Ովքեր են Ռուսաստանում առաջ մղում ադրբեջանա-թուրքական շահերը ինֆորմացիոն տարածքում․ RealTribune-ի անդրադարձը

Ովքեր են Ռուսաստանում առաջ մղում ադրբեջանա-թուրքական շահերը ինֆորմացիոն տարածքում․ RealTribune-ի անդրադարձը

Ռուսաստանում առկա է «քաղաքագետների» եւ «լրագրողների» մի շերտ, որը ակնհայտ քայքայիչ գործունեություն է իրականացնում հենց այդ երկրի համար՝ սպասարկելով թուրքական կամ ադրբեջանական շահերը հատկապես այս օրերին, երբ ակնհայտ է, որ Անկարան Բաքվի ձեռքերով փորձում է իրականացնել Անդրկովկասի էքսպանսիան։ Ինչպես գրում է RealTribune-ը, այդ վերլուծաբաններին եւ լրագրողներին հայտնաբերելը կամ երեւակելը բավական հեշտ է։ Նրանք որպես կանոն իրենց հրապարակումներում, ելույթներում, արտահայտած տեսակետներում առաջ են մղում այնպիսի թեզեր, որոնք ձեռնտու են Թուրքիային։ Նրանք, օրինակ հայտարարում են, որ «Ադրբեջանը արդարացի պատերազմ է վարում Լեռնային Ղարաբաղում»։

Մյուս թեզիսն այն է, որ «Թուրքիան պետք է անպայման մասնակցի Ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ առանց Անկարայի խնդիրը լուծելի չէ»։ Երրորդ թեզիսը արդեն այն մասին է, որ «Ռուսաստանը պարտվել է թուրքական հավակնոտ քաղաքականության առաջ եւ հիմա չունի ռեալ ազդեցություն Անդրկովկասում», եւ ապա՝ «ԵԱՀԿ ՄԽ-ն հիմա անգործունակ է եւ անպետք եւ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենք կարող են ամեն բան որոշել՝ առանց Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Փարիզի կարծիքը հարցնելու»։ Թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող «խոսափողների» մեջ հատկապես աչքի է ընկնում արեւելագետ Կիրիլ Սեմյոնովը։ Ի դեպ, այս արեւելագետը Սիրիայի մասով տարատեսակ սկանդալային կեղծ լուրերի հրապարակման մեջ է մեղադրվել, իսկ հիմա էլ սկսել է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հետ կապված Անկարայի թեզիսները լոբբինգ անելով։ Իր տելեգրամյան ալիքում օրինակ, նա գրում է, որ «Թուրքիան ոչ թե փորձում է դուրս քշել Ռուսաստանին, այլ լրացնել այն դատարկոթւյունը, որ թողել է Մոսկվան»։ Ի դեպ նա է այն լուրերի հիմնական տարածողը, թե Հայաստանի կողմում հանդես են գալիս խմբավորումներ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական։ Ընդ որում, նրանց մասնակցությունը մարտական գործողություններին որեւէ տեղ ապացուցված չէ, բացի ինքնահռչակ մասնագետի հրապարակումներից։ Նա նաեւ նսեմացնում է ՀԱՊԿ նշանակությունը։

Չնայած այն բանին, որ Հայաստանը չի խնդրել ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն, Սեմյոնովը թույլ է տալիս իրեն հայտարարել, որ ՀԱՊԿ-ը կլքի իր դաշնակից Հայաստանին, դրանով նսեմացնելով ԱՊՀ գլխավոր ռազմական կառույցի նշանակությունը։ Հաջորդը այս շարքում արդեն քաջահայտ Իգոր Կորոտչենկոն է։ Նա անակնկալ կերպով հայտնվեց Ղարաբաղյան հակամարտության հարցում ադրբեջանաթուրքամետ ճամբարում եւ սկսեց քննադատել Հայաստանը։ Նա հայտարարեց, որ «Ռուսաստանի նախագահի ելույթը Ղարաբաղյան հակամարտության մասով կոտրեց «Հայաստանի ազդեցության գործակալներին», ովքեր խոսում էին նոր նեոօսմանիզմի մասին եւ կոչ անում Մոսկվային զորքեր մտցնել Ղարաբաղ՝ հանուն Փաշինյանի փրկության»։

Սա այն դեպքում, երբ նեոօսմանիզմի հարցը Թուրքիայում կա սկսած 1920-ական թթ, երբ վերացավ Օսանյան կայսրությունը։ Էրդողանը բազմիցս է ապացուցել, որ ինքը այդ հայացքների շարունակողն է։ Հաջորդ «փորձագետը» այս ճամբարում Մաքսիմ Շեւչենկոն է։ Նա համակարծիք է վերը նշված երկու անձանց արտահայտած կարծիքների եւ մտքերի հետ եւ հայտարարում է, որ Ռուսաստանը չկարողացավ ադեկվատ լուծում առաջարկել եւ դրա համար էլ Ադրբեջանն ինքն է լուծում խնդիրը։ Շեւչենկոն նաեւ բավական բուռն է արձագանքում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնք հակասում են իր կարծիքին։ Նա նաեւ հրահրեց այն բանավեճը Համացանցում, երբ հայտարարեց որ «Ադրբեջանը հարկադրաբար է սկսել այն պատերազմը»։

RealTribune.ru