Ներդրողները գալիս, հանդիպում են վարչապետի հետ և գնում

Ներդրողները գալիս, հանդիպում են վարչապետի հետ և գնում

Ազգային ժողովում ՀՀ պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթում ասաց․
«Ես այդպես էլ չտեսա, որ կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը համակողմանի ներկայացնեք։ Սրա մասին՝ զրո տեղեկատվություն, մենակ ասել եք արտահանելի ոլորտում 8%-ով շահութաբերությունն ավելի ցածր է, քան մյուս ոլորտում, բայց ոչ մի խոսք, թե ինչպես է համադրվում ներքին շուկայի խնդիրների հետ»:

Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ հունվարին արտահանումը կրճատվել է 16,2%-ով, փետրվարին՝ 8,2%-ով, մարտին՝ 2,2%-ով, ապրիլին աճել է 9,9%-ով։ «Ընդհանուր 4,1% արտահանման անկում ունենք չորս ամիսներին, ընդորում՝ մարտ-ապրիլ ամիսներին արտահանման թվերը բացարձակ թվերով նույնն են՝ 207 մլն դոլար, այսինքն՝ սա նշանակում է բազան կրճատվել է, քանի որ հեղափոխության բազան սկսել է կրճատվել»,-ասաց նա։ 

Միքայել Մելքումյանը նշեց, որ այսօր չունենք ներդրումների ընդունման հստակ համակարգ,խոշոր ներդրողները գալիս են, հանդիպում են վարչապետի, նախարարների, փոխնախարարների հետ և դուրս են գալիս, քանի որ հստակ չէ, թե ներդրումներն ինչ մեխանիզմներով են կատարվում։ «Պետք է օրենքով ընդունվի ներդրումներ ընդունելու նաև  մերժելու պատասխանատվությունը, ոչ թե քննարկեն, դուրս գան ու այդպես էլ ճակատագիրը չիմանանք»,-ասաց նա։