Երեքն են

Երեքն են

Արցախի նախագահի պաշտոնի հավակնորդների շարքում նոր անուն է շրջանառվել: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի ժողովրդավարական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասել է, որ իրենք ամենայն հավանականությամբ նախագահական ընտրապայքարին սեփական թեկնածու կառաջադրեն: Կասկածից դուրս է, որ խոսքը կուսակցության ղեկավարի եւ գործող խորհրդարանի նախագահի մասին է: Մինչ այդ նախագահի սեփական թեկնածու առաջադրելու մասին հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն իր համար նախընտրելի է համարել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին:

Նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին ասել են նաեւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Եթե նկատի ունենանք, որ վերջինիս առաջադրումը սահմանադրության փոփոխության հետ է կապված, ինչը նվազ հավանական է եւ համարենք, որ եկող տարվա նախագահական ընտրություններին հանրային այլ հայտնի անձինք հայտ չեն ներկայացնի, ապա ստացվում է, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար կարող են մրցակցել ԱԺ նախագահը, նախկին վարչապետը եւ ԱԽ քարտուղարը:

Այս դասավորությունը, եթե այն պահպանվի մինչեւ թեկնածուների գրանցումը եւ ընտրարշավի մեկնարկը, վկայում է, որ գործող նախագահ Բակո Սահակյանը չունի փոխարինողի նախընտրելի թեկնածու, եւ մրցասպարեզը թողնված է ազատ:

Ի դեպ, Արցախում ընդդիմադիր որոշ ուժեր մտավախություն ունեն, որ եկող տարի ընտրությունները կանցնեն ավանդական ձեւով, երբ հայտնի է իշխանության ֆավորիտը, իսկ մյուսները պարզապես ֆոն են ստեղծում: Նախագահի պաշտոնի համար Աշոտ Ղուլյանի, Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի մրցակցությունը հիմնովին կցրի այդ տպավորությունը, որովհետեւ երեք հավակնորդներն էլ քաղաքական մեծ փորձառություն եւ հանրային որոշակի աջակցություն ունեն: Ճիշտ է, խորհրդարանական նախորդ երկու ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը զգալի հետընթաց է ունեցել, իսկ «Ազատ հայրենիքն»՝ ընդհակառակը, եւ նրանց մեկնարկային հնարավորություններն անհամեմատելի են, բայց գործող ԱԺ նախագահը փորձառու քաղաքական գործիչ է եւ եթե որոշի առաջադրվել նախագահի թեկնածու, ուրեմն կունենա վստահելի հաշվարկներ:

Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին, ապա 2012թ.-ին նա եղել է Բակո Սահակյանի մրցակիցը եւ շահել է ընտրողների ձայների շուրջ մեկ երրորդը: Խնդիրն այն է, թե քաղաքական այդ կապիտալին նա նաեւ այսօ՞ր է տիրապետում, թե անցած տարիների վայրիվերումները եւ իշխանությանը մաս կազմելու հանգամանքը փոշիացրե՞լ են նրա նկատմամբ վստահությունը: Արցախում, այսպիսով, հիմքեր են ստեղծվում, որպեսզի եկող տարվա նախագահական ընտրություններն անցնեն իրական, թափանցիկ եւ հավասար մրցակցության պայմաններում:

Կա հնարավորություն՝ միջազգային ասպարեզում ներկայանալու որպես կայացած ժողովրդավարության երկիր եւ ազատ հասարակություն: Նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրի խնդիրն է, երեւի, ամեն ինչ անել, որպեսզի պահպանվի կոռեկտությունը, հանրությունը հնարավորություն ունենա ընտրություն կատարել ոչ թե անձանց կամ նրանց շրջապատի, այլ՝ ներկայացված ծրագրերի, պետության զարգացման տեսլականի միջեւ: Ասպարեզում առայժմ երեքն են՝ հանրությանը քաջածանոթ գործիչներ: Ի՞նչ կառաջարկեն նրանք՝ պարզ կլինի, երեւի, տարվա երկրորդ կեսին: Առայժմ նախապատրաստական քայլերի փուլն է: