Մենք շարունակելու ենք ներկայացնել մեղադրանքների անհիմն լինելը. Արմեն Գեւորգյան

Մենք շարունակելու ենք ներկայացնել մեղադրանքների անհիմն լինելը. Արմեն Գեւորգյան

«Մենք շարունակելու ենք աշխատել, մենք շարունակելու ենք ներկայացնել նաև մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը, ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ժամ առաջ դատարանը հրապարակեց որոշումը, ըստ որի` Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց չընտրեց կալանավորումը։ Գեւորգյանը նաեւ նշեց, որ երկու օր է, ինչ բացակայում է աշխատանքից ու իր գործատուն դրա պատճառով վրդովված է։ «Հրապարակի» հարցին, թե դատարանում երեկ ի՞նչ հայտարարություն է արել, Գեւորգյանը պատասխանեց. «Իմ հայտարարությամբ ես փորձել եմ ներկայացնել իմ անցած ճանապարհը, ինչով եմ զբաղված եղել վերջին 20 տարիներին՝ վերադառնալով Հայաստանից, ինչ սկզբունքներով եմ կազմակերպել իմ աշխատանքը պետական համակարգում, իմ կարծիքով ինչ օգուտ եմ բերած եղել մեր պետությանը և խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանքներ, որոնք կալանավորման համար հիմք չպետք է հանդիսանան»։

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին` նախկին փոխվարչապետը նշեց, որ քննությունը կպարզի ամեն ինչ, բացի այդ, նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ մինչ այժմ կայացված վճիռներ կան, որոնցում արձանագրված է՝ ով ինչ մեղք է ունեցել. «Ինձ համար նույնպես անակնկալ է եղել, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոփոխվել, լրացվել է՝ հաշվի առնելով, որ երբ օգոստոսին արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքն առաջադրվել էր իմ նկատմամբ, այն ժամանակ արդեն մյուսներին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքն առաջադրվել էր։ Ի՞նչ փոխվեց 4 ամիսների ընթացքում, չգիտեմ»։

Լրագրողները նաեւ հիշեցրին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական վենդետա է որակել Մարտի 1-ի գործը, Գեւորգյանը չշտապեց քաղաքական որակել այդ գործը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու ստորագրություն։