Երբեք մեր պետության ինքնիշխանությունն այսքան վտանգված չի եղել

Խորհրդարանի իշխող խմբակցության անդամները միմյանց հետ մրցում են, թե ով ավելի հիմնավոր կխոցի հակառակորդին, ով ավելի թունդ կհայհոյի, ով ավելի եռանդով կպաշտպանի ՔՊ առաջնորդին։ Հայ ժողովրդի ու Հայաստան պետության թշնամիներին շշպռելու եւ հաղթելու փոխարեն սրանք ուզում են հաղթել մի խումբ «թրջված» ընդդիմադիրների, որոնք առանձնապես մեծ պայքար էլ չեն տանում եւ շատ անհանգստություն չեն պատճառում իրենց։
ՔՊ-ական խիզախ մարտիկներից ամեն մեկն աշխատում է աչքի ընկնել ու ավելի հերոս երեւալ։ Վստահ եմ, որ անգամ խանդում են միմյանց եւ հիմա, օրինակ, Արսեն Թորոսյանը, ով ԱԺ ամբիոնից սեռական հայհոյանքներ է հնչեցրել, օրվա «հերոսն» է եւ մյուսները նախանձում են նրա դափնիներին։
Այդ մարտիկներից մեկն էլ խմբակցության ղեկավարն է՝ Հայկ Կոնջորյանը, ով այսօր ՔՊ-ի էջով մի դարակազմիկ գրառում է արել՝ իբր քաղաքական տեքստ է հրապարակել, գրելով․
«Հայաստանի պատմության մեջ, երբեք պետության ինքնիշխանության համար մղվող պայքարում ժողովուրդն այսքան մեծ մասնակցություն չի ունեցել, որքան հիմա: Առաջին անգամ ժողովուրդը, ի դեմս իր ընտրած քաղաքական մեծամասնության, Ազգային ժողովում կռիվ է տալիս սեփական ինքնիշխանության համար` օտարերկրյա գործակալների դեմ: Առաջին անգամ, Հայաստանի Խորհրդարանը պետության ինքնիշխանության համար մղվող պայքարի թատերաբեմ է դարձել: Եվ այդ պայքարն ունի խորը գաղափարական հիմքեր:
Այնպես որ, այդ պայքարի աղմուկից պետք չի դժգոհել: Ժողովրդավարությունը աղմկոտ կառավարման համակարգ է: Լուռ համակարգը բռնապետությունն է, որտեղ ձայները լռեցված են և ոչ ոքի նյարդերը չեն լարվում պառլամենտական բանավեճերից: Սա բացառիկ իրողություն է, պարզապես մենք սա գնահատելու ենք այն ժամանակ, երբ կունենանք բավականաչափ հեռավորություն` նայելու համար այս բարդ խճանկարին»:
Այո, գոնե նորանկախ Հայաստանի պատմության մեջ ժողովուրդն այսքան անհանգիստ չի եղել իր պետության ինքնիշխանության հարցով եւ այսքան մեծ մասնակցություն չի ունեցել ինքնիշխանության համար պայքարին, քանի որ մեր պետության ինքնիշխանությունը երբեք այսքան վտանգված չի եղել։ Երբեք մեր պետության գլխին վերացման, ռազմական թատերաբեմ դառնալու, տարածքներ կորցնելու այսքան ռեալ վտանգներ կախված չեն եղել։ Մեր պետությունը երբեք այսչափ խաղալիք չի եղել այլ պետությունների ձեռքում եւ մեր իշխանությունը երբեք այս քան ողորմելի չի եղել։
Եւ ժողովրդի մասնակցությունն էլ պետության ինքնիշխանության համար պայքարին, այսինքն՝ պետական կառավարմանը, պայմանավորված է նրանով, որ մարդիկ տեսնում են, թե ինչ ապաշնորհ, տգետ, պետության կառավարումից գլուխ չհանող արկածախնդիրներ են հայտնվել պետության ղեկին, որոնք կարող են մեր պետությունը կործանել՝ ինչպես կործանեցին հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ