Այս պահին բուհերի միավորման նախագիծ չկա

Այս պահին բուհերի միավորման նախագիծ չկա

Մի քանի օր առաջ տեղեկացրել էինք, որ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ազատման դիմում է գրել, նա մեզ հետ զրույցում ասել էր, որ դեռ չի գրել, սակայն մտադրություն ունի։ Տեղեկացել էինք, որ դրա պատճառն ինչ-որ նոր միավոր ստեղծելն է, գուցե՝ Ճարտարապետաշինարարական համալսարանի հետ պոլիտեխնիկի միավորումը։ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 26-ին, սակայն նա խնդրել է իրեն ազատել մայիսի 15-ից։ 

Միավորման հավանականությունը մյուս բուհում՝ Ճարտարապետաշինարարական համալսարանում, հերքում են։ Մենք նախօրեին մի քանի հարց էինք ուղղել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանին, որը համակարգում է բուհերի հետ տարվող աշխատանքները։ Առաջին հարցը, բնականաբար, վերաբերում էր, թե կա՞ արդյոք նման մտադրություն, նախագիծ՝ երկու բուհերը միավորելու։ Փոխնախարարը հայտնում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ու Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանների օպտիմալացման վերաբերյալ նախագիծ այս պահին չի շրջանառվում:

Բայցեւ ավելացնում է․ «Բարձրագույն կրթության բարեփոխումների շրջանակում դիտարկվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունների, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման հարցը, ինչը միտված է լինելու բուհերի մրցունակության եւ գիտահետազոտական արդյունքների որակի բարձրացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ճկունությանը եւ բազմազանությանը»:

Ինչ վերաբերում է Ոստանիկ Մարուխյանի դիմումին, Գրիշա Թամրազյանը հայտնեց․ «Բուհերի ռեկտորներն ընտրվում են 5 տարի ժամկետով: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ոստանիկ Մարուխյանի ընտրության արդյունքները ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 2015 թվականի հունիսի 25-ին: Ռեկտորի հրաժարականի դիմում այս պահին սեղանին չկա, սակայն նա հայտնել էր իր մտադրության՝ մինչեւ աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»: Հոգաբարձուների խորհրդի նիստը նշանակված է հունիսին, այս ընթացքում ո՞ւմ վրա են դրվելու ռեկտորի պարտականությունները։ Պատասխանել է․ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է պատկանում հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի եւ կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը»: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրամ է. հոգաբարձուների խորհրդի իրավասությունների ներքո են ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի ընթացակարգերի սահմանումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաեւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:

ՀԳ․ Սակայն երեկ անսպասելիորեն ստացանք պոլիտեխնիկի ռեկտորի պարզաբանումն այն մասին, որ ինքը փոշմանել է եւ որոշել է շարունակել աշխատել մինչեւ ժամկետի ավարտը, այսինքն՝ 2020 թվականի հունիսի 26-ը։ Բացատրությունն է՝ «հաշվի առնելով արտակարգ դրության երկարաձգումը եւ ընդառաջ գնալով ՀԱՊՀ աշխատակիցների խնդրանքին»։