Փաշինյանի օջախն ու Միքայելյանի բարոյագիտական իմպերատիվը

Փաշինյանի օջախն ու Միքայելյանի բարոյագիտական իմպերատիվը

Արդեն երկու տարի է, ինչ հայհոյանքը մեր կեցության անբաժանելի մասնիկն է։ Բոլորը բոլորին հայհոյում են։ Ի դեպ ես էլ անմասն չեմ մնացել այդ խրախճանքից, առնվազն մի քանի անգամ կատաղած ամբոխն ինձ էլ է ոտնատակ տվել, իհարկե դեռևս վիրտուալ տարածությունում։ Ենթադրում եմ, որ ալիքն այդ ինչ-որ մի օր ամբողջությամբ տեղափոխվելու է իրական տարածություն։ Իսկապես աստիճանաբար շարժվում ենք դեպի այդ իրականություն, հիմքերը պատրաստ են և տարերային բռնության հեռանկարը, կարծես թե, կանխորոշված է։ 

Հետաքրքիրն այն է, որ երկու տարի շարունակ կառավարող թիմից խնդրում և պահանջում ենք հանդես գալ համերաշխության և լիցքաթափման կոչերով, քանի որ հայհոյողների և բռնության կոչերով հանդես եկողների ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են։ Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ մենք ենք սկսել ատելության այդ շքերթը։ Մենք ասելով նկատի ունեմ բոլոր հեղափոխականներին և այդ թվում նաև ինձ։ Սրանից չի հետևում, թե իրական հեղափոխականներն են հայհոյել կամ էլ հայհոյում, պարզապես  մենք  2018 թ․-ին այդպես էլ ոչինչ չարեցինք հանրային լարվածությունը զսպելու ուղղությամբ։ Այդ ժամանակ ինձ թվում էր, թե գործ ունենք օրինաչափ հեղափոխական փոթորկի հետ, որը վաղ թե ուշ կհանդարտվի։ Ավելի շուտ, հույս ունեի, որ հեղափոխության առաջնորդն իր վճռական խոսքով կչեզոքացնի բացասական լիցքերի կուտակումը։ Ինչպես տեսնում եք, սխալվել եմ և այդ սխալը  առաջին հերթին հենց ինձ հարվածեց, քանի որ շատ չանցած հայհոյանքի և ատելության փոթորիկը մարդկայնորեն ոչնչացրեց նաև ինձ։ Միայն վերջերս եմ հասկացել, որ ինձ և իմ շատ գործընկերներին հոշոտում էին ոչ այնքան կոնկրետ դրվագների պատճառով, այլ դա բնական պատասխանն էր այն ամենի, ինչը մենք արել էինք կամ էլ չէինք արել։ 

Ինչևիցե շատ չխորանանք մանրամասների մեջ, միայն արձանագրենք, որ ո՛չ վարչապետ Փաշինյանը և ո՛չ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները երբևէ որևէ քայլ չեն ձեռնարկել այս փոխադարձ ցասումն ու թշնամությունը մեղմելու ուղղությամբ։ Ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ և ամենայն հեգնանքով աչք է փակել արատավոր այս իրականության վրա՝ հոգու խորքում ունենալով այն համոզմունքը, որ ամեն ինչ արդար է։ Արդար է, երբ Արփինե Հովհաննիսյանին և Անի Սամսոնյանին հրապարակավ հայհոյում են, սեքսիստական պիտակումներ կպցնում, արդար է, երբ քաղաքական հակառակորդներին և լրագրողներին սեռական բնույթի հայհոնաքներ են տալիս։ Ավելի շուտ՝ ամեն ինչ շատ արդար էր մինչև այն ժամանակ, երբ հերթը չհասավ Ալեն Սիմոնյանի և Սասուն Միքայելյանի մայրիկներին, արդար չի, երբ իմքայլական կին պատգամավորներին բռնաբարելու կոչեր են անում և այսպես շարունակ։ Ալեն Սիմոնյանի և Սասուն Միքայելյանի մայրիկները սրբություն են, իսկ Արփինե Հովհաննիսյանի և մյուս քաղաքական գործիչների ծնողները՝ ոչ։ Իմքայլական կին պատգամավորների կանացի արժանապատվությունը խիստ էական է, իսկ Անի Սամսոնյանը նույնիսկ դա էլ չունի։ 

Վստահ եմ, որ արատավոր այս իրավիճակը չի հանդարտվելու, ավելին՝ շարունակվելու է նոր թափով, մեղմ ասած բոլոր հանրային գործիչների մայրիկները լուրջ վտանգի տակ են։ Խնդիրը հետևյալն է․ վարչապետն այն համոզմունքն ունի, թե իր քաղաքական թիմին և համախոհներին ամեն ինչ կարելի է, իսկ հակառակորդները ձայնազուրկ գառնուկների հավաքածու են։ Ամիսներ առաջ գրված հոդվածներից մեկում նշել էի, որ Փաշինյանի գաղափարախոսությունն արդեն իսկ կրոնի կարգավիճակ ունի։ Իսկ կրոնը բացառում է ամեն տեսակի այլախոհության հնավարությունը, ինչից հետևում է, որ «Նիկոլականությանը» հակադրվող յուրաքանչյուր մեկը դիտարկվում է որպես հերձվածող (աղանդավոր)՝ պաշտոնական դավանանքից շեղված։ Սրանից հետևում է, որ փաշինյանականները կարող են հայհոյել, քանի որ իրենք սրբազան կրոնի առաջամարտիկներն են և գործում են վերերկրային առաջնորդի անունով, ինչը ոչ միայն արդար է, այլ նաև՝ արժանապատիվ աշխատանք կրոնի տարածման ճանապարհին։ Իսկ անհավատները՝ քաղաքական հակառակորդները պարտավոր են զսպված լինել, գլխահարկ վճարել և ապրել այնպես, որ նրանց համոզմունքները նկատելի չլինեն։ Ինչպես օրինակ քրիստոնյաներն են ապրում իսլամական հասարակություններում։

Ահա սա է Նիկոլ Փաշինյանի երազած իրականությունը և ասվածի լավագույն ապացույցը ԱԺ-ում նրա ամոթալի ելույթն էր։ Իսկապես դա ամոթալի դրսևորում էր, որը գլխովին ջախձախեց բոլոր այն արժեքները, որոնց հիմքի վրա գոնե ձևականորեն շարունակում էր գոյություն ունենալ հեղափոխության գաղափարը։ Փաստացի վարչապետը արդարացրեց և լեգիտիմացրեց բռնությունը՝ հող նախապատրաստելով հետագայում դրա տարերային զարգացման համար։ Արհեստականորեն ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության պատասխանատվությունը բարդվեց բռնության զոհի վրա։ 

Ի․ Կանտի բարոյագիտության (Կատոգորիկ իմպերատիվ) կենտրոնական գաղափարը վերաբերում է արարքի սոցիալական պատասխանատվությանը։ Կարմիր թելով անցնում է հետևյալ միտքը․ Գործիր այնպես, որ քո արարքի շարժառիթը կարողանա ունենալ ուժը համընդհանուր օրենքի։ Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ արդյոք վարչապետը ելույթ ունենալիս հաշվի առե՞լ էր իր հնչեցրած մտքերի սոցիալական պատասխանատվության հարցը։ Մի՞թե նա չի հասկանում, որ վարչապետի մակարդակով բռնության լեգիտիմացումը հանգեցնելու է նորանոր բռնությունների և դրա պատասխանատվությունն արդեն իսկ կառավարող թիմի ուսերին է։ 

Իրականում մենք չափազանց արտառոց իրականությունում ենք ապրում։ Մեր աչքի առջև իրավական պետության գաղափարը աստիճանաբար ոչնչանում և անկում է ապրում։ Գործընթացը ոչ պաշտոնապես սկսել էր վեց ամիս առաջ, իսկ պաշտոնական մեկնարկը տրվեց վարչապետի հայտնի ելույթով և շարունակվեց Սասուն Միքայելյանի այսօրվա սպառնալիքներով։ 

Միքայելյանի ելույթը դեռ երկար է հիշվելու, ավելին՝ դա պատմական իրադարձություն է, որը խորհրդանիշն է իրավական պետության քայքայման և վերելքի օջախապետության։ Հանրապետությունն աստիճանաբար փոխարինվում է Նիկոլ Փաշինյանի օջախով և Սասուն Միքայելյանի բարոյագիտական իմպերատիվներով։ Եվ օջախն ու բարոյագիտական իմպերատիվները ավելի բարձր են, քան օրենքն ու պետությունը, չէ՞ որ պատգամավոր Սասուն Միքայելյանը հենց այսօր ԱԺ ամբիոնից սպառնաց արյան վրեժով։ Իսկ արյան վրեժը հին արաբական ադաթ է, որի դեմ նույնիսկ Իսլամական զորեղ իրավունքը՝ Շարիաթը ժամանակին անզոր է գտնվել։ Այս նույն տրամաբանությամբ ՀՀ Սահմանադրությունն անզոր է իմքայլական պատգամավորի ադաթի հետ համեմատած։ 

Ընկերներ, հեղափոխությունն այլևս ջախջախված է, քանի որ մենք ապրում ենք Փաշինյանի օջախում, որտեղ օրենքները փոխարինված են Սասուն Միքայելյանի ադաթներով։ Իսկ մենք՝ նաիվ ապուշներս ժամանակին խոսում էինք Հոբսի և Ռուսոյի հանրային դաշինքի գաղափարի մասին։ Ի՞նչ հանրային դաշինք, Սասուն Միքայելյանի պես պատգամավոր ունենալու պարագայում մեզ միջնադարն էլ է շատ։