Ռուսների միջոցով զենք է տեղափոխվում ԼՂ․ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է

Ռուսների միջոցով զենք է տեղափոխվում ԼՂ․ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական մեղադրանքն է հնչեցրել հայկական կողմի և ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հասցեին։

Գերատեսչությունը պնդել է, թե մարտի 24-ին Ստեփանակերտ-Խայփալու երթուղով բացահայտել են «ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոշարասյան շարժը»՝ կից տեսանյութ հրապարակելով։

Կադրերն, իհարեկ, ոչ մի լուրջ փաստարկ չեն պարունակում և նման են նախորդիվ հրապարակած համանման տեսանյութերին, որոնք արված են պարզունակ վիդեոմոնտաժի օգնությամբ։

«Մեր տեխնիկական հսկողության սարքավորումները արձանագրել են ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող մեկ մարտական մեքենայի, ինչպես նաև հայերին պատկանող 3 «ԿամԱԶ» բեռնատարի և մեկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի տեղաշարժը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուղեկցությամբ ռազմական փոխադրումների անթույլատրելիության մասին, ինչը եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է։ Ղարաբաղում գործող հայկական ապօրինի կազմավորումների համար ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուղեկցությամբ կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ նյութատեխնիկական միջոցների անվճար փոխադրման համար պայմանների ստեղծումը ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է խաղաղապահ զորախմբի կողմից։ Նման միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն։

Նման անօրինական գործողությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, անհրաժեշտություն են ստեղծում Լաչինի ճանապարհին ադրբեջանա-հայկական սահմանի վերջնակետում ստեղծել Ադրբեջանի սահմանային անցակետ»,- նշել են Բաքվում և սպառնացել դիմել միջոցների՝ հնարավոր բախման հետևանքների պատասխանատվությունը վերագրելով հայկական կողմին։