Թուրքիան պետք է վռնդվի ՆԱՏՕ-ի կազմից

Թուրքիան պետք է վռնդվի ՆԱՏՕ-ի կազմից

ԽՍՀՄ գլխավորությամբ սոցիալիստական ճամբարի դեմ կանգնած էր ՆԱՏՕ-ն՝ որպես արեւմտյան արժեքների, ժողովրդավարության պաշտպան, եւ դրանում… Թուրքիան: Եվ եթե 20-րդ դարի երկրորդ կեսին դեռեւս հնարավոր էր մեծ վերապահումներով Թուրքիան ընկալել որպես ժողովրդավարական երկիր, ապա այսօր դա ուղղակի անհնար է: Սկզբում դանդաղ, իսկ հետո արագացված տեմպով դեպի արեւելյան բռնապետություն գլորվող մեր ոչ բարով-խերով հարեւանն այսօր էլ շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ: Թեեւ վաղուց արդեն գոյություն չունեն ո՛չ սոցիալիստական ճամբարը եւ ո՛չ էլ սովետների միությունը: Եվ ուղղակի անհեթեթություն է, որ մեր օրերում ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հանդուրժում է կազմակերպության կազմում Թուրքիայի առկայությունը: Ի դեպ, Սպիտակ տան կայքում արդեն առցանց ստորագրահավաք էր սկսվել ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու խնդրագրով ), եւ հոդվածը գրելու պահին այն հատել է 100 հազարի սահմանը, եւ ըստ այդմ՝ ԱՄՆ կառավարությունը պարտավոր է քննարկել հարցը: 

Ժամանակին մեր իրականությունում քարոզվում էր, որ Թուրքիայի ժողովրդավարացումը եւ Եվրոպական Միության մեջ նրա ներառումն օգուտ է մեզ, քանի որ թե՛ դրա ճանապարհին եւ թե՛ դրա հետեւանքով Թուրքիան կդառնա ավելի «տանելի» հարեւան: Որովհետեւ պետությունը «կմոռանար» արեւելքի ճանապարհը եւ պակաս վտանգավոր կլիներ Հայաստանի համար: Եվ, ինչ մեղքս թաքցնեմ, ես եւս կողմնակից էի այդ տեսությանը, սակայն առաջին հայացքից տեսականորեն ճիշտ այդ դրույթը չդիմացավ ժամանակի քննությանը, եւ դանդաղ ազատականացվող Թուրքիան միաժամանակ կորցնում էր աշխարհիկ բնույթը՝ ձեռք բերելով իսլամական երանգներ, ու ժամանակի ընթացքում էլ հաղթանակեց հենց կրոնական եւ ոչ թե ազատականացման բաղադրիչը: Եվ այսօր, ի դեմս Թուրքիայի, մենք ունենք արեւելյան տիպի բռնապետություն, որտեղ առանց որեւէ բարդության դատական որոշումներով բանտերն են ուղարկվում խորհրդարանի պատգամավորներ եւ տեղական ինքնավարության ղեկավարներ: Խոսքն ԱՄՆ-ում բնակվող թուրք գրող, նախկին իմամ եւ քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի կողմից, ըստ պաշտոնական տեղեկատվության, իրականացված անհաջող ռազմական հեղաշրջման կողմնակիցների մասին չէ:

Եթե ասվածին գումարվեն ադրբեջանաթուրքական տանդեմի գործողություններն Արցախի եւ երբեմն նաեւ Հայաստանի բնակավայրեր հրթիռակոծելու առումով եւ Թուրքիայի կողմից միջինարեւելյան ահաբեկիչներին վարձակալելու ու Արցախի դեմ մղվող պատերազմի ճակատային գիծ տեղափոխելու մասին, ապա պատկերը կստանա ամբողջական տեսք: Եվ ըստ այդմ՝ Թուրքիան պետք է վռնդվի ՆԱՏՕ-ի կազմից, եւ դա արեւմտյան պետություններին թույլ կտա ավելի ազատ արտահայտվել թուրքական վայրագությունների մասին՝ լինեն դրանք Սիրիայում թե Արցախում, եւ դատապարտել այդ երկրի ղեկավարության վարքագիծը: Դա միաժամանակ թույլ կտա խոսքի մակարդակից անցնել գործի եւ սահմանափակումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ այնպիսի երկրների կողմից, ինչպիսին, օրինակ, Ֆրանսիան է, եթե, իհարկե, երկրի նախագահ Էմանուել Մակրոնը գնա նման քայլի:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ