Արտիստներին վիրավորել է նախարարության «գողեգող» գործելակերպը

Արտիստներին վիրավորել է նախարարության «գողեգող» գործելակերպը

Օրեր առաջ մենք գրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է երկուշաբթի օրը թատրոնի անձնակազմին ներկայացնել թատրոնի տնօրենի նոր ԺՊ-ին՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանին, քանի որ նախորդ տնօրեն եւ գեղղեկավար Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետն օգոստոսի 3-ին լրացել էր, եւ նա այլեւս չէր կարող շարունակել աշխատել՝ նաեւ տարիքի փաստով պայմանավորված։

Պաշտոնական տեղեկատվությունը շատ չուշացավ, երեկ արդեն նախարարությունը հաղորդագրություն եւ լուսանկարներ տարածեց՝ նշելով, որ առաջիկա ամիսներին թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Կարեն Դուրգարյանը։ Հանրայնացված լուսանկարներից երեւում է, որ սակավաթիվ մարդկանց ներկայությամբ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Դուրգարյանին եւ նշել, որ առաջիկայում պետք է ձեւակերպվեն բոլոր խնդիրները, առաջնահերթություններն ու քայլերի հաջորդականությունը․ 

«Անհրաժեշտ է ճիշտ գնահատել մասնագիտական ներուժը եւ խաղացանկային քաղաքականությունը՝ ըստ այդ ներուժի: Պետք է ունենալ այնպիսի նպատակային խաղացանկային քաղաքականություն, որը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ հստակ խնդիր է դրված նորանշանակ պաշտոնակատարի առջեւ՝ մոբիլիզացնել ոչ միայն օպերային թատրոնի ներսում առկա ստեղծագործական, այլեւ թատրոնից դուրս գտնվող ներուժը: Մենք ունենք վաստակաշատ անուններ, որոնց փորձը, գիտելիքն ու իմացությունն անպայման պետք է կիրառելի լինեն օպերային արվեստի առաջխաղացման գործում: Պետք է ընդգծեմ, որ բավականին խիստ են մեր պահանջները պաշտոնակատարի հանդեպ, միեւնույն ժամանակ գործադիր իշխանությունը լիարժեք եւ լիակատար աջակցություն է ցուցաբերելու մաեստրո Դուրգարյանին եւ թատրոնի կոլեկտիվին»,-մասնավորապես նշել է նա։

Ինչ վերաբերում է թատրոնի կոլեկտիվին, ապա Կարեն Դուրգարյանի անձի հանդեպ վերաբերմունքը թատրոնում միանշանակ չէ, քանի որ ինչպիսի արտոնություններ որ տրված են նրա մտերիմներին, նույնչափ ստորադասված ու հետին պլան են մղված նրան ոչ մտերիմ արտիստները։ Ավելին՝ կոլեկտիվի ստեղծագործական կազմը վրդովված է, որ իրենց նոր ղեկավարին ներկայացրել են շատ նեղ շրջանակում, որտեղ թատրոնից ներկա է եղել 5-6 հոգի, հիմնականում աշխատակիցներ հաշվապահությունից, տոմսարկղից, ադմինիստրատիվ մասից, կադրերի բաժնից, եւ ոչ մի արտիստ։ Մինչդեռ օպերային թատրոնի արտիստները ոչ միայն ներկա չեն եղել, այլեւ տեղյակ էլ չեն եղել հրավիրված հավաքից։ Ի դեպ, Դուրգարյանի նշանակման լուրը, ինչպես մեզ վստահեցրին թատրոնից, արտիստների մեծ մասն ընդունել է տխրությամբ, քանի որ մի քանի անգամ թատրոնից հեռացած ու վերադարձած Դուրգարյանին ու նրա աշխատաոճը լավ են ճանաչում, ըստ այդմ՝ մեծ հույսեր չունեն։ 

Արտիստներին վիրավորել է նաեւ նախարարության «գողեգող» գործելակերպը, հատկապես երբ թատրոնից զգուշացրել են, որ ստեղծագործական կազմն արձակուրդում է, գուցե մի քանի օր հետաձգե՞ն, բայց նախարարությունից ասել են՝ ոչինչ։ Ստացվում է՝ ոչ միայն արտիստների կարծիքի հետ հաշվի չեն նստում, այլ նաեւ կարծիքը հարցնող չկա։   

Հետաքրքրական է, որ երեկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, ով «իր պատրաստակամությունն է հայտնել՝ համագործակցելու օպերային արվեստի առաջընթացին վերաբերող պետական նախաձեռնություններին եւ միջոցառումներին»։ Ի դեպ, մենք գրել էինք, որ արտիստների մեծ մասը ցանկանում է օպերայի տնօրենի պաշտոնում տեսնել հենց Բարսեղ Թումանյանին եւ նրա հետ է օպերայի զարգացման հույսեր կապում։ Բայց, չնայած դրան, ԿԳՄՍՆ-ն, փաստորեն, նախընտրել է Կարեն Դուրգարյանին՝ իմանալով հանդերձ, որ բախվելու է թատրոնի արտիստների դիմադրությանը։