Փաստաբանների պալատը դիմել է Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ կոչով

Փաստաբանների պալատը դիմել է Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ կոչով
Նիկոլ Փաշինյան

Զորակցություն դատավորներին եւ հորդոր՝ չշեղվել իրենց սահմանադրական առաքելությունից

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից:

Որոշմամբ արձանագրել է, որ հասարակության մի հատվածի կողմից փաստաբաններին և դատավորներին վիրավորելու (հայհոյելու) վարքագիծը չի փոխվել: Առ այսօր այդ վարքագիծը շարունակվում է, իսկ գործադիր իշխանությունը համարժեք միջամտություն չի ցուցաբերում:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն իր անհանգստությունն է հայտնել նաև դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների կապակցությամբ:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից և գտել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը նույնպես կարող է նպաստել այս բացասական վարքագիծը կանխելուն:

Հարցի քննարկման արդյունքում ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը միաձայն որոշել է՝

1. Խստորեն դատապարտել փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները, անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից:

2. Զորակցություն հայտնել դատավորներին՝ հորդորելով չշեղվել իրենց սահմանադրական առաքելությունից:

3. Դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ կոչով և օգտագործել իր հեղինակությունը հասարակության մոտ իրավագիտակցության բարձրացման գործուն քայլեր կենսագործելու ուղղությամբ։