Լիազորագիրը ամենաթողության վերաբերյալ փաստաթուղթ չէ

Լիազորագիրը ամենաթողության վերաբերյալ փաստաթուղթ չէ

Ասօր` փետրվարի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը լսեց կանադահայ բարերար Արփի Մերասի իրավահաջորդ` Սարո Մերասի ներկայացուցիչ Հրանտ Անանյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  դատարանի 30.05.2018թ. դատավճռի դեմ, որով Դատարանը` դատավոր Մ.Մարտիրոսյանի նախագահությամբ Վելես ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ անմեղ էր ճանաչել: Նկատենք, որ գործի դատաքննությունն մի քանի տարի ձգվում է, այս ընթացքում Արփի Մերասը մահացել է՝ դատարանի ձեռքերն ազատ արձակելով։

Փաստաբան Հրանտ Անանյանն իր  ելույթում վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրեց իր խոսքով դատական քննության ընթացքում դատավարական կոպիտ խախտումների, տուժող կողմի իրավունքներն անհիմն սահմանափակելու և նախագահող դատավոր Ա.Մարտիրոսյանի աչառու լինելու շուրջ:
    
 Փաստաբան Հրանտ Անանյանն իր ելույթում ասում էր, որ 2015 թվականի հուլիս ամսին Արփի Մերասը իրադարձությունների պատահական զուգորդման արդյունքում տեղեկացել է, որ իր կողմից սիրված Մարինա Պողոսյանը գաղտնի վաճառել է իր բնակարանը և նրանում առկա իրերը: «Նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված տուժող Արփի Սուրենի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքից գոյացած օրենքի ուժով անմիջականորեն սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 57.820.000 ՀՀ դրամին համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը» իր ելույթում նշեց փաստաբանը: 

Հ. Անանյանի խոսքով Կանադայի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող սփյուռքահայ Արփի Մերասը տևական ժամանակ Հայաստանում չլինելու, ժամանակ առ ժամանակ հայրենիք այցելելու պատճառով սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 բնակարանի վերաբերյալ 2008 թվականից սկսած մի քանի անգամ ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել իր մտերիմ Մարինա Պողոսյանի անունով, որպեսզի Հայաստանից բացակայությունների ժամանակահատվածում անհրաժեշտության դեպքում իր հանձնարարությամբ վերջինս հնարավորություն ունենա կատարելու բնակարանի վերաբերյալ որոշակի գործողություններ: Սակայն որևէ լիազորություն չի սահմանվել նշված բնակարանը նվիրելու կամ այլ կերպ անհատույց օտարելու, դրա հնարավոր օտարումից գոյացած գումարը կամ դրանում առկա գույքը տնօրինելու վերաբերյալ:

Փաստաբանն իր ելույթում անդրադարձավ նաև դատական նիստերի ժամանակ հնչած այն բացատրությանը, թե Մարինա Պողոսյանը բնակարանը տնօրինելու համար 20 մլն դրամ է տվել Արփի Մերասին, սակայն գումարի կտրոնը չի պահել: Անանյանի մեջբերմամբ` ինչպես կարող էր Մարինա Պողոսյանը 2007-2008թթ. շինանյութի գնման կտրոնները պահել, իսկ 20 մլն դրամի կտրոնը չկարևորեր, ի դեպ նշեց նաև, որ շինանյութի կտրոնները Մ. Պողոսյանը վերցրել է Ա.Մերասի բնակարանից, որտեղ դրանք պահվում էին․ «Սույն գործով Մ.Պողոսյանի վկայակոչած փաստարկներն այնպիսին են, որ վերջինիս կողմից բնակարանը իբր գնելու, այն նվեր ստանալու, դրա շուրջ որևէ պայմանավորվածություն նախկինում ունենալու, իբր տուժողին դրա դիմաց 20 մլն. ՀՀ դրամ գումար վճարելու պնդումները, հինված են բացառապես ժամանակի և տարածության մեջ նրա տված հակասական բացատրությունների և ցուցմունքների հիման վրա, վկայակոչված ենթադրյալ գործարքների փաստերը և դրանց պայմանները չեն համապատասխանում գործող օրենսդրության առաջադրած պահանջներին, ավելին՝ գործարքների ձևի և բովանդակության իմպերատիվ պահանջները մի կողմ դրած՝ դրանց օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալը չի բավարարում անգամ նման հետևություններ անելու նվազագույն չափանիշներին և ողջամտությանը»:

Փաստաբան Հ.Անանյանի պնդմամբ լիազորագիրը ամենաթողության վերաբերյալ փաստաթուղթ չէ և չարաշահման և լիազորագրի սահմաններից դուրս ապօրինի գործողություններին օրինականության շապիկ հագցնելը հղի է ծանր հետևանքներով, հասարակական հարաբերությունների իրավական ներդաշնակությունը խաթարվում է:

Անանյանն անդրադարձավ նաև սրճարանում և Մ. Պողոսյանի բնակարանում կատարված ձայանագրություններին` հիշատակելով, որ ձայնագրություններն օրինական են, քանի որ դրանք կատարվել են դատարանի որոշմամբ: 
Փաստաբանի ելույթում նշվեց նաև, որ քրեական գործի դատաքննության ընթացքում՝ կոնկրետ դատական վիճաբանությունների փուլում, տուժող Ա.Մերասը հանկարծամահ է եղել:
Դատական նիստ, որն ընթանում էր դատավոր Դանիելյանի նախագահությամբ, հետաձգվեց:


Նարա Մարտիրոսյան