Մեր ականջներից հերթական «լապշան» կախելը

Մեր ականջներից հերթական «լապշան» կախելը

Հարավային Կովկասում ԵՄ դեռևս (շուտով լքելու է իր պաշտոնը) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար. «Հուսով եմ, որ թշնամության և բռնության էջը վերջնականապես կշրջվի մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի բնակչության բոլոր շերտերի, այդ թվում՝ ղարաբաղահայության։ ԵՄ-ն շատ հստակ է արտահայտվել այս հարցի շուրջ. ղարաբաղցի հայերի վերադարձի հարցը լինելու է կարգավորման գործընթացի մաս։ Ակնկալում եմ, որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց հայրենի շրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ»։

2014 թվականից Հարավային Կովկասում (սկզբում զուտ Վրաստանում) պաշտոնավարող եվրոպական չինովնիկ, պարոն Կլաարը կա՛մ բացարձակ չի տիրապետում իրավիճակին և կա՛մ փորձում է հերթական եվրոպական «լապշան» կախել հայաստանցիների ականջներից: Որովհետև, նախ, ԵՄ-ն ցանկություն չունի և չեմ կարծում նաև, որ երբևէ կունենա (եթե, իհարկե, երկրի մագնիսական դաշտն, օրինակ, չփոխի իր ուղղվածությունը) իրականում աջակցել «ղարաբաղցի հայերի վերադարձին»: Եթե  ցանկություն լիներ արցախցիներին պահել Արցախում, ապա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը ԵՄ-ն, նախ, չէր խլի Մոսկվայից: Եվ երկրորդ՝ եթե ունենար խիստ հայամետ դիրքորոշում, ապա կարգավորման ռուսական բանաձևից (Լեռնային Ղարաբաղի հարցի հետաձգում) շատ ավելի լավը կորդեգրեր ու Իլհամին կստիպեր կյանքի կոչել այն: Եվ ոչ թե ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին կստիպեր, որպեսզի վերջինս ԼՂ-ն ճանաչեր Ադրբեջանի կազմում: Վստահ եմ, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողին պետք է ստիպեին, որպեսզի երեք տարի անց ասեր, որ ԼՂ-ն Արբեջանի մաս է: Վստահ եմ նաև, որ որքան էլ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը լիներ հայատյաց՝ նրան պետք է «խնդրեին», որպեսզի դա ասեր:       

Անցնենք առաջ: Տոյվո Կլաարը քաղաքանապես դիլետանտ պետք է լինի, որպեսզի չհասկանա, որ ԵՄ-ն երբեք լրջորեն չի դնի «ղարաբաղցի հայերի վերադարձի» հարցը, քանի որ դա կնշանակի հետ տալ պատմության անիվը և հայ-ադրբեջանական հարաբերությունները վերադարձնել 1988 թվականի մակարդակին: Ինչն, ի տարբերություն Տոյվո Կլաարի, շատ լավ գիտակցում է ադրբեջանական բռնապետը ու այդ պատճառով էլ երբեք չի համաձայնվի այդ տարբերակին: Ուրիշ հարց, որ նա այն կօգտագործի նախքան 1988-ն իրենց բնակության վայրերն ադրբեջանցիների վերադարձն ապահովելու ուղղությամբ: Շատ լավ պատկերացնելով, որ իր հրամանով տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ կվերադառնան Հայաստան, սակայն հազիվ թե մի քանի տասնյակ արցախցի վերադառնա Արցախ՝ ադրբեջանական գերիշխանության ներքո կյանքը «վայելելու» ակնկալիքով: Էլ չասած Արցախից դուրս ադրբեջանական բնակավայրեր վերադառնալու մասին:

Կլաարն ասել է նաև, որ այդ առումով Ադրբեջանը պարտավորություններ ունի, ինչը, ինչպես իրեն է թվում է, չի հերքում։ Այո, Իլհամը չի հերքում այդ պարտավորությունը, որպեսզի պահպանի Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հնարավորությունը: Ինչը ՀՀ վարչապետի պաշտոնին Նիկոլի մնալու դեպքում մի ոչ գեղեցիկ օր կարող է դառնալ իրականություն: Իզուր չի, չէ՞, Նիկոլին ձեռ առնելու հետ մեկտեղ անընդհատ աջակցում նրա պաշտոնավարմանը: Հենց այդ պատճառով և ոչ թե, ինչպես էստոնացի Տոյվոյին է թվում, «փոխադարձ հարգանքի» հիման վրա: Այդ հարցում պարոն Կլաարը մեզ երևի հիմարի տեղ է դնում՝ ինչպե՞ս կարող է այսքանից հետո ադրբեջանցին հարգել Նիկոլին և մեզ, որ չենք կարողանում ազատվել նրանից: Ինչ մնում է արցախցի-ադրբեջանցի երկխոսության հնարավորությանը, ապա այդ մասին կլռեմ, որպեսզի ոչ թույլատրելի բառապաշար չօգտագործեմ պարոնի հասցեին: 

Եվ մի բան էլ. այո, մինչև 2020 թվականի պատերազմը ԵՄ-ն շատ ավելի քիչ նշանակալի դեր էր խաղում մեր տարածաշրջանում, և լավ կլիներ, որ նրա ջանքերը սահամանափակվեին Մինսկի խմբի համանախագահների շրջանակով: Այդ դեպքում գոնե արցախցին կշարունակեր բնակվել իր բնակավայրում և ոչ թե կլքեր այն: Իսկ դա անպայման այդպես կլիներ, քանի որ խնդրի կարգավորման այդ տարբերակը ձեռք էր տալիս Ռուսաստանին, որ 30 տարի շարունակ եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորողը՝ նախքան «ժողովրդի փրկիչ» ու «դուխով» Նիկոլի վարչապետ կարգվելը:

Հ. Գ. Բաքվի բանտերում մեր հայրենակիցների և նիկոլական «խաղաղության» մասին պարոն Կլաարի մտքերն ավելի չեն, քան սովորական ջուր ծեծոցին: