Խնդիրն այն չէր, որ տեսնեին «Հայաստանի կորսված գարունը», խնդիրն այն էր՝ Հանրայինը քայլ կանի՞. արեց

Խնդիրն այն չէր, որ տեսնեին «Հայաստանի կորսված գարունը», խնդիրն այն էր՝ Հանրայինը քայլ կանի՞. արեց
Տիգրան Պասկևիչյան

«Հրապարակ»-ի հարցազրույցը «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանի հետ

- Տիգրան, ֆիլմը նկարելուց 8 տարի անց երեկ միայն Հանրայինով ցուցադրվեց «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը։ Համարո՞ւմ եք, որ ցուցադրվեց, որովհետեւ Հայաստանում իշխանություն է փոխվել։

- Բնականաբար, բնականաբար, այլ պարագայում չէր կարող ցուցադրվել։ Իշխանությունը վաղուց էր փոխվել, եւ բավական ուշ ցուցադրվեց։ Այստեղ նաեւ դեր կատարեց էն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատը կամ իր գրասենյակը պատվիրեց մեր ֆիլմին «կոնտր-ֆիլմ», որն ուղղակի խթան եղավ, որպեսզի «Հայաստանի կորսված գարունը» հայտնվի Հանրայինի եթերում։

- Ի՞նչ արձագանք եղավ, ու ի՞նչ գնահատականներ եք լսել ֆիլմի ցուցադրությունից հետո։

- Ֆիլմը 8 տարի գոյություն ունի, հարյուր հազարավոր մարդիկ դիտել են այն  «Յութուբում», այլ ցանցերով, տարբեր տեղերում ցուցադրություններ են եղել, այդ թվում՝ սփյուռքում։ Դիտման արգելք չկար։ Խնդիրն է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կամք ունի՞ այդ ֆիլմը ցուցադրելու։ Եվ երեկվանից, դատելով ինձ հասած արձագանքներից, մարդիկ հիմնականում գնահատում էին հենց Հանրայինի այդ քայլը։ Հարցնում եք՝ հետաքրքիր ի՞նչ արձագանքներ կան։ Շատերը գրում են, որ ֆիլմը Հանրայինով դիտելիս բոլորովին այլ կերպ է ընկալվում։ Ու այս մասին գրողների մեծ մասն էն մարդիկ են, ովքեր մի քանի անգամ նայել են ֆիլմը։ Սա հասկանալի է. բարեբախտաբար կամ դժբախտաբար, դեռեւս հեռուստատեսությունն է համարվում հանրայնացման գլխավոր գործիք։ Այսինքն՝ հասարակությունը տեղեկատվության ամենագլխավոր աղբյուր համարում է հեռուստատեսությունը։

- Այնուամենայնիվ, արբանյակային հեռարձակմամբ ֆիլմը չի ցուցադրվել, եւ արտերկրում հնարավորություն չեն ունեցել ֆիլմը նայելու։

- Տեղյակ եմ, բայց Հանրային հեռուստաընկերության տեղական եւ արբանյակային հաղորդումները սովորաբար տարբեր են լինում։ Ես դրանում միտում չեմ տեսնում։

- Տպավորություն է, որ եթե «կոնտր-ֆիլմի» հիմնական նպատակը ցույց տալն էր, թե ինչքան մեղավոր չէր Ռոբերտ Քոչարյանը, ապա Ձեր ֆիլմը, միգուցե տպավորությունս սխալ է, կարծես կառուցված լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա։ Նման հիմնական առանցք կա՞ր։ 

- Թույլ տվեք չհամաձայնել։ Ֆիլմը կառուցված էր ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ, այլ՝ 2008-ի նախագահական ընտրությունների, որի գլխավոր գործող անձն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։  

- Համարում եք, որ ֆիլմը ներկայացրեց Մարտի 1-ի մասին ո՞ղջ ճշմարտությունը։ Ինչքանո՞վ է ֆիլմը մինչեւ վերջ ճշմարտություն Մարտի 1-ի մասին։

- Ֆիլմը ստեղծվել է 2009-11 թվականներին։ Մեր ձեռքի տակ եղել են փաստահավաք խմբի 4 զեկույցները եւ ԶԼՄ-ների՝ 2008-ի ընտրություններին հաջորդած շրջանի հրապարակումները։ Բավարարվել ենք փաստական այս բազայով։ Հետո Սերժ Սարգսյանի հրամանով փաստահավաքը լուծարվել է, եւ մինչեւ 2018, կարծում եմ, այս գործով որեւէ նորություն «չի արտադրվել», չեն եղել նոր բացահայտումներ։ Եվ հիմա ասել, թե ֆիլմի փաստերը հնացած են կամ հավաստի չեն, սխալ կլինի։ Ինչի՞ համեմատ են հնացած կամ ի՞նչ հանգամանքների բերումով կարող էին կորցնել հավաստիությունը։ Հիմա ՀՔԾ-ն նոր բացահայտումներ կանի, եւ, վստահ եմ, փաստական այդ հիմքով նոր ֆիլմեր էլ կստեղծվեն։    

- Բնական է, որ ֆիլմում չէիք կարող շարժվել միմիայն նախաքննությամբ, խոսքս ավելի լայն բանի մասին է․ կան ականատեսներ, բայց կա նաեւ 25 տարեկանների սերունդ, որը չգիտի, գրեթե չգիտի Մարտի 1-ի մասին կամ աղոտ է հիշում այդ դեպքերը։

- Փորձել ենք հնարավորինս լայն վերցնել ողջ սպեկտրը, անդրադառնալ բոլոր խնդիրներին՝ դեպքերի հետ կապված։ Եթե ֆիլմը նայել եք, տեսել եք՝ առանձին մասեր կան․ կապիտանի, ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները, «Չերյոմուխայի» օգտագործումը։ Այսինքն՝ վերցրել ենք փաստեր, դրանք համադրել ենք եւ ըստ համադրությունների՝ արել ենք որոշակի եզրահանգումներ։ 

- Սեդա Սաֆարյանը` նախկին փաստահավաք խմբից` վերջերս հայտարարեց, որ խումբը ցրվելու ժամանակ իրենք որոշ իրեղեն ապացույցներ, հրավիրված անձանց տեսաձայնագրությունները հանձնել են քննչականին, ու դրանից հետո դրանց տեղը ոչ ոք չգիտի։ Ենթադրում եմ, որ ֆիլմի նկարահանման ժամանակ Ձեզ նյութեր, իրեղեն ապացույցներ են տրամադրել։ Այսինքն, կարելի՞ է ասել, որ ապացուցողական շատ բաներ պահպանել եք։

- Խոսում եք երկու բանի մասին՝ տեսանյութեր եւ իրեղեն ապացույցներ։ Երկրորդի հետ մենք առնչություն չենք ունեցել։ Որ իրեղեն ապացույցներն անհետացել կամ անհետացվել են, ասվում է նաեւ ֆիլմում։ Օրինակ՝ Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնը կամ հագուստը, որոնք կարեւոր ապացույցներ էին եւ կարող էին օգնել քննությանը։ Իսկ տեսագրությունները, այո, ձեր տեսած չափով տեղ են գտել ֆիլմում եւ ակտուալ են այսօր էլ։

- Պահանջել էիք, որ «կոնտր-ֆիլմի» հեղինակները հեռացնեին Ձեր ֆիլմի կադրերը, որոնք օգտագործել էին առանց Ձեզ տեղեկացնելու, ասել էիք, որ հակառակ դեպքում դատարան եք դիմելու, բայց դրանք չեն հանվել։ Ի՞նչ նորություն ունեք այս առնչությամբ։

- Խոսքը նկարահանված կադրերի մասին չէ, այլ մեր օգտագործած կադրերի, որոնք ժամանակին տրամադրել էր «Ա1+» հեռուստաընկերությունը եւ թույլ էր տվել օգտագործել։ Իրենք ուղղակի կտրել են մեր ֆիլմից եւ օգտագործել մոնտաժված ամբողջական կտորներ։ Մենք այս հարցով դիմել ենք «Յութուբ»-ին եւ սպասում ենք պատասխանի։

- Որ հեռացնե՞ն ֆիլմը։

- Նախ՝ որ ճանաչեն հեղինակային իրավունքի խախտման փաստը։ Իսկ 5-րդ ալիքին նամակ գրեցինք՝ պահանջելով հեռացնել։ Իրենց ֆեյսբուքյան էջից, կարծեմ, հանել են։ Այդ նամակը ես տեղադրել եմ ՖԲ-ի իմ էջում։