Սահմանազատման աշխատանքներ՝ հարևանների համար
Երեկ առավոտյան լուր ստացանք, որ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ-ի հատուկ ինքնաթիռը, որը Երեւան է բերել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի ռուսաստանյան ներկայացուցիչներին։ Ճիշտ է՝ ՀՀ պետական մարմիններից՝ կառավարությունից ու ՊՆ-ից, հերքում էին մեր տեղեկությունը, սակայն ինքնաթիռների թռիչքները ֆիքսող կայքում այն արձանագրված էր, եւ փաստը հերքելն առհասարակ իմաստ չուներ։
Թե երբ կմեկնարկի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը, ՊՆ լրատվության բաժնի ղեկավար Գեւորգ Ալթունյանը չպարզաբանեց․ ՊՆ-ի գործառույթների 90 տոկոսը գաղտնի է՝ ասում է նա։
ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո՝ 30 եւ ավելի տարիներին, ժամանակ առ ժամանակ թարմացվել է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով» անունը կրող մարմնի գոյությունը։ Այս հանձնաժողովը կոչվել է այդ ընդհանրական անունով, բայց փաստացի վերաբերել է մեր 4 հարեւաններից միայն մեկի՝ Վրաստանի հետ մեր սահմանների զատմանը։ Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ այն տարիներին, հասկանալի պատճառներով, սահմանագծման եւ սահմանազատման մասին ՀՀ-ն չէր կարող մտածել, իսկ Իրանի հետ խնդիր չի եղել, քանի որ երկու երկրներն էլ փոխադարձաբար ընդունել են ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո միմյանց սահմանները։ Վրաստանի հետ եղել են սահմանային ինչ-ինչ խնդիրներ, ու այդ անվանումով հանձնաժողովը բացառապես գործել է Վրաստանի հետ սահմանային գործընթացների համար։
Տարբեր տարիների, ՀՀ վարչապետների որոշումներով, հանձնաժողովի կազմերում փոփոխություններ են կատարվել։ Դրանցում ներառված անհատական կազմերի վերաբերյալ կան 1996, 2000, 2001, 2003, 2005, 2006, 2011, 2014, 2017թթ․ որոշումներ։ Դրանցում, բոլոր ժամանակներում ներառված են եղել արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարներ եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից, Գեոդեզիայի ինստիտուտի ղեավար կազմից ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ նախկին դեսպաններ եւ այլք։
Վարչապետի վերջին որոշումը վերաբերում է 2020թ․ դեկտեմբերի 30-ին՝ Նիկոլ Փաշինյանը սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի նոր անհատական կազմ էր ձեւավորել, որն էլ, ինչպես մեզ հետ զրույցում պնդեց նախկին բարձրաստիճան մի չգործող դիվանագետ, գործելու է նաեւ Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման համար։ Ի դեպ, այդ կազմը կվերաթարմացվի, քանի որ հանձնաժողովում ներառված անդամների մի մասն ազատված է աշխատանքից։ Ամեն դեպքում, սա վերջին հաստատված կազմն է․
Արտաքին գործերի նախարարի տեղակալ (նախկին) (հանձնաժողովի նախագահ) Արտակ Ապիտոնյան (աշխատանքից ազատվել է 2021թ․ հունիսի 7-ին), ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյան, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վ. Հունանյան (ազատված է թե՛ Ավինյանը, թե՛ Հունանյանը, որը ներկայումս ԱԳՆ խոսնակն է)։ Հանձնաժողովում ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնում ներկայացված Ա․ Ավագյանին հիմա փոխարինում է Վահագն Աֆյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը դեռ աշխատում է, ինչպես նաեւ՝ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Թագուհի Հարությունյան, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալբերտ Բաղդադյան, ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին ջոկատի պետի տեղակալ-շտաբի պետ Ռ․ Սահակյան (ԱԱԾ կայքում այս պաշտոնում անուն նշված չէ), ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Ս. Ավետիսյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Ս․ Պետրոսյան, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության միջազգային անվտանգության համագործակցության եւ խաղաղապահության բաժնի վարիչ Ա. Առաքելյան, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի եւ իրավունքի վարչության միջազգային իրավունքի եւ ազգային օրենսդրության բաժնի վարիչ Գ․ Մելիքյան, ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ Ա. Բալդրյան, ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչության գեոդեզիայի եւ քարտեզագրության բաժնի պետ Ա․ Սողոմոնյան, Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետ Բ․ Նազարյան, Կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների հետազոտման եւ համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ռ. Մինասյան, ԱԳՆ սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի փորձագետ Հ. Վարդանյան, ԱԳՆ սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի կցորդ (հանձնաժողովի քարտուղար) Ա. Հարությունյան։
2017 թ․, Կարեն Կարապետյանի որոշմամբ, ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահը եղել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով այդ հանձնաժողովը ղեկավարել է նաեւ 2014-ին։ Պարոն Քոչարյանը, սակայն, ԱԳՆ-ից հեռանալուց հետո հարցազրույցներից խուսափում է, եւ մենք չկարողացանք ներկայացնել, թե ինչպես է նա ղեկավարել այդ աշխատանքները։
Կարծիքներ