Նոր փուլի սկի՞զբ
Բաքու է այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն: Նրան առաջինն ընդունել է Իլհամ Ալիեւը: Հաջորդ օրը Մոսկվա է ուղեւորվում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը: Եթե Շոյգուի Ադրբեջան ուղեւորությանը նախորդել է Մոսկվայում նրա հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանի հետ, ապա որեւէ տեղեկություն չկա, թե երբ եւ որտեղ կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Շոյգուն Բաքու է այցելել հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում լարվածությունից, դրան հաջորդած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո: Այդ, ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի համար ֆոն արդեն իսկ ստեղծված է: Ռուսաստանի արտգործնախարարն անուղղակի հայկական կողմի վրա է բարդել տավուշյան եռօրյա մարտերի պատասխանատվությունը: Այս համատեքստում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը խոսել է Իլհամ Ալիեւ-Սերժ Սարգսյան գաղտնի պայմանավորվածությունների մասին՝ հայտարարելով, որ իր տրամադրության տակ կան ասածը հաստատող փաստաթղթեր: Մեկ օր անց ալիեւյան քարոզչության «ծանր հրետանի» haqqin.az-ը մեկը մեկին հաստատել է ԱՀ ԱԽ քարտուղարի բացահայտումները՝ հղելով սեփական դիվանագիտական աղբյուրներին։ Ի՞նչ է նշանակում այս ունիսոնը:
Կողմերը որոշել են թաղե՞լ «կազանյան փաստաթուղթը» կամ, այսպես կոչված՝ «Լավրովի պլանը»: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Ռուսաստանի ԱԳՆ-ի հավաստիացումը, որ ԵԱՀԿ համանախագահ գործընկերների հետ աշխատում են ԼՂ կարգավորման բանակցությունները վերականգնելու ուղղությամբ: Ի՞նչ առաքելությամբ է Մոսկվա ուղեւորվում Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ներառյալ Ռուսաստանից ակնկալում են ԼՂ կարգավորման «սուբստանտիվ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման գործընթացի խթանում»։
Մոսկվայից Բաքվի սպասելիքը մեկն է՝ Հայաստանի վրա ճնշում բանեցնել, պարտադրել, որ «վերադառնա նախկին պայմանավորվածություններին»: Ալիեւն ափսոսո՞ւմ է, որ ժամանակին «կազանյան փաստաթուղթը» չի ստորագրել: «Լավրովի պլանը» հայկական կողմերի համար ավելի աննպաստավոր է, քան «կազանյան փաստաթո՞ւղթը»: Բաքվում իրենց դրել են Ռուսաստանից «խոցվածի» տեղ: Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ համաձայնության մասնակի գաղտնազերծումը բանակցային գործընթացի մի փուլի ավարտ եւ նորի սկի՞զբ է ենթադրում, թե՞ «վատթարի եւ վատի միջեւ ընտրության» ուղերձ է:
Կարծիքներ