Թուրքմենստանը վերականգնել է գազի մատակարարումը Ռուսաստանին

Թուրքմենստանը վերականգնել է գազի մատակարարումը Ռուսաստանին

Երեք տարվա ընդմիջումից հետո Թուրքմենստանը վերականգնել է գազի մատակարարումը Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է թուրքմենական «Օրիենտ» լրատվական կայքը։ Մատակարարումները վերսկսվել են համաձայն ռուսական «Գազպրոմի» եւ թուրքմենական «Թուրքմենգազի» միջեւ գոյություն ունեցող 25-ամյա պայմանագրի, որը ստորագրվել է դեռեւս 2003 թվականին։ Հիշեցնենք, որ մինչ այս, արդեն երեք տարի, սկսած 2016 թվականից, ռուսական գազային ընկերությունը դադարեցրել էր գազի գնումը թուրքմենական կողմից, այն որակելով որպես «պայմանագրային դադար»։ Անցյալ տարվա աշնանը «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը մեկնել էր Աշխաբադ գնային տարաձայնությունները կարգավորելու համար, քանի որ ռուսները վերապահումներ ունեին մատակարարման գնի հետ կապված, որը որոշվել էր դեռ 2010-ին եւ ցանկանում էին հասնել գնի վերանայման, ինչի առնչությամբ նույնիսկ դիմել էին միջազգային արբիտրաժին 2015-ին։ Եվ ահա այս տարվա մարտին պարզ դարձավ, որ մատակարարումները վերսկսվում են։