Մարտունիում սրտի դողով են սպասում ձմռանը

Մարտունիում սրտի դողով են սպասում ձմռանը

Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքաներում, որտեղ ձմռանը ջեռուցումը կազմակերպում են փայտի վառարաններով, մասնավորապես Մարտունի քաղաքում և հարակից համայնքներում, սրտի դողով են սպասում ձմռանը։ Բանն այն է, որ ամռանը վարչապետ Փաշինյանը իջևանցիներին արգելեց անտառներ հատել, իսկ հատված ծառերի հիմնական սպառողները հենց Մարտունու շրաջնի և Արմավիրի շրջանի բնակիչներն են։

Մեզ հետ զրույցում Մարտունու շրջանի Վաղաշեն համայնքի բնակիչներից մեկն ասաց, որ այս տարի վառելափայտը աննախադեպ գների է հասել, եթե նախկինում 1 խմ վառելափայտի համար վճարում էին 30-35 հազար դրամ, ապա հիմա գինը տատանվում է 40-ից 50 հազարի սահմաններում։

Փոքր մեքենաներով բեռնված վառելափայտը, օրինակ՝ «Ֆորդ», «Գազել» կամ «ՈւԱԶ», եթե անցած տարի գնում էին 50-60 հազարով, ապա այս տարի արդեն 90 հազարով հազիվ կարելի է գտնել, իսկ, օրինակ, «Ուրալ»-ում բարձաց վառելափայտի արժեքը տատանվում է 240-250 հազար դրամի միջակայքում։ Բացի այդ նաև շատ չեն վաճառողները, բնակիչները «ծանոթ են խառնում», որպեսզի կարողանան վառելափայտ հայթայթել, մինչդեռ նախկինում փայտով բարձած մեքենաները շրջում էին համայնքներում, բնակիչներն էլ սակարկում էին՝ գինը իրենց գրպանին հարմարեցնելով։

Մեզ նաև հաջողվեց պարզել, որ հատուկենտ վաճառողները փայտը ոչ թե բերում են Իջևանից, այլ հասնում են մինչև Արցախ՝ մասնավորապես Քարվաճառ, փայտն էլ նախկինի պես վառարանի չափսերով չեն կտրում, այլ հիմնականում մեծ գերաններ են վաճառում։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ տարիներ շարունակ տարածաշրջանի բնակչությունը ջեռուցման հարցը լուծել է հենց փայտի վառարանների միջոցով, և շատերի տանը ջեռուցման համակարգ մոնտաժված չէ, որ կարողանան գոնե գազ վառել, և համայնքներում հատուկենտ մարդիկ են կարողացել ձմեռվա ջեռուցման հարցը լուծել։