2008 թվականի հունիսի 13-ին արդարացրել է Վահագն Հովակիմյանի հորը
Երկու օր առաջ «Ժողովուրդ» օրաթերթում լուր էր տպագրվել, որ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական հանձնաժողովում երկու վարույթ է հարուցվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Ափինյանի եւ Արայիկ Մելքումյանի նկատմամբ։ Չնայած լրագրողը չէր կարողացել ճշտել, թե ինչն է կարգապահական վարույթի պատճառ դարձել, բայց նշվել էր, որ գուցե դա կապված է Մարտի 1-ի գործով դատավարությունների հետ՝ «երկու դատավորներն էլ ժամանակին ակտիվ դերակատարություն են ունեցել մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների նկատմամբ շինծու քրեական գործերով անարդարացի դատավճիռներ արձակելու հարցում»:
Մենք կապվեցինք դատավոր Ռուբեն Ափինյանի հետ, ով ասաց․ «Թե ինչ հիմքով է կարգապահական վարույթ հարուցվել, չեմ կարող ասել՝ գաղտնիությունից ելնելով։ Բայց այն, որ դա կապված է Մարտի 1-ի գործերի հետ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ճիշտ հակառակը՝ ես Մարտի 1-ի գործերով արդարացման դատավճիռներ եմ կայացրել»։
Եւ իսկապես, «Հրապարակի» 2008 թվականի հունիսի 14-ի համարում, թերթի հենց առաջին էջում մենք լուսանկար եւ լուր ենք հրապարակել․ «Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը երեկ արդարացրել է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ 100 եւ ավելի օր կալանքի տակ գտնվող Ավետիք Ներսիսյանին եւ Միսակ Հովակիմյանին»։
Ի դեպ, Միսակ Հովակիմյանը ՔՊ վարչության անդամ, արդեն ԱԺ պատգամավոր, «Հայկական ժամանակի» նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի հայրն է։
Կարծիքներ