Ի՞նչ է մտածում մեր կառավարությունը Վրաստանի առաջարկի վերաբերյալ

Ի՞նչ է մտածում մեր կառավարությունը Վրաստանի առաջարկի վերաբերյալ

Եթե Հայաստանին որեւէ օգնություն պետք լինի, այդ թվում՝ նաեւ նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։ Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել էր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։ Գամկրելիձեին հարցրել էին, թե արդյոք Վրաստանը կարո՞ղ է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ ընդունել Հայաստանից, ինչպես Գերմանիան էր ընդունում հարեւան երկրներից։ «Գիտեք, անցած շաբաթ փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ։ Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ աջակցում ենք միմյանց եւ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետ։ Եթե հայկական կենտրոնը մեզ դիմի օգնության խնդրանքով, ապա մենք մեր իրավասությունների շրջանակում ամեն ինչով պատրաստ ենք օգնել, նաեւ թեստավորման կամ այլ հարցերով»,- ասել է Գամկրելիձեն։ Պացիենտների բուժման հարցում էլ, եթե Հայաստանն այսօր դրա կարիքն ունենա, Գամկրելիձեի խոսքով, Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը ոչ միայն պատրաստ են օգնել, այլեւ կանեն ամեն հնարավորը։ «Այդ հարցն առաջին հերթին Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի։ Վստահ եմ, որ Վրաստանը պատրաստակամությամբ կընդունի առաջարկը»,-ասել է Գամկրելիձեն։ Նա հիշեցրել է նաեւ, որ 1988թ․ երկրաշարժից հետո վրացիներն առաջինն են հասել օգնության։ «Մենք միշտ ձեր կողքին ենք»,- եզրափակել է Գամկրելիձեն։

Երեկ մենք փորձեցինք հասկանալ, թե հայկական կողմը պատրաստվո՞ւմ է ընդունել Վրաստանի օգնության առաջարկը։ Ակնհայտ է, որ այսօր մենք ծանր վիճակում ենք գտնվում եւ միայն մեր ուժերով չենք կարողանում հաղթահարել կորոնավիրուսի ստեղծած աղետալի վիճակը։ Մանավանդ՝ Վրաստանին դա հաջողվում է, եւ վատ չէր լինի, եթե մեր հարեւանները ոչ միայն մեթոդական օգնությամբ, այլեւ բժշկական եւ այլ, մեզ ձեռք մեկնեին։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ առաջարկեց առողջապահության նախարարությունից ճշտել, թե այս ընթացքում կողմերի միջեւ եղե՞լ է որեւէ հաղորդակցություն, քանի որ Գամկրելիձեի առաջարկը, ըստ Գեւորգյանի, ուղղված է եղել կոնկրետ առողջապահության նախարարությանը։ Նախարարությունից բավարարվեցին մի հերթապահ միտք արտաբերելով, թե կարիքի դեպքում միշտ էլ Հայաստանն ու Վրաստանը իրար ձեռք են մեկնել։ «Մենք Վրաստանի հետ միշտ համագործակցել ենք բոլոր մակարդակներում` նախարարից մինչեւ մասնագետ, եւ այդ համագործակցությունը շարունակական է լինելու: Կարիքի դեպքում մեկմեկու ձեռք ենք մեկնել, թե՛ մենք՝ իրենց, թե՛ իրենք՝ մեզ»,- փոխանցեցին նախարարությունից։

Մեր մյուս հարցին, թե Գամկրելիձեն կոնկրետ առաջարկ է արել պացիենտների բուժման եւ այլ հարցերում, Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել, նախարարությունը պատրաստվո՞ւմ է դիմել Վրաստանի օգնությանը, առաջարկից հետո կապվե՞լ են վրացական կողմի հետ, փոխանակե՞լ են տեղեկատվություն, ի վերջո՝ մարդու կյանքից թանկ ոչինչ չկա, եւ սա այն դեպքը չէ, որ մենք ամբիցիաներ դրսեւորենք կամ հպարտություն խաղանք՝ վտանգելով մեր ժողովրդի անվտանգությունը, նախարարի խոսնակը մեզ չպատասխանեց՝ ասելով, որ հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություն չունեն։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանից, ում կոնկրետ իր վրաց գործընկերն առաջարկ էր արել, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, ապա անջատեց հեռախոսը։  

Այս իրավիճակը խոսում է մեր պաշտոնյաների ամբարտավանության եւ ոչ թափանցիկ աշխատանքի մասին։ Մի կողմից՝ բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն, բայց նաեւ զլանում են բռնել իրենց օգնության մեկնված ձեռքը։ Ստացվում է՝ այսպիսի կառավարման արդյունքում մենք ունենք հիվանդության վտանգավոր աճ, մահերի մեծ քանակ եւ անհուսալի ապագա։ Ո՞վ է պատասխանատու այս վիճակի համար, եւ ի՞նչ է նստում մեր երկրի վրա իշխանավորների այս մեծամտությունը։