Ինչ պայմանավորվածություն է խախտել Ալիեւը

Բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ դեռեւս 2022 թվականին Պրահայի հայտնի հանդիպումից հետո Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ամրագրվել է, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դառնում են այլևս պետական սահման. «Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա հիմք երկու երկրների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման հիմքը: Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որի խոսքից տպավորություն է, թե իրենք դեռեւս Պրահայում թղթի վրա ամրագրել են այդ փաստը, իսկ հետո Ադրբեջանը դրժել է այս պայմանավորվածությունը եւ հիմա ինչ-որ այլ քարտեզներից է խոսում։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելու առաջին իսկ օրվանից տեղեկատվական տարբեր աղբյուրներից հայտնում էին, թե Ադրբեջանը հրաժարվում է քարտեզներ ամրագրել դեմարկացիայի գործընթացի համար, քանի որ տարածքային մեծ նկրտումներ ունի եւ անգամ Պրահայի հայտարարությունից հետո Ալիեւը որեւէ անգամ հրապարակային չի հայտարարել Հայաստանի սուվերեն տարածքը՝ 29 հազար 800 ք/կմ-ն ճանաչելու մասին։ Վերջերս անգամ ՔՊ-ականներն էին բացահայտ դժգոհում քարտեզների թեմայով։ ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը դիցուք հունվարի 16-ին հայտարարել է.
«Ասում եք՝ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի քարտեզները, Ադրբեջանը թող առաջարկի այլ քարտեզ, որը, սակայն, կունենա իրավական հիմնավորվածություն, որովհետև կարելի է օրինակ բերել մ.թ.ա. 2-րդ դարի քարտեզ. դա լուրջ չէ: Կարելի է բերել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո եղած քարտեզը, որը ևս լուրջ չէ: Մենք պետք է բերենք քարտեզ, որտեղ ՀՀ-ն և Ադրբեջանը եղել են անկախ պետություններ, կամ եթե ԽՍՀՄ կազմում են եղել, եղել են որոշակի սահմաններ, որոնք իրավական հիմքեր են ունեցել»։
Ինչո՞ւ, օրինակ, այսօր կամ վաղը չի կնքվում խաղաղության պայմանագիր, Պապոյանն ասում է. «Հենց այդ հարցի պատճառով, որովհետև միանշանակ է ու հստակ, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ հետագայում առաջացնելով նոր խնդիրներ: Ֆունդամենտալ հարցը քարտեզն է, եթե խաղաղության պայմանագրի հիմքում դրվում է քարտեզը, հարցը հետագայում շատ տեխնիկական է: Դա է պատճառը, որ քարտեզը պետք է դրվի պայմանագրի հիմքում»։
Այսօր ԱԳՆ-ից փորձեցինք պարզել՝ եղե՞լ է արդյոք նման ամրագրում գրավոր փաստաթղթերում, մասնավորապես, խաղաղության պայմանագրի առաջարկների որեւէ փուլում եղե՞լ է այդ հարցի շուրջ պայմանավորվածություն, համաձայնություն։ Սակայն ԱԳՆ մամուլի խոսնակը մեզ ուղղորդեց, թե` «Վարչապետի հարցազրույցի մասով դիմեք վարչապետի աշխատակազմ, վարչապետի խոսնակին: Եթե պատասխանից հետո ԱԳՆ կողմից լրացուցիչ անդրադարձի կարիք լինի, կապի մեջ կլինենք»:
Հարցն ուղղեցինք վարչապետի մամուլի խոսնակին, սակայն ավելի հեշտ է Ալիեւի խոսնակից ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քան Նազելի Բաղդասարյանից: Գուցե հարցը հրապարակայնացնելուց հետո տիկին Բաղդասարյանը բարեհաճի պատասխանե՞լ:
Կարծիքներ