Եթե Մելը գա Հայաստան, իրեն երջանիկ կզգա՞․․․

  Եթե Մելը գա Հայաստան, իրեն երջանիկ կզգա՞․․․

Իրար կպած գյուղեր են, բայց մի գյուղում լավ թութ է լինում, իսկ մյուսում ասում են՝ մեզ մոտ թութ չի լինում, ծառ չենք տնկում։

Հողը շատ կարևոր բան է, ու մարդ «բարիշ պիտի լինի հողի հետ»։ Հողը նույն երկիրն է իր ամբողջության մեջ, հարազատ, շատ հարազատ մի բան։

Մարդն էլ ծառ է, իր հողում հաստատուն աճում է, բայց երբ զգում է, որ հողը չի սնուցում իրեն՝ հեռանում է մի այնպիսի տեղ, որտեղ իր աճի համար բավարար պայմաններ կան։

Մելինե Դալուզյանի կենսագրական նրբություններին ծանոթացել եմ, փառք Աստծո, տեղեկատվական շրջափակում չկա։ Մի բան եմ հասկացել ու շատ գնահատել․ Մելը գիտակցել է, որ լիակատար ապրելու համար Հայաստանն իր տեղը չէ։ Ծառն էլ խեղճանում է, երբ հողն իրեն չի սնում։  Հիմա սեռափոխված տղան իրեն Հոլանդիայում լավ է զգում, ընտանիք ունի, երջանիկ է։ Հայաստանում այդպես չէր լինի։ Խոսքը հանդուրժելու մասին չէ, այլ մարդը իրեն երջանիկ է զգում, երբ նպաստավոր հող կա, միջավայր։ Երբ չի թաքնվում, իր սեռը չի թաքցնում։

Մարդիկ գլխավորը թողած կենտրոնանում են այլ բանի վրա․ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ: Խոսքը վերաբերվում է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին (սեռափոխվելուց հետո արդեն՝ Մել), ում մասին նկարվում է  վավերագրական ֆիլմ։ Դա կարևոր է, բայց ավելի կարևոր բան կա։  20 միլիոն դրա՞մն է կարևոր, թե այն ծրագիրը, որ իրագործվում է՝ ինչ ուզում, ինչպես ուզում են կարող են պատճառաբանել։ Մելին հիշելը մի բան է նշանակում, ցույց տալ, թե մենք փոխվել, բարեփոխվել ենք։ Մենքը ո՞վ է՝ իշխանությու՛նը, այս պարագայում ժողովուրդը, հողը չի նույնանում իշխանության հետ։ Ընդամենը իշխանությունն է փոխվել և այդ փոփոխությունը նման բաներով է փորձում հիշեցնել։ Տեսե՜ք, տեսե՜ք աշխարհ․․․

Եթե Մելը  գա Հայաստան, իրեն երջանիկ կզգա՞․․․ Կա՞ այն հողը, որ կսնուցի նրան։ Հո միայն ծրագրերով, ֆիլմ ֆինանսավորելով ու որոշումներով չի՞․․․ Նորից նախաբանիս անցնեմ։

Իրար կպած գյուղեր են, բայց մի գյուղում լավ թութ է լինում, իսկ մյուսում ասում են՝ մեզ մոտ թութ չի լինում, ծառ չենք տնկում։ Բայց Հայաստանն ու Հոլանդիան իրար կպա՞ծ են․․․

Իրարից հեռու ու տարբեր։