Վիրահայոց թեմը դեմ է եղել Վրաստանում աղմուկ հանած օրինագծին

Վիրահայոց թեմը դեմ է եղել Վրաստանում աղմուկ հանած օրինագծին

Օրերս Վրաստանում բնակվող մի քաղաքացուց նամակ էինք ստացել, որը կապված էր Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի պահվածքի հետ։ Նամակում մասնավորապես ասվում է․ «Վիրահայոց թեմի առաջնորդական փոխանորդ, առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը հեռացել է Վրաստանից՝ մինչ Վրաստանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի կողմից ակցիաների սկսելը, մինչդեռ վիրահայոց թեմի բոլոր առաջնորդները, մինչեւ առաջնորդ դառնալը, Վրաստանի Ազգային անվտանգության մարմնում ստորագրում են հավատարմության փաստաթուղթ, որով խոստանում են ցմահ հավատարիմ մնալ գործող կառավարությանը եւ հակառուսական կեցվածք ունենալ։ Սակայն հայոց թեմի ներկայիս առաջնորդը փորձում է հետեւել կաթողիկոսի ու նրա եղբոր ռուսամետ հրահանգներին, եւ սա դուր չի գալիս վրաց կառավարությանը, այդ իսկ պատճառով վրացական պետական ալիքներով լրատվություն է տարածվել, թե զինվորականներ են բերվել Հայաստանից՝ ընդդիմադիրների ցույցը ցրելու նպատակով»։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ։

«Նախեւառաջ՝ ես Վրաստանը չեմ լքել, ասեմ ավելին՝ նույնիսկ այդ ցույցերից առաջ ես ստորագրել եմ դեմ այդ օրենքին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից կա միջկրոնական խորհուրդ, եւ այնտեղ ես ստորագրել եմ, Վրաստանի թեմը դեմ է դուրս եկել այդ օրենքին։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք հատուկ ծառայություններում ինչ-որ հավաստագիր ենք ստորագրում, դա աբսուրդ է, նման բան չկա, չի եղել։ Խորհրդային շրջանում գուցե նման բան եղել է, բայց հիմա չկա»,- պատասխանեց Կիրակոս վարդապետը։

Նշենք, որ Վրաստանում սկսված ցույցերի առիթն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն էր, որը նաեւ կոչվեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք։ Մարտի 7-ին եւ 8-ին Թբիլիսիում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր էին անցկացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Մարտի 9-ի առավոտյան իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարեց օրինագիծը հետ կանչելու որոշման մասին։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից կա միջկրոնական խորհուրդ, որի մեջ մտնում են Վրաստանի բոլոր կրոնական կազմակերպությունները, մեծ մասը դեմ ստորագրեց այդ օրենքին»,- ասաց վիրահայոց թեմի առաջնորդը։ Դա Մայր Աթոռի՞ տեսակետն էր՝ օրենքին դեմ քվեարկելը, թե՞ Ձեր որոշումը՝ հարցրինք Կիրակոս վարդապետին․ «Ոչ, ոչ, դրանք Վրաստանի օրենքներն են, մենք էլ Վրաստանի թեմն ենք»։ Հայր Կիրակոսին հարցրինք նաեւ, թե ինչպես է գնահատում իրավիճակը, հայերը ե՞ւս ներգրավված էին ցույցերին։ «Երիտասարդությունը բավականին ակտիվ է ներգրավված, վերջին դեպքերը, ինչ որ եղան, մերոնցից էլ կային, նույնիսկ ցույցերի ժամանակ ելույթ ունեցողներ էլ կային, որոնք հայեր էին»։

Կիրակոս Վարդապետին հարցրինք, թե ինչպես են ընդունվել Վրաստանի հայ համայնքի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ կապված Արցախի հետ, մտահոգություններ կա՞ն։ «Անշուշտ, կան մտահոգիչ բաներ, բայց այս պահին ամենակարեւոր մտահոգությունն Արցախի բնակչությունն է, նրանց ճակատագիրը, իհարկե՝ մտահոգված ենք»։ Նրան հարցրինք՝ Արցախի համար ցույցեր Վրաստանում եղե՞լ են։ Իրանում, եվրոպական գաղթօջախներում ցույցեր են արվել հանուն Արցախի։ «Այստեղ էլ են եղել ցույցեր, ես գիտեմ, որ Թիֆլիսում եղել է, չեմ կարող ասել՝ մյուս տեղերում եղե՞լ է, թե՞ ոչ, տեղյակ չեմ, բայց Թիֆլիսում եղել է, եթե չեմ սխալվում՝ Արցախի շրջափակման սկզբի օրերն էին»։

Կիրակոս վարդապետին խնդրեցինք նաեւ վարչապետի ասածը մեկնաբանել։ Երբ նրան հարցրել էինք, թե ինչու իր թիմակիցը՝ Արսեն Թորոսյանը, չի հավատում ՀՀ իրավապահ համակարգին եւ նրա հարուցած քրեական մեղադրանքին, վերջինս հեգնել էր, թե՝ ոչինչ, Հայաստանում էլ կան հոգեւորականներ, որոնք Աստծուն չեն հավատում։ «Դա մի քիչ ծիծաղելի է. եթե հոգեւորականն Աստծուն չի հավատում, ո՞ւմ պետք է հավատա»։