Պատերազմի այս ձևով ավարտն Իրանում շատ ավելի զգոնություն և զգուշություն է առաջացրել․ իրանահայ պատգամավոր

Պատերազմի այս ձևով ավարտն Իրանում շատ ավելի զգոնություն և զգուշություն է առաջացրել․ իրանահայ պատգամավոր

Արդեն մի քանի օր է անցել հրադադարի համաձայնագրի ստորագրումից, իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ հարցեր մնում են դեռևս անորոշ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես տարածաշրջանային երկիր պատերազմի ընթացքում բավականին ակտիվ էր նաև դիվանագիտական ճակատում։

«Հրապարակը» զրուցել է Իրանի խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։

-Պարո՛ն Բեգլարյան, համաձայանգիր կնքվեց, որով ԼՂՀ մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ցանկանում էի իմանալ, Իրանը որևէ ազդեցություն ունեցել՞ է այս համաձայնագրի կետերի, հաստատման հետ կապված։

-Այնքանով, որքանով մենք ենք մեր շփումներում հստակեցրել, հստակորեն մեզ չի փոխանցվել, թե Իրանն ընդհանրապես տեղեկություն ունեցել է, թե չէ։ Բայց, ինչպես արդեն պատերազմի օրերին էր երևում, համենայնդեպս բացի այն սպառնալիքը, որ զգում էր սահմանամերձ շրջաններից, ականատես էինք, որ իրանական զորքերը բավականաչափ տեղափոխվեցին սահմանին և հիմա էլ դեռ այնտեղ են, այլ բան չեմ կարող ասել։ Ընդհանուր առմամբ իրենք սպասում էին, որ տեսնեին Ռուսաստանի կեցվածքը, դիրքորոշումը, և կիրառվելիք մեխանիզմներն ինչ կլինեն։ Բայց, թե որքանով մանրամասն են տեղյակ եղել, մեզ համար հստակ չէ։

- Այս մեկ ամսվա ընթացքում Դուք հանդիպումներ ունեցե՞լ եք իրանական իշխանությունների հետ կամ իրանցի պատգամավորների հետ։

-Անկեղծորոն 44 օրվա ընթացքում մենք՝ ես և իմ գործընկեր Արա Շավերդյանը, բազմիցս հանդիպումներ ենք ունեցել տարբեր թեմաների շուրջ, բայց սա հարցազրույցի թեմա չէ, անկեղծորեն, բայց բազմիցս ունեցել ենք, այո։ 

-Իրանի դիրքորոշման հետ կապված ի՞նչ տպավորություն ունեք։ Իրենք ինչպե՞ս էին վերաբերում այս իրավիճակին։ Դուք ինչպե՞ս եք ներկայացրել իրավիճակը։

-Իրավիճակը բավականին ճշգրտորեն մենք տեղեկացրել ենք, փոխանցել ենք, իրենք էլ տարբեր խողովակներից ստացել էին և գիտեին, ինչպես արտահայտեց իր վերջին ձևակերպման մեջ երկրի առաջնորդը հակամարտության և պատերազմական օրերի վերաբերյալ։ Ինձ թվում է, որ Իրանի քաղաքականությունն այս 25 տարվա ընթացքում փոխվել է, բայց ելնելով տարածաշրջանի և Իրանի ներքին հարցերից։ Այսինքն՝ Ադրբեջանի հողային ամբողջականություն և այլն, Իրանի քաղաքականությունը հենց այդ ուղղությամբ էր որդեգրված պատերազմի վերջին օրերին։ Հավանաբար արդեն նախապես էլ այդպես էր ձևակերպվել, իրենք էլ այդ օրինաչափությամբ էին ընթանում։ Բայց իրենց վերջնագրային խոսքով այն էր, որ Իրան-Հայաստան սահմանը բոլորովին չպետք է խաթարվի, և հատկապես հենց, ինչու չէ, Հայաստանի հարավային տարածքներին որևէ սպառնալիք չպետք է լինի։ Այդ ուղղությամբ, տեղյակ ենք, որ Իրանը լուրջ խոսել է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի պետական այրերի հետ։

-Պարո՛ն Բեգլարյան, իսկ որ Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհ պետք է անցնի, Իրանը դրան ինչպե՞ս է վերաբերվում։

-Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, իրանական կողմը ներկա վիճակին, գուցեև մի քիչ ուշացած, բայց ավելի զգոն է այդ իրադարձությունների վերաբերյալ, հենց այդ ճանապարհի հարցով։ Այդ թեմայով արդեն նոյեմբերի 18-ին խորհրդարանում պարոն Ահմադ Բիրզաշի հետ իրանական պատգամավորների կողմից արծարծվեց, և՛ կառավարության, և՛ խորհրդարանի ուշադրությունը գրավեց, որ պետք է խստորեն հետևել, թե ինչ է կատարվում Իրանի հյուսիսում, հատկապես Հայաստանի սահմանում։ Եվ պետք է նման միջանցք լինի, դրանք բոլորը պետք է այնպես լինեն, որ չվնասեն Իրան-Հայաստան հարաբերություններին և տարածաշրջանի անվտանգությանը։ Դրան անդրադարձ եղավ, և ինչպես մատնանշեցի, Իրանը շատ ավելի զգոն է հետևում այդ երևույթին։      

-Արդեն որ պետք է քննարկումներ լինեն հրադադարից հետո, ըստ Ձեզ՝ Իրանն ի՞նչ պահանջներ ունի այս թեմայով, որպես տարածաշրջանային պետություն թե՛ անվտանգության առումով, թե՛ տարածքային ամբողջականության պահպանման։

-Թե Իրանն այս պահին հստակորեն ինչ բանաձևով հանդես կգա, ես չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ Իրանը երեք պետությունների հետ, հատկապես Ռուսաստանի հետ, փորձում է, կփորձի մոտիկից առնչակից լինել թե՛ ընդհանրապես Արցախի կառավարման հարցի շուրջ, տեղյակ լինի՝ ինչ է անցնում, թե՛, ինչպես ասեցիք, որ միջանցք պետք է բացվի, սահմանն ի՞նչ վիճակ պետք է ունենա, հետագայում ինչ ձևակերպում պետք է ստանա։ Իրանը հավանաբար նաև առաջարկներով հանդես կգա, որ կարողանա հանդես գալ՝ բնականաբար թե՛ իր շահերից ելնելով, թե՛ Իրան-Հայաստան հարաբերությունները չվնասի, և դրանք ավելի զարգանան։ Ինձ թվում է, եթե վերջնականորեն այդ միջանցքի ձևաչափն անցնի, որ համաձայնագրում կա, Իրանն անպայման կուզենա դրական դեր ունենալ, քանի որ իր կշիռը վերստին սահմանամերձ շրջաններում գնահատի թե՛ ներդրումների առումով, թե՛ ենթակառուցվածքների ստեղծման առումով։ Ինձ թվում է պետք է շեշտակի դարձնի, եթե չէ, ապա Իրանն էլ կվնասվի այս ուղղությամբ։

-Հայաստանի պարտությունից հետո Իրանի Ատրպատական նահանգում ինչպիսի՞ տրամադրություններ են, արդյո՞ք անջատողական տրամադրություններն ավելի են սրվել, Իրանի իշխանություններն այս ուղղությամբ ի՞նչ են կատարում, ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որ Ատրպատականը հանկարծ չհայտնվի ադրբեջանական, թուրքական քարոզչության տակ կամ նաև ազդեցության տակ։

-Այս իրավիճակը, որ ստեղծվել է, նման որոշ շրջանակներ, պանթյուրքիստական շրջանակներ Իրանում իրենց ավելի խանդավառ են զգում և հոխորտանքով են հանդես գալիս։ Բայց ինձ թվում է, որ հենվելով այն իրականության վրա, որ Իրանն օրըստօրե ավելի է զգոն դառնում նման հարցերի շուրջ, և ինչ է կատարվում հյուսիս-արևելյան շրջաններում, Հայաստանին սահմաններում, պետական և կառավարական այրերը և իշխանապահ, օրինապահ մարմիններն ավելի խստորեն կվերաբերվեն, ինչպես արդեն ականատես ենք եղել։  

-Հայաստանում իշխանությունները փոխվեցին, Իրանի համար այս իշխանությունները որքանո՞վ են ընդունելի, և Իրանի համար նկատելի դառնո՞ւմ է ամերիկյան, արևմտյան ազդեցության ավելի ուժեղացումը Հայաստանում, և  արդյո՞ք Իրանն այդպիսի վտանգ տեսնում է իր նկատմամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ազդեցության վտանգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ երկիր է և աջակցում էր Ադրբեջանին այս պատերազմում և փորձում է տարածաշրջանում ազդեցիկ ուժ լինել։ 

-Այո, ինչպես արդեն ասել եմ, հայկական կողմի պաշտոնյաները, արտգործանախարարը իմացել են, որ Իրանը երբեք չի թաքցրել, որ զգայուն է, թե ինչ անցուդարձ է տեղի ունենում Հայաստանում։ Հատկապես, ինչպես բոլորս գիտենք, Հայաստան դեսպանության բացումը Թել Ավիվում, դա բավականին բողոք առաջացրեց և մտահոգություն ստեղծեց, և գիտեմ, որ բազմիցս խոսեցվել է հայկական կողմից տարբեր անձանց հետ։ Եվ, ինչու չէ, նաև արևմտամետ հակումները Հայաստանում, Իրանը բավականին զգայուն է, և բազմիցս ասել ենք, որ Իրանն ուշի-ուշով հետևում է, և, ինչու չէ, մտահոգություն էլ հայտնում է։ Իսկ թե այդ հակումները, միտումները պատերազմի շրջանում որևէ բացասական ազդեցություն են ունեցել Իրանի քաղաքականության մեջ, ես կարող եմ ասել, որ սողանքներ եղել են, բայց սա ավելի բարձր մակարդակի ռազմավարական լուրջ իրադարձություն է, որ տեղի է ունեցել։ Քանի որ այդ իրադարձությունները, որ տեղի էին ունենում պատերազմի օրերին Իրանի հյուսիսում և Հայաստանում, լուրջ ռազմավարական երևույթ էին, բնականաբար Իրանը զգացական չէր մոտենում։ Իր դժգոհանքն ուներ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից, բայց երբ խոսում էր Ադրբեջանի հողային ամբողջականությունից, ինձ թվում է, այդքան էլ չէր ազդվել, թե Հայաստանի ներսում ինչ կառավարություն և ինչ հակումներ կան, այլ իրենց ընդհանուր քաղաքականությունը հստակեցվել էր դեպի միջազգային սահմանների ստատուս-քվոն պահելուն և այլն։ Բայց շեշտավորեմ Ձեր հարցի վերաբերյալ, այո՛, համենայնդեպս Իրանը մտահոգություններ ունի և կունենա, թե Հայաստանում իշխող կառավարությունն իր արտաքին քաղաքականությունն ինչպես է դրսևորում և ինչ հակումներ ունի։

-Պարո՛ն Բեգլարյան, այս պարտությունից հետո Հայաստանի համար ի՞նչ իրավիճակ է ստեղծվել, Արցախի համար ի՞նչ իրավիճակ է ստեղծվել։ Ձեր գնահատմամբ՝ Հայաստանը և Արցախն այս ծանր իրավիճակից ինչպե՞ս են կարող դուրս գալ, ի՞նչ քաղաքականություն պետք է վարեն։                      

-Հիմա, իհարկե, ես ինձ այդ իրավունքը չեմ վերապահում, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին մանրամասնեմ, բայց հիմա այն, ինչը որ մենք ենք տեսնում որպես Հայաստանին մոտ կանգնած պետական այր, որքան շուտ Հայաստանը փորձի իր ներքաղաքական կյանքը կայունացնել, այնքան լավ։ Եվ հարևան պետությունների հետ հարաբերությունները, ի մասնավոր հարևան Իրանի հետ, փորձի հարաբերությունները վերստին գնահատել, նոր հունի մեջ գցել և աշխուժացնել տարբեր ոլորտներում։ Դա շատ կարևոր է, ինձ թվում է։   

-Թուրքիայի հետ կապված Իրանն ի՞նչ մոտեցում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել տարածաշրջանում։ Իրանն ինչ-որ զգուշություններ ունի՞։

-Ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ թեպետ Թուրքիա Իրանի կարևոր հարևանն է, և բնականաբար բոլորս գիտենք հարևանների հետ հարաբերութունները, այդ մենք չենք, որ որոշում ենք, այլ ճակատագիրը և աշխարհագրությունն են որոշում։ Իրանը, լավ իմանալով Թուրքիայի պատմությունը և տարածաշրջանում երկու երկրների մրցակցության պատմությունը և անցյալը, ուշադիր է, զգոն է և գիտի, թե ինչ է կատարվում։ Այդ մեկը ես կարող եմ վստահեցնել Ձեզ։

-Իրանի համար ինչպիսի՞ իրավիճակն էր ձեռնտու․ որ ինքն Արցախի՞ հետ ավելի շատ սահման ուներ, թե՞ Ադրբեջանի հետ։ 

-Այն, ինչ անցյալում էր, այս պահին անցած-գնացած է, եթե ժամանակին Իրանի համար ինչ-որ նման պայմաններ ձեռնտու են եղել։ Բայց դրա պահպանումը և դրա ամրագրումը, ըստ երևույթին, Իրանի ձեռքում չի եղել կամ Իրանը չի ցանկացել կամ հարմար չի նկատել դրականորեն դերակատարություն ունենալ, հետևաբար այդ օգտակարությունը, սահմանի այդ շահավետությունը, դրա պահպանումն Իրանն այդքան իրեն չէր վերագրում։ Հիմա բնականաբար այս պահին այդ իրավիճակը, որ ստեղծվել է, չպետք է խանգարի հայ-իրանական հարաբերություններին։ Եվ եթե փոփոխություններ պետք է լինեն, միջանցք և այլն, Իրանի դերակատարությունը, ինձ թվում է, պետք է հստակեցվի։   

-Իսկ իրանական խորհրդարանում ավելի շատ ադրբեջանամետ պատգամավորներն են, թե՞ հայաստանամետ։

-Ինձ թվում է, որ բաժանումն իրականությանը չի պատասխանում, քանի որ այս պահին իրանցիներն ավելի շատ են զգոն և ավելի շատ են գիտակցում, թե տարածաշրջանում ինչ է կատարվում և ինչ է լինում։  Պետք է ասեմ, որ Իրանը, ելնելով իր անվտանգությունից և ազգային շահերից, բնականաբար, ինչպես շեշտավորում եմ, Իրան-Հայաստան սահմանը շատ է կարևորում։ Պետք է ասեմ, որ կայունությունն է կարևոր և հարաբերությունների նոր հունավորումը։ Բնականաբար Հայաստանն արդեն իր յուրահատուկ դերը պետք է ունենա։      

-Հաշվի առնելով, որ հույն-թուրքական հարաբերություններն են լարված, եգիպտա-թուրքական հարաբերություններն են լարված, Իրանը Հունաստանի և Եգիպտոսի հետ ի՞նչ քաղաքականություն է վարում։

-Ես հիմա այդ մանրամասներին չեմ տիրապետում։ Եգիպտոսի հետ, ելնելով արաբական գարունի իրադարձություններից և Իսլամական հեղափոխությունից հետո 40 տարի անց երկու երկրների միջև ստեղծված իրավիճակից՝ ինձ թվում է, որ ավելի բարձր են, որովհետև իսլամական աշխարհն է։ Հունաստանի հետ էլ ավելի շատ տարածաշրջանային են, գեոպոլիտիկ իրադարձություններից ելնելով Իրանը կվերաբերվի, և հարաբերությունները, կարծում եմ, լավ են։ Բայց հարցը վերստին վերաբացատրեմ, թե այդ երկու երկրների հարաբերությունները Հայաստան-Իրան հարաբերությունների հետ կապված ինչպե՞ս են ազդում։ Ինձ թվում է, որ հիմա, քանի որ Կովկասն անմիջական հարևան է Իրանի հետ, ավելի կարևոր է հենց Հայաստանը, այդ երկու երկրների հարաբերություններն այդքան էլ չեն կարող ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա դրական կամ բացասական, քանի որ ինչպես արդեն մատնանշեցի, արդեն պատերազմի այս ձևով ավարտն Իրանում շատ ավելի զգոնություն և զգուշություն է առաջացրել, որ նույնիսկ Հայաստան-Իրան հարաբերությունների վերագնահատելու, ավելի զարգացնելու և նոր հունի մեջ գցելու ուղղությամբ գնալու անհրաժեշտություն կա։   

-Կարո՞ղ ենք ասել, որ այս պատերազմն Իրանի համար նոր իրողություն ստեղծեց տարածաշրջանում քաղաքականություն վարելու առումով։

-Կարծում եմ՝ այո; Կարծում եմ՝ Իրան-Հայաստան հարաբերություններում մեծ հավանականությամբ նոր զարգացումներ կտեսնենք։