Մխիթար Հայրապետյանն ու իր պատվիրակությունը Գյումրու բակերում ջազ են ունկնդրում

Մխիթար Հայրապետյանն ու իր պատվիրակությունը Գյումրու բակերում ջազ են ունկնդրում

Գյումրու ավագանին վերջին նիստին մեկ միլիոն դրամ համայնքի բյուջեից հատկացրեց Ջազի միջազգային օրը յուրահատուկ տոնելու համար: Գյումրու քաղաքապետարանն ու «Մանուկյան ընկերություն»-ը ապրիլի 30-ից մայիսի 3-ը Գյումրիում երկրորդ անգամ իրականացնում են HAY-AT JAZZ նախագիծը՝ նվիրված Ջազի միջազգային օրվան։ Ըստ քաղաքապետարանի, 1մլն դրամը այն մինիմալ ծախսն է, որն անհրաժեշտ է նախագիծն իրագործելու  համար: Գումարը  բավարար է ջազմեններին հյուրընկալելու, համերգները պատշաճ կազմակերպելու համար: Ջազային համերգներն անցկացվելու են Գյումրու թանգարանների բակերում՝ 4 օր շարունակ մշակութային «հայաթները» վերածելով ջազային համերգների հարթակների։ Ապրիլի 30-ին Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ. MVF Band» խմբի մասնակցությամբ  մեկնարկել  է  HAY-AT JAZZ նախագիծը:

Երեկ  արդեն երկրորդ  ջազային համերգն է տեղի ունեցել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում: Ջազի   սիրահարներն ունկնդրել են  Լուսինե Սարգսյան եւ Կարեն Գրիգորյան քառյակին: 

Ուշագրավ է,որ  համերգին ներկա է եղել նաև  ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Ինչպես քաղաքապետարանն է  տեղեկացնում, համերգին ներկա է եղել Մխիթար Հայրապետյանի պատվիրակությունը՝ նրա գլխավորությամբ:  Ներկաների խոսքերով Մխիթար Հայրապետյանն ու իր պատվիրակությունը թանգարանի   բակում ջազ են  վայելել ընդամենը 5-10 րոպե,որից հետ  աննկատ հեռացել են: Նկատենք,որ «Իմ քայլը» դաշինքի      ԱԺ երիտասարդ   պաշտոնյաներին  վերջերս Գյումրին ձգում է: Ընդամենը մի քանի օր առաջ՝ Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությունների  շրջանակում, ողջ օրը Գյումրիում անցկացրեց Լիլիթ Մակունցը՝ պատգամավորներից մի քանիսի հետ միասին:

Հիշեցնենք,որ այսօր արդեն  ջազի սիրահարները Գյումրիում անվճար   ջազ ունկնդրելու հնարավորություն ունեն Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում,որտեղ հանդես կգա «Հյուսնունց քառյակը»:

Իսկ ահա արդեն վաղը՝ջազի վերջին օրը, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակում կհյուրընկալվի Լեւոն Մալխասյան եւ Մալխաս ջազ բենդը:

Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի