Անի Սամսոնյանը դիմել է վարչապետին

Անի Սամսոնյանը դիմել է վարչապետին

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Այսօր դիմել եմ ՀՀ վարչապետին արտագնա տուրիզմի ոլորտի տնտեսվարողների կողմից բարձրացված հետևալի հարցի շուրջ.

Սույն թվականի մարտի 6-ին արտագնա #տուրիզմի ոլորտի մի խումբ ՀՀ #տնտեսվարողներ (ինչպես նշված է նամակում՝ 80 կազմակերպություն) բաց նամակ են հրապարակել ուղղված ՀՀ կառավարությանը և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գրասենյակին՝ արձանագրելով մի շարք խնդիրներ եվրոպական երկրներում իրենց հանգիստը նախատեսող քաղաքացիներին #վիզաների տրամադրման հետ կապված ծագող բարդությունների վերաբերյալ:

Մասնավորեցնելով խնդիրը՝ կազմակերպությունները իրենց մտահոգությունն են հայտնում, որ. «Ցավալիորեն տպավորությունը այլ է, երբ առնչվում ես վիզա ստանալու ոչ հաճելի գործընթացի հետ: Այս պարագայում բախվում ես ոչ միայն ոչ հարգալից վերաբերմունքի, այլ նաև կողմնապահության և երբեմն նույնիսկ մարդու իրավունքի ոտնահարման իրավիճակի: Դեսպանատներում հարցազրույց անցնելիս երբեմն տպավորություն է, որ սրահում հավաքված են պոտենցիալ փախստականներ, այլ ոչ թե մարդիկ, որոնք պարզապես մեկնում են հանգստի, գործնական կամ անձնական ճամփորդության: Հանգստի մեկնելը երբեմն իսկական մղձավանջի է վերածվում» /մեջբերում նամակից/:

Նամակում նշվում է նաև, որ քաղաքացիները 
ստանում են չմեկնաբանված #մերժումներ, պայմանավորվածությունների ձեռքբերման համակարգը նորմալ չի գործում, հեռախոսազանգերը մնում են անպատասխան, ընթացակարգերում նկատվում են անհարկի #բարդացումներ և դիմողները արժանանում են աշխատակիցների կոպիտ վերաբերմունքին: Նաև՝ առաջացած խնդիրների վերաբերյալ ՀՀ #ԱԳՆ դիմելիս հարցումները մնում են անպատասխան:

Տնտեսվարողները պնդում են, որ ստեղծված իրավիճակը խիստ վնասում է արտագնա տուրիզմի ոլորտի փոքր և միջին ընկերություններին:

Այս ամենը առնվազն տարակուսանք է առաջացնում նաև Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի #ազատականցման շուրջ ակտիվ բանակցությունների համատեքստում:

Խնդրել եմ ներկայացնել պարզաբանումներ բաց նամակում նշված պնդումների և հարցադրումների վերաբերյալ:

Հ.Գ Բաց նամակը կարող եք տեսնել մեկնաբանություններում»: