Ինստիտուցիոնալացված «ղազագրապատում»

Ինստիտուցիոնալացված «ղազագրապատում»

Երբ մի քանի ամիս առաջ ԲՀԿ-ի տարածքային գրասենյակներում եւ կուսակցության առաջնորդի տանը ԱԱԾ ստուգումների արդյունքում ի հայտ եկան բարգավաճական «ղազագրերը», հասարակության ողջ իշխանամերձ թեւը եւ իբրեւ չեզոք, սակայն իրականում իշխանությունից ակնկալիք ունեցողների բանակը մի մարդու նման հարձակվեց այդ կուսակցության ներկայացուցիչների վրա՝ բարոյական ամոթանք տալով նրանց: Այնուհետեւ տեղի ունեցան բազմաթիվ այլ հետաքրքիր իրադարձություններ, եւ «ղազագրապատումը» մոռացվեց: Բայց դրանից հետո բացահայտվեցին «ղազագրային» բազմաթիվ եղելություններ արդեն իշխանության թեւում, եւ դրանցից վերջինը նախկինում մերժված կամ նախկին համակարգի ներկայացուցիչ դատավորների քվեարկության փաստն էր Ազգային ժողովում: Իմքայլականներից էլ մարդ չմնաց (թեկուզ՝ մտքում), որ չքննադատեր Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուներին, որոշները նույնիսկ փորձեցին բարոյական դասեր տալ նրանց: Փորձը, իհարկե, փորձանք դարձավ, քանի որ դեռեւս երկու հազար տարի առաջ է գրվել՝ իսկ ովքե՞ր են դատավորները (ձեւափոխված Ալ. Գրիբոյեդովի կողմից «Խելքից պատուհաս» կատակերգության մեջ):

 Փաստորեն, մեզանում «ղազագրապատումը» դարձավ ընդունելի գրական-քաղաքական ժանր, եւ կապ չունի, թե իշխանության (քաղաքագիտական կանոններով իշխանություն է համարվում նաեւ խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը) որ թեւի կողմից է այն օգտագործվում: Միակ տարբերությունը, որով առանձնացան իշխանությունն ու ընդդիմությունը, այդ երեւույթի ինստիտուցիոնալացման բնույթն էր. ընդդիմությունը դրան տվել էր գրավոր տեքստ, իսկ իշխանությունը բավարարվել էր բանավոր տարբերակով: Եվ այս առումով ինչպե՞ս չհիշես Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունները ընդդիմությանը (այսինքն՝ իրենք իրենց) ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու մասին: Փաստորեն, ներկա ընդդիմությունը կատարեց այն, ինչին անընդհատ ձգտում էր նախկին ընդդիմությունը, ուղղակի վերջինս չհասցրեց կյանքի կոչել իր կոչը՝ հենց իր համար անսպասելիորեն վերջինս դարձավ իշխանություն. ինչ մեղքս թաքցնեմ՝ հենց մեր շնորհիվ կամ, ավելի կոնկրետ՝ հենց իմ եւ ինձ նմանների շնորհիվ:

 Կարծում եմ, որ «ղազագրապատումը» չի ավարտվելու սրանով, եւ մենք՝ շարքային ՀՀ քաղաքացիներս, դեռեւս կունենանք բազմաթիվ առիթներ՝ վայելելու նման ներկայացումներ: Կարծում եմ նաեւ, որ ինչ-որ ժամանակ անց երկրում կգտնվի մեկը, որ կփորձի թատրոնի բեմին կամ էկրանին «հանձնել» հայաստանյան «ղազագրապատման» դրվագները՝ ի տես եւ ի դաստիարակություն մեր հետագա սերունդների:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ