Անբնականն ու աննորմալը

Ռուս-ուկրաինական պատերազմը ռազմական գործի զարգացումից բացի նաեւ այլ երեւույթներ մատուցեց, որոնք ուշադրությունից դուրս էին մղվել խաղաղության տարիներին: Դրանցից կարեւորագույնը սեփական բանակի նկատմամբ հարգանքն է: Եվ հակառակը՝ սեփական բանակի նկատմամբ բացասական խոսքը մերժվում է ու նույնիսկ քրեական հետապնդման արժանանում: Եվ այնպես չէ, որ երկրորդի առումով աչքի է ընկնում միայն «բռնատիրական» Ռուսաստանը, իսկ «ժողովրդավարական» Ուկրաինայում դա բացակայում է: Երկուսն էլ չակերտներում, քանի որ իրականում ոչ մեկն էլ այնպիսին չէ, ինչպիսին դա ներկայացնում են թե՛ թշնամիները եւ թե՛ բարեկամները: Երկրորդ՝ ոչ պակաս կարեւոր հանգամանքը պետության տարածքի նկատմամբ «սեփականատիրական» վերաբերմունքն է: Դա նույնական է թե՛ ռուսական եւ թե՛ ուկրաինական կողմում: Մեկն իր պատմական տարածքներն է ազատագրում՝ զոհեր տալով: Մյուսն էլ բախտի բերմամբ ձեռք բերած տարածքներն է պաշտպանում՝ զոհեր տալով: Միջանկյալ ասեմ, որ բախտի բերմամբ կոչվածն էլ Լենինի, իսկ այնուհետեւ (1954-ին)՝ Նիկիտա Խրուշչովի (1953-1964 թթ. ԽՍՀՄ ղեկավարը) հիմար որոշումներն էին:
Ճիշտ այնպիսին, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հարցով Կավբյուրոյի որոշումն էր՝ 1921-ին:
Բայց մերը, ինչպես միշտ, ուրիշ է: Նախկինների օրոք գեներացվեց հայաստանցի-արցախցի տարբերակումը: Կամ էլ ավելի վաղ առկա մերժելի երեւույթը ոչ թե չեզոքացվեց, այլ ավելի տարածվեց: Հիմքն էլ թե՛ նախկինների մերժելի կառավարումն էր եւ թե՛ ընդդիմադիր Տեր-Պետրոսյանի կողմից մերժելի խոսույթը: Հիշենք առաջինների «բեսպրեդելն» ու երկրորդի «ղարաբաղյան կլան» եւ «մոնղոլ-թաթարական» բնորոշումները: Դե, իսկ եթե հիմքը կար, ապա ինչ էր մնում «ժողվարչապետին», եթե ոչ երեւույթը ծաղկեցնելը: Հատկապես 2020 թվականի պատերազմում իր գլխավոր հրամանատարությամբ, այսինքն՝ պատասխանատվությամբ ու մեղքով, խայտառակ պարտությունից հետո:
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում» դիտարկելն էլ (հատկապես էթնիկ զտումից հետո) պետք է հասցներ պաշտոնական բոլոր հարթակներից Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը ջնջելուն: Եվ այդ թվում դպրոցական ծրագրերից ու դրանց հիման վրա կազմված դասագրքերից: Դրան էլ պետք է հետեւեր Հայաստանում արցախցիների նկատմամբ իշխանության մերժողական վերաբերմունքի գեներացումը: Ինչը հրահանգի տեսքով պետք է տարածվեր պետական բոլոր կառույցների ուղղությամբ: Դա նշանակում է, որ Տիգրան Ուլուբաբյանը ոստիկանությունում այդքան դաժանաբար չէր ծեծվի, այն էլ՝ անմեղ տեղը, եթե չլիներ արցախցի եւ այն էլ՝ պատերազմի մասնակից: Դրանով են բացատրվում նաեւ նրա փաստաբան՝ կրկին արցախցի, Ռոման Երիցյանի նկատմամբ նիկոլական իրավապահների անօրինական գործողությունները:
Այդ ամենի նպատակը, բնականաբար, արցախցիներին հեռու պահելն է հայաստանյան հանրային կյանքից կամ էլ նրանց համար այնպիսի պայմաններ ստեղծելը, որ հեռանան Հայաստանից, ինչպես դա արդեն արել է մեկ-երկու տասնյակ հազար մարդ: Ենթադրում եմ, որ դրա նպատակն էլ արցախցիներին ընդհանրապես Հայաստանից դուրս մղելն է, ինչը կլուծի երկու հարց: Առաջինը ֆինանսականն է՝ չկան արցախցիներ, կարիք չկա պետբյուջեից գումար վատնելու (իրենց կարծիքով) հումանիտար հարցերի վրա: Հատկապես որ աստիճանաբար պակասում է պատժամիջոցների տակ ընկած (արտերկրից դեպի Ռուսաստան եւ այնտեղից դուրս) ապրանքների վերաարտահանման ծավալը, ինչը, բնականաբար, բերելու է բյուջետային մուտքերի կրճատմանը: Իսկ երկրորդ հարցը երիտասարդ ու ակտիվ արցախյան տարրի դուրսմղումն է հանրապետությունից, ինչն իշխանության անվտանգության խնդիր է լուծում: Այս օրերին Թուրքիայում կատարվողը՝ Նիկոլին որպես օրինակ:
ՀԳ. Ասվածի համատեքստում խիստ տրամաբանական է ՆԳ նախարար Սարգսյան Արփինեի վարքագիծը: Չեզոք դիտորդի տեսակետից՝ նույնիսկ խիստ օբյեկտիվ ու օրինական: Չէ՞ որ որեւէ գնահատական հնչեցնելուց առաջ պետք է կատարվի իրադրության հետազոտություն: Սակայն մենք ապրում ենք Հայաստանում ու գիտենք, թե ով կարող է լինել բռնարարք կատարողն ու ով՝ զոհը: Տվյալ դեպքի առումով մենք դա գիտենք նույնիսկ ապրիորի: Այնպես որ, ամեն ինչ «բնական է ու նորմալ»: Իրականում անբնական ու աննորմալ այդ երեւույթը կվերագնահատվի միայն իշխանափոխությունից հետո: Եվ միայն այն դեպքում, երբ երկրում հաստատվի իսկապես նորմալ իշխանություն:
Կարծիքներ