տարի աշխատեցի մի գրախանութում, որը գտնվում էր քաղաքի սրտում, ուսանողության եւ երիտասարդության նախընտրելի վայրում: Եվ բախտ ունեցա ավելի լավ հասկանալ հայ ընթերցասերների եւ գիրք նվիրողների գեղագիտական ճաշակն ու չափանիշները:

Գիրքը չեն կարդում, նվիրում են

Այս գրախանութ մտնում են ամենատարբեր մարդիկ, նրանք, որ խանութի աշխատակիցներից շատ են կարդացել, եւ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գիրք կարդալու կամ նույնիսկ չեն էլ պատրաստվում կարդալ: Բայց ես կուզեմ խոսել գիրք նվիրողների մասին: 

Նրանցից շատերը պարտադիր շեշտում են, թե անձամբ իրենք հեռու են գիրք կարդալուց: Գիրք նվիրողների մյուս խավն էլ ընդհանրապես չի ճանաչում նրա նախընտրությունը, ում պիտի նվիրի, եւ մեծ սպասում ունի, թե կօգնես նվիրել գիրք, որ հաստատ նրան դուր գա: Հաճախ ավելի հավանական է, որ նա, ում պատրաստվում են գիրք նվիրել, առանձնապես ընթերցասեր չէ: Փաստ է, որ գրքի նկատմամբ հետաքրքրվածության աճ կա վերջին չորս-հինգ տարիներին, բայց, ըստ երեւույթին, աճել է գրքի դերը՝ որպես լավ նվերի: Կարծում եմ, որ մենք ավելի շատ գիրք գնում ու նվիրում ենք, քան կարդում:

Ինչպե՞ս են գիրք նվիրում հայ տղաները

   Իսկական օպերա է այն, թե ինչպես են գիրք նվիրում սիրահարված տղաները` գիրք նվիրողների այդ յուրահատուկ խումբը: Երիտասարդը որոնումները սկսում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում եւ ուսումնասիրում իրեն գրաված սուբյեկտի գրական նախասիրությունները, իսկ միջին վիճակագրական հայ ուսանող աղջիկը կարդում է կամ ուղղակի ՖԲ-ում «կիսվում է» Պաուլո Կոելյու, Վարդգես Պետրոսյան, Էդգար Հարությունյան, իսկ եթե սիրտը դասականի է ձգտում, ուրեմն՝ Օսկար Ուայլդ ու Ռեմարկ: Տղան աշխատավարձը ստանալուց հետո իր ընկերոջ հետ մտնում է գրախանութ, երկար նայում է, ընտրում հիշատակված հեղինակներից որեւէ մեկին ու անպայման փաթեթավորում պահանջում:

Զարգացնող, շատ զարգացնող

    Նույն իրերի բերումով ստացվեց այնպես, որ աշխատեցի հիմնականում մանկական բաժնում, առիթ ունեցա հանդիպելու ե՛ւ քմահաճ ու տհաճ, ե՛ւ շնորհակալ ու բարեսիրտ ծնողների: Այդ տարբեր մարդկանց միավորում էր անհագ մի ցանկություն, որ իրենց երեխան զարգանա: Եվ կապ չունի, որ այդ խեղճ փոքրիկը, ասենք՝ դեռ օրորոցում է քնում: Նա այլ ելք չունի, քանի որ ծնողը որոշել է՝ պիտի զարգանա:
  
    Ի դեպ, նրանց համար ցանկալի է, որ այդ խաղ-գիրքը զարգացնող լինելուց բացի, մի առավելություն եւս ունենա՝ հնարավորություն տա երեխային քաշվել մի անկյուն, հանգիստ թողնել խեղճ ծնողներին եւ լուռ զարգանալ:

    Երեխաների մի խումբ էլ այնքան զարգացած է, որ իրեն հետաքրքիր չեն խանութում եղած գրքերն ու խաղերը: Ծնողների համար նրանք եզակի են, ու նրանց նմանն աշխարհում չկա: Պատկերացրեք տեսարան, երբ երեխային ցույց են տալիս մի գիրք, որ մեր սերունդը նրա տարիքում կերազեր ձեռքը բռնել, իսկ նա հոգնած ու ձանձրացած նայում է քեզ: Մինչ մայրը գիրք է ուզում՝ զարգացնելու համար, երեխան համառորեն ընտրում է ներկելու գիրք՝ դիսնեյական հերոսուհու նկարով: Հաջորդ րոպեներին պիտի փակես ականջներդ, որովհետեւ լսելու ես աղմուկ-աղաղակ, վեճ ու կռիվ, լացուկոծ: Եզրակացություն` մի եկեք երեխայի հետ գրախանութ ուղղակի շրջելու կամ զարգացնող բան ընտրելու համար, պարզապես պատրաստ եղեք թեթեւացնել ձեր դրամապանակը՝ ըստ երեխայի ցանկության:

    Ի տարբերություն ծնողների` տատիկներն ավելի անշտապ են շրջում գրախանութում: Նրանց մի մասը գալիս է գրախանութ եւ հիասթափվում, ախր, նրա թոռնիկը շատ յուրահատուկ է, բոլոր գրքերն ունի, ամեն ինչ անհետաքրքիր է նրան: Մյուս մասն էլ սովորություն է դարձրել թոշակը ստանալուց հետո թոռնիկի համար մի փոքրիկ սիրուն գիրք գնել:

    Այն, ինչ ես հաստատ սովորեցի երեխաների ու գրքերի հարաբերությունների վերաբերյալ, հետեւյալն էր: Գրեթե բոլոր երեխաներն ունեն հակում դեպի գիրքը, եւ եթե ծնողը մի քիչ հետեւողական լինի, այդ ձգտումը չի էլ մարի: Գիրք-երեխա հարաբերություններում կարեւոր փուլ է մանկան 9-12 տարեկանը: Մի շրջան, երբ երեխան ուզում է կարդալ ինչ-որ բան, բայց հոգնել է հեքիաթներից: Այս առումով վերջին տարիներին «Զանգակ» եւ «Անտարես» հրատարակչություններն այնքան գեղեցիկ մանկապատանեկան շարքեր են ստեղծել, որ հաստատ հնարավոր կլինի հմայել երեխային:

Թե ինչքան մենք թքած ունենք

   2018-ի ամենաշատ վաճառված գրքերից մեկի շուրջ գնորդ-վաճառող մի քանի երկխոսություն ներկայացնելով՝ կարելի է հասկանալ, թե ինչպես է գիրքը Հայաստանում դառնում բեսթսելլեր:
   - Գաբրիել Գարսիա Մարկեսի «Թքած ունենալու նուրբ արվեստը» կտա՞ք․․․
   Չնայած մեր սիրելի կոլումբացին գուցե ավելի կողմ լիներ, որ այս գիրքն իրեն վերագրվեր, քան թե ՖԲ-ում շրջանառվող կեղծ ու պաթետիկ հայտնի նամակը։
   - Ամաչում եմ, է՜, ասեմ, մի հատ գիրք կա՝ «Թքած ունենալու ամենանուրբ արվեստը»…
   Տեսնես այդ ի՞նչ նուրբ արվեստ է, որ ամեն մահկանացու չի կարող ընկալել:
   - Կներեք, 13-14 տարեկանի համար ի՞նչ խորհուրդ կտաք։ Գիրք եմ ուզում նվիրեմ, աղջիկս ա։
   - Հա, սիրո՞ւմ է կարդալ, օրինակ՝ ի՞նչ գործեր է հավանել։
   - Դե, տենց՝ չէ, դասարանցու մոտ մի հատ բան ա տեսել, չեմ հիշում էդ որն էր, «Թքած ունենալու արվեստը»։
Մեր ողջ կազմով մտահոգվեցինք մատաղ սերնդի ճակատագրով, հետո որոշեցինք՝ գուցե ինքներս էլ թքած ունենանք:
Թարմացում. վերջերս վարչապետ Փա շինյանը գնել է «Թքած ունենալու նուրբ արվեստը»:

Թե ինչ էին կարդում ԱԱԾ-ում մինչեւ հեղափոխությունը

    Հեղափոխությունից ամիսներ առաջ, երբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, չէր պատկերացնի հետագա զարգացումները, գրախանութ մտավ մեկը, ում սովորաբար որակում են կասկածելի արտաքինով երիտասարդ:
   - Մաքիավել, Նիկոլ Մաքիավել ունե՞ք:
   - Նիկոլո Մաքիավելի երեւի նկատի ունեք: Ո՞ր գործը:
    Նույն պահին մարդը զանգում է ընկերոջն ու դժգոհում, որ պնդել էր, թե գրախանութում իրեն անմիջապես կհասկանան ու հարցեր չեն տա:
   - Դե, գլխավոր գործը:
   - Լավ, խոսքը «Տիրակալ»-ի մասին է:
  Ի վերջո հայերեն ու ռուսերեն տարբերակները նայելուց հետո, երիտասարդին չի բավարարում գրքի արժեքը, բայց նա, համենայնդեպս, ձայնը ցածրացնում է եւ դիմում աշխատակցին:
   - Լսեք, էս լո՞ւրջ գիրք ա, ԱԱԾ-ում նստած ա՝ ում համար որ տանում եմ:
   Մի փոքր էլ դադար ու…
   - Իսկ էն Կարենինը-բան, հո ղզիկ բան չի՞, կարո՞ղ ա էդ տանեմ:
   Լռություն: Հնարավոր է հեղափոխությունը եղավ շնորհիվ նրա, որ մարդիկ սկսեցին Նիկոլո Մաքիավելի կարդալ: Համենայնդեպս, այս դեպքից մի քանի ամիս անց քաղաքը Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքն էր կարդում:

Հայ ժողովրդի հանդուրժողական բնույթի մասին

   Քչերը գիտեն, որ վերջին շրջանում հայ աղջիկները եւ կանայք բավականին շատ կարդում են մի ադրբեջանցի հեղինակի` Էլչին Սաֆարլի անունով: Ռուսաստանում բավականին մեծ հաջողություններ գրանցած ադրբեջանցի այս հեղինակի սենտիմենտալ սիրավեպերը հայերից շատերին դուր են գալիս, ու նրանց համար կարեւոր չէ, որ հեղինակն ադրբեջանցի է: Երբ ես մի միջին տարիքի տիկնոջ հարցրի, թե ինչով է գրավել նրան ադրբեջանցի այս հեղինակը՝ ավելի շատ նկատի ունենալով գրական ցածր արժեքը, նա նայեց ինձ ու…
    - Խի որ թուրք ա, իրա գրածները չպիտի՞ կարդամ:
    Չպատասխանեցի, որովհետեւ երկար կտեւեր բացատրելը, որ որեւէ խելամիտ մեկը չի ասում, թե, օրինակ, Օրհան Փամուկ մի կարդացեք, խոսքն ընդամենը ցածրակարգ գրականության մասին է: Միեւնույն է, եզրա-
կացությունը հետեւյալն է․ պետք չէ ուսումնասիրություններ ու հարցումներ կատարել՝ իմանալու համար, որ մեր ժողովուրդը բավականին հանդուրժող է, ու հենց դա է մեզ տարբերում:

Հեղինակ՝ սցենարիստ Լիլիթ ԵՐԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ