Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում կրկնակի քվեարկությամբ էլ տնօրեն չի ընտրվել

Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում կրկնակի քվեարկությամբ էլ տնօրեն չի ընտրվել

Երեւանի թիվ 10 հիմնական, նախկինում հայագիտական թեքումով հայտնի դպրոցի կոլեկտիվը վերջերս մեր թերթի միջոցով իր դժգոհությունն էր հայտնել տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթից։ Դպրոցի մանկավարժները մասնավորապես դժգոհել էին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանից, որը ճնշումներ էր գործադրել մրցույթի ժամանակ։
Այդ մասին մենք հարցում էինք հղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն։
Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն էլ մանրամասն, չինովնիկական բառապաշարով հագեցած պատասխան նամակ է ուղարկել, որը  ներկայացնում ենք ստորեւ։
Ըստ պատասխանի՝ հունիսի 14-ին վերոնշյալ դպրոցում տեղի ունեցած մրցույթին ներկա է գտնվել կառավարման խորհրդի 8 անդամներից 6-ը, այդ թվում՝ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը։
Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար դիմած 3 հավակնորդներից՝ փակ քվեարկությամբ, Նարինե Նիկողոսյանը ստացել է 3 «կողմ» ձայն, Մարտիրոս Վարդանյանը՝ 3 «կողմ» ձայն եւ Խանդութ Սարգսյանը՝ 0 «կողմ» ձայն։ Իսկ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության   (նշանակման) կարգի 28-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հավակնորդների թիվը 3 եւ ավելի լինելու եւ տնօրեն չընտրվելու դեպքում նույն տարվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն։ Կրկնակի քվեարկությանը մասնակցում են առավելագույն «կողմ» ձայներ ստացած երկու հավակնորդները։ Եթե բոլոր հավակնորդները հավաքել են նույն քանակությամբ ձայներ, ապա կրկնակի քվեարկությանը մասնակցում են բոլոր հավակնորդները։ Կրկնակի քվեարկությամբ եւս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում ՀՀ փոխվարչապետին, իսկ կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության եւ տնօրենի պաշտոնի՝ կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները։ 
Կրկնակի քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած երկու հավակնորդներից՝ Նարինե Նիկողոսյանը ստացել է երեք «կողմ» ձայն։ Կրկնակի քվեարկությամբ եւս տնօրեն չի ընտրվել։ Եվ այդքանից հետո էլ նույն կարգի համաձայն՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության՝ մարզային ենթակայության դեպքում ՀՀ փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որեւէ մեկի թեկնածությունը՝ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար։ 
Կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում հավակնորդներին ընտրում եւ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր են կնքում համապատասխան լիազոր մարմինները։ Իսկ ընտրության արդյունքների մասին լիազոր մարմինը գրությամբ տեղեկացնում է հաստատության խորհրդին՝ հավակնորդներին պատշաճ կերպով տեղյակ պահելու համար։