Արցախում ապակայունացնող ուժեր են հայտնվել

Արցախում ապակայունացնող ուժեր են հայտնվել


Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ լարված իրավիճակ է ստեղծվել: Երեկ հայտնի դարձավ, որ ընդամենը հունվարին ձեւավորված Արցախի հեղափոխական կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ, որոնք առաջադրվել են ԱԺ ընտրություններին մասնակցելու համար, բողոքի ցույց են անում Ստեփանակերտի փողոցներում՝ պահանջելով նախագահ Բակո Սահակյանի եւ ոստիկանապետ Լյովա Մնացականյանի հրաժարականները։ Բացի այդ, կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը պահանջում է Բակո Սահակյանից՝ թույլ չտալ, որ ընտրություններին մասնակցի Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը։
Ամեն ինչ սկսվել է նախօրեին, երբ ոստիկանությունից հայտնել են, որ կուսակցության 17 հոգանոց ընտրացուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին տրված վերջին 5 տարվա մշտական բնակության տեղեկանքը սխալ է, եւ նա պետք է դուրս գա ընտրացուցակից։ Արցախի «հեղափոխականներն» այս որոշման դեմ ընդվզելով էլ՝ ավտոերթ են անցկացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նախագահականի դիմաց, ինչը ոստիկանների կողմից կասեցվել է՝ քաղաքային իշխանությունների հետ նախապես համաձայնեցված չլինելու հիմքով: Ոստիկանությունից պարզաբանեցին, որ վարչական բերման է ենթարկվել 8 քաղաքացի, որոնք սահմանված ժամկետը՝ 3 ժամը լրանալուն պես ազատ են արձակվել: Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ իրավապահ մարմնի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարանում:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի, Վադիմ Ռաջաբի Գրիգորյանն է, որը դատապարտված է եղել սպանության համար եւ արտաքսվել է Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների կողմից: Նշվում է նաեւ, որ նրա հայրն ադրբեջանցի է: Վադիմ Գրիգորյանն Արթուր Օսիպյանի գլխավորած Ազգային հեղափոխական կուսակցության համամասնական ցուցակում է ընդգրկված, 17-րդ՝ վերջին հորիզոնականում է: Արցախում կարծում են, որ այդ ակցիան կրում էր ուղղորդված եւ սադրիչ բնույթ՝ ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով, ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ստեղծված այս կուսակցության անդամները քաղաքական դեմքեր չեն ու ներդրվել են հատուկ նպատակով։ Ավելին, տեսակետ կա, որ ցուցարարները Սամվել Բաբայան-Մասիս Մայիլյան դաշինքի կցորդն են, ու քայլն էլ ուղղված է Արայիկ Հարությունյանի դեմ։

Մենք զրուցեցինք կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի հետ։ Նա հակադարձեց, թե քաղաքական անցյալ չունեն, ասաց, որ իրենց նկատմամբ ոստիկանությունը պարբերաբար ապօրինություններ է թույլ տվել՝ սկսած 2016 թվականից, երբ տարբեր խնդիրների հետ կապված՝ ուսման եւ այլն, ինքը հարցեր է բարձրացրել։ «Բայց էն ժամանակ հնարավոր չէր ինչ-որ բան անել, մինչեւ թավշյա հեղափոխությունը, ստեղ վիճակը շատ ծանր էր, մենք քաղաքական էդ ճանապարհով սաղ անցել ենք, էդ գաղութներով, գործեր սարքել․․․ ոնց որ Սերժ Սարգսյանի ժամանակ հնարավոր չէր իր մարդկանց դեմ դիմել դատախազություն, նույնն էլ՝ այստեղ»,- ասաց Արցախի պետհամալսարանի նախկին դասախոսը։ Ճշտեցինք՝ խոսքը 2017-ին թմրանյութեր ձեռք բերելու համար իր նկատմամբ հարուցված քրեական գործի՞ մասին է։ Օսիպյանը դրական պատասխան տվեց․ «Դա երկար պատմություն է, չեմ կարող պատմել, թե ինչպես են հրաման տվել վերեւից, երկար պատմություններ են, դա իմս չէր, ուրիշինն էր, ուղղակի ինձ խնդրեցին վերցնել Երեւանից եկած վեշը, մի խոսքով՝ դա երկար պատմություն է, մի կինո, ակնհայտ կինո»։

Օսիպյանն ասաց, որ պատգամավորության թեկնածուի մշտական բնակության տեղեկանքի հետ կապված՝ վերջին դեպքը լցրել է իրենց համբերության բաժակը։ «Ոնց է ստացվում, որ ոստիկանությունը սկզբում տեղեկանք է տալիս, որ ամեն ինչ նորմալ է, բայց մեկ շաբաթ հետո իրենց տված տեղեկանքը, ասում են, որ սխալ է, պետք է չեղյալ հայտարարել եւ նրան դուրս թողնել ընտրացուցակից։ Խոսքը Սերգեյ Ստեփանյանի մշտական բնակության մասին է»,- ասաց Օսիպյանը։ Պատասխանելով հարցին, թե երբ են իր նկատմամբ պարբերաբար ապօրինություններ կիրառել, ասաց, թե նախկինում իրենց թույլ չեն տվել ակցիաներ իրականացնել․ «Նույնիսկ երեք հոգով, որ որոշել ենք ինչ-որ թեմայի շուրջ հարց բարձրացնենք, ոստիկանությունը կանխել է։ Մենք միշտ բացահայտ խոսել ենք ոստիկանության ճնշումների դեմ, դրանք միշտ կան, էնպիսի բաներ են կատարվում ոստիկանությունում, ԳԱԻ-ն ավտոն վերցրած՝ գնում է կոնկրետ, այ, էս մարդու հետեւից, որ մի բան գտնի»։ Իսկ ինչո՞ւ են պահանջում հեռացող նախագահի հրաժարականը։ «Ինչքան Բակո Սահակյանը նստած է էդ աթոռին, Ղարաբաղում արդարություն չի լինի։ Հա, ինքը գնում է, բայց ուզում է Արայիկ Հարությունյանի միջոցով վերարտադրի իր ռեժիմը։ Պետական ռեսուրսներով Արայիկ Հարությունյանին են օգնում, էդ ընտրակաշառքները, որ բաժանում են, ակնհայտ միլիոններով է բաժանում, ոստիկանությունը չի նկատում, որ մի տարի է՝ քարոզարշավը սկսել է, ոստիկանությունը չի նկատում։ Ապացույցներ՝ ինչքան ուզեք, բայց ո՞վ է ընթացք տալիս»։ «Հեղափոխականները» շարունակելու են բողոքի ակցիաները, մարդկանց փողոց են հանելու, որպեսզի կանխեն իշխանության վերարտադրությունը․ «Ժողովրդի մեծամասնությունը գիտի, որ Արայիկ Հարությունյանը փողից բացի այլ բան չունի իրենց առաջարկելու»։ Դիտարկմանը, որ իրենց համարում են Արայիկ Հարությունյանի դեմ վերջերս ձեւավորած Բաբայան-Մայիլյան դաշինքի կցորդը, Օսիպյանը պատասխանեց․ «Եթե ես Բաբայանի հետ լինեի, իր ցուցակում կլինեի։ Այո, Սամվել Բաբայանի հետ ոչ շուտ-շուտ, բայց հանդիպումներ ունենում ենք, մենք հանդիպել, նստել-խոսացել ենք։ Այ, էս ինչ որ մենք անում ենք, Սամվել Բաբայանը դրան դեմ է»։

Այսինքն՝ նախապես քննարկե՞լ եք իր հետ։ «Ոչ, ուզում էի ասել՝ ոչ թե դեմ է, ոչ մի ձեւ խառնված չի էս պրոցեսին։ Վախտին է եղել նման զրույցներ, ինքն էլ պետք է դուրս գար փողոց, բայց դուրս չեկավ... Նույնիսկ Բաբայանը Մայիլյանին է աջակցում, բայց մենք չենք աջակցում, մենք հեղափոխություն ենք ուզում՝ խոշոր կապիտալի ազգայնացում»։ Ընտրությունների՞ միջոցով։ «Մենք կուսակցության գաղափարն էլ չենք ընդունում, վերջին պահին ենք կուսակցությունը որոշել գրանցել, ծրագիր ունենք, թե Ղարաբաղում ոնց է հնարավոր համաժողովրդական իշխանություն ձեւավորել։ Մենք առաջարկում ենք, որ ամեն ոլորտ իրենից ընտրի ներկայացուցիչներ՝ բժիշկները, մշակույթի գործիչները, բոլոր ոլորտներն իրենցից ներկայացնեն թեկնածուներ, ու մենք ունենանք պրոֆեսիոնալ ԱԺ»։ Օսիպյանն ասում է՝ չնայած իրենց ընտրացուցակը 17 թեկնածուից է, բայց բազում աջակիցներ ունեն, որոնք, ուժային կառույցներից վախենալով, չեն բացահայտում դա․ «Էդ ինտելիգենցիայի մեծ մասը չի ուզում դեռ երեւա․․․ Մենք այս ակցիայով մեկնարկում ենք մեր շարժումը, որպեսզի ժողովրդի ուշադրությունը գրավենք»։