Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայոց պատմության» դասագրքերին

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայոց պատմության» դասագրքերին

Թավշյա հեղափոխությունից հետո, մեկ տարվա ընթացքում, պարբերաբար արծարծվել է այն հարցը, թե ինչպես, ինչ ժամկետներում, որ մասնագետների միջոցով պետք է վերանայվեն ու փոխվեն հայոց պատմության դասագրքերը, որոնց՝ նորագույն շրջանին վերաբերող հատվածները թե՛ դպրոցական, թե՛ բուհական ձեռնարկներում ներկայացված են աղավաղված, ժամանակի կոնյունկտուրային համահունչ։ Այդ դասագրքերի մասին բազմիցս ահազանգել ու գրել են պատմաբանները, լրագրողները, ներկայացրել այն դրվագները, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Գրվել է այն մասին, որ հայոց  պատմության դասագրքեր պետք է հեղինակեն անաչառ, որեւէ կուսակցական պատկանելություն չունեցող եւ քաղաքական որեւէ ճամբարի չհարող պատմաբանները, որոնք էլ չեն ունենա կանխակալ մոտեցում եւ դասագրքերից դուրս չեն թողնի նորանկախ Հայաստանի պատմության մեջ անուրանալի  դերակատարում ունեցած պետական եւ ռազմական գործիչների անունները, իսկ շրջադարձային իրադարձություններն էլ կներկայացնեն իրական լույսի ներքո։ 

Վերջերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հարցում էինք հղել՝ իմանալու, թե «Հայոց պատմություն» առարկայի դպրոցական եւ բուհական նոր դասագրքերի ստեղծման ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվում, ինչ չափորոշիչներ են մշակվել։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե ովքեր են ընդգրկվել դասագրքեր հեղինակող մասնագիտական խմբերում, ինչ ժամկետներում է նախատեսված նոր դասագրքերի հրատարակությունը։ 
Նախարարությունից, սակայն, մեզ ուղարկել են ընդհանրական մի պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ․ « Ի պատասխան « Հայոց պատմություն» առարկայի դպրոցական և բուհական նոր դասագրքերի ստեղծման վերաբերյալ Ձեր 16.07.2019թ. դիմումի` տեղեկացնում ենք, որ ներկայումս իրականացվում են հանրակրթական առարկայական չափորոշիչների մշակման աշխատանքները: Նոր դասագրքերի հրատարակման աշխատանքները կսկսվեն առարկայական չափորոշիչների հաստատվելուց հետո միայն: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դրանք հստակ սահմանված չեն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը: 

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով այն, որ ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպումը գտնվում են բարձրագույն ուսումնական հաստատության իրավասության շրջանակներում՝ հեղինակների (համահեղինակների) աշխատությունների գործածության երաշխավորելու հարցը քննության է առնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ դրանց վերաբերյալ տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության համապատասխան ամբիոնի մասնագիտական, ինչպես նաև գիտական (գիտատեխնիկական) խորհրդի դրական եզրակացությունների առկայության և դրանք տվյալ ոլորտի մասնագետների կողմից որպես բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերով իրականացվող ուսումնական գործընթացին օժանդակող նյութեր ճանաչվելու պարագայում»: 

Պատահական չէ, որ գիտական, բուհական շրջանակներին առնչված մասնագետները նշում են՝ մեր պատմաբաններն ընդհանուր հայտարարի չեն գալիս «Հայոց պատմության» դասագրքերի նորագույն շրջանին վերաբերող գլուխը հեղինակելիս՝ մեկը դաշնակցական տեսանկյունից է մոտենում, երկրորդը՝ ՀՀՇ-ական, երրորդն ու չորրորդն էլ կարող են ունենալ այլ նախասիրություններ։ Իսկ այդ ամենի  հետեւանքով  ունենում ենք շրջանավարտներ, որոնք չեն ճանաչում Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահին, առաջին վարչապետին, արցախյան ազատամարտի հերոսներին։